Ազատ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ Հովհաննիսյան
Ծնվել է1917
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Ազատ Միրաքի Հովհաննիսյան (1917, Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Հովհաննիսյանը ծնվել է 1917 թվականին, Նոր Բայազետում։ Ծնողները գաղթել են Վանից։ 1936 թվականին Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը և նշանակվել Շահումյանի շրջանի Անաստասավան գյուղի 7-ամյա դպրոցի տնօրեն[1]։

1941 թվականի սկզբին զորակոչվել է կարմիր բանակ։ 1942 թվականին մասնակցել է Կերչ թերակղզու պաշտպանության ծանր կռիվներին։ Նահանջի ժամանակ գերի է ընկել, կարողացել է փախչել ճամբարից, բայց ֆաշիստները ձերբակալել են նրան, խոշտանգումների ենթարկել։ 1943 թվականի մայիսին Հովհաննիսյանին հաջողվել է փախչել գերությունից և աշխատել Ղրիմի բնակչության շրջանում։ 1944 թվականին խորհրդային բանակն ազատագրել է Ղրիմը։ Հովհաննիսյանը շարունակել է իր մարտական ծառայությունը 2-րդ գվարդիական բանակում, թշնամու դեմ մարտնչել է Բելոռուսիայում, Արևելյան Պրուսիայում։ Հրանոթով ֆաշիստական «Ֆերդինանդը» ոչնչացնելու և տանկերի գրոհը կասեցնելու համար Հովհաննիսյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ «Լեզու» բերելու համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ 1945 թվականի մայիսին մասնակցել է Վրոցլավի ազատագրման թեժ կռիվներին, պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով[1]։

Պատերազմից հետո Հովհաննիսյանն աշխատել է լուսավորության նախարարության ապարատում՝ որպես տեսուչ, մանկական աշխատողների դասընթացների վարիչ, իսկ հետո՝ ուսուցչական աշխատանք է կատարել Սովետաշենում, Երևանում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]