Խարբերդի դաշտ
Խարբերդի դաշտ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Մեծ Հայքի չորրորդ Հայք աշխարհի Հանձիթ գավառում[1], Արածանիի ստորին հոսանքի շրջանում։ 900-1000 մ բարձրության բարդ աստիճանաձև իջվանք է Հայկական Տավրոսի լեռնային համակարգում։ Հիմքի այլուվիալ դարավանդային մասը ելուստներով բաժանվում է 2 մասի՝ Էլյազըղի և Մոլլաքենդի։ Վերջինս հայտնի է նաև «Ալելուա» անվամբ։ Ըստ Նիկողայոս Ադոնցի Ալելուան նույնն է օտար հեղինակների հիշատակած Գեղեցիկ դաշտի հետ, որ Պոլիբիոս իվկայությամբ գտնվում էր Տիգրիսի ու Եփրատի միջև, Արշամշատ քաղաքի մոտակայքում։ Ալելուա անունը Ադնոցը համեմատում է Հուլա գետի և վանքի անվան հետ, ինչպես է կապ է տեսնում Պտղոմեոսի հիշատակած Էլեգրտա քաղաքի անվան հետ։ Դաշտը նույնացվում է նաև հետագայի Խարբերդի դաշտի հետ, իսկ բերրիության համար դեռ վաղնջական ժամանակներից հայտնի էր Ոսկեղեն դաշտ անվամբ, որը թուրքերի շրջանում Ուլուօվա անունն է կրում և որի «Ուլու» համարվում է հին Ալելուա անվան վերաիմաստավորումը։ 1070 թվականին Ալելուա դաշտում Սասունի իշխան Թոռնիկ Մամիկոնյանը մեծ ճակատամարտում հաղթել է Հանձիթի կառավարիչ Փիլարտոսին[2]: Ապա դաշտի անվանումը կրկին փոխել է՝ կոչելով այդտեղ գտնվող Մոլլաքենդի գյուղի անունով` Մոլլաքենդի դաշտ[3]:
Արևելքում Արածանու հովտով միանում է Բալուի դաշտին, արևմուտքում՝ Եփրատի կիրճով Մալաթիայի դաշտին։ Օգտակար հանածոներից կան քրոմի, պղնձի, բազմամետաղների, մարմարի հանքավայրեր։ Կլիման ցամաքային է՝ ջերմաստիճանի օրական և սեզոնային խիստ տատանումներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 0-ից -5 °C է՝ հուլիսինը՝ 24-26 °C, տարեկան տեղումները՝ 400-600 մմ։ Տարածված են շագանակագույն տափաստանային և լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով։ Ոռոգվող հողերում մշակում են բրինձ, բամբակ, խաղող և պտուղներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հանդէս Ամսորեայ N5 1906
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ էջ 105 — 992 էջ։
- ↑ Մենք ենք, մեր տեղանունները Western Armenia, 05 Փետրվարի, 2024
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 39)։ |