Արամ Խաչատրյանի դիմանկար (Սարյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Խաչատրյանի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1963
բարձրություն49 սանտիմետր
լայնություն43,5 սանտիմետր
ստեղծման վայրԴիլիջան
ժանրդիմապատկեր
նյություղաներկ
գտնվում էԱրամ Խաչատրյանի տուն-թանգարան
հավաքածուԱրամ Խաչատրյանի տուն-թանգարան
Ծանոթագրություններ

«Արամ Խաչատրյանի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1963 թվականին ստեղծած կտավն է (կտավ, յուղաներկ, 49 х 43.5 սմ), որը ցուցադրվում է Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում։ Սարյանի հեղինակած Արամ Խաչատրյանի թվով երրորդ դիմանկարն է։

Նկարագրություն

Դիմանկարը (կտավ, յուղաներկ, 49 х 43.5 սմ) Մարտիրոս Սարյանը ստեղծել է 1963 թվականին Դիլիջանի ստեղծագործական տանը: Սա Սարյանի հեղինակած Արամ Խաչատրյանի թվով երկրորդ դիմանկարն է։ Կոմպոզիտորը իր ծննդյան 60–ամյակին նվիրված հոբելյանական համերգներով գտնվում էր Երևանում։ Դիմանկարում արդեն հասուն, ճանաչված և աշխարհահռչակ կոմպոզիտորն է։

Կտավի բնօրինակը Մարտիրոս Սարյանի ընտանիքը ի պահ է հանձնել Արամ Խաչատրյանի տուն–թանգարանին։ Դիմանկարը իր արժանի տեղն է գտել Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի մշտական ցուցադրությունում։ Այն ներկայացված է Կոմպոզիտորի տանը՝ թանգարանի հուշային հատվածում։

Պատմություն

Արամ Խաչատրյանը Մարտիրոս Սարյանի հետ՝ նրա արվեստանոցում,
1963 թվական, Երևան

Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի առաջին, խորհրդանշական հանդիպումը տեղի է ունեցել 1921 թվականին, Բալաջարի կիսակայարանում, երբ արդեն ճանաչված նկարիչն իր ընտանիքով գալիս էր Հայաստան ապրելու և ստեղծագործելու, իսկ 19-ամյա Արամ Խաչատրյանը Մոսկվա էր մեկնում նոր կյանքի որոնումներով։ Հետագայում, իր ողջ կյանքի ընթացքում, առաջին հանդիպումից սկսած, Արամ Խաչատրյանը որդիական առանձնակի հիացումով, հարգանքով և խոնարհումով էր վերաբերվում Մարտիրոս Սարյանին։

«Իմ այցելությունները Հայաստան՝ տուրիստական ուղևորություններ չեն, դրանք ունեն լուրջ ստեղծագործական նպատակներ», - իր հոդվածներից մեկում գրել է Արամ Խաչատրյանը:

Այդ նպատակների շարքում էր նաև, անպայման, այցելություն Մարտիրոս Սարյանի տուն:

«Հասկանում եք, ես կարծես տաճար եմ մտնում» -, ամեն անգամ ոտքը տան շեմին դնելիս կրկնում էր կոմպոզիտորը:

Մարտիրոս Սարյանը հոգևոր հոր նման հետևում էր կոմպոզիտորի ստեղծագործական ուղուն: Խաչատրյանի արվեստի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը արտացոլված է Վարպետի երեք դիմանկարներում․ 1944 թվականին՝ առաջին երկու դիմանկարը, 1963 թվականին՝ երրորդ դիմանկարը:

Մարտիրոս Սարյանի դիմանկարային գեղանկարչության մեջ, բացի ընտանիքի անդամներից, հազվադեպ է նույն բնորդի մեկից ավել պատկերումը:

Զրուցում են Արամ Խաչատրյանն ու Մարտիրոս Սարյանը,
1944 թվական, Երևան
Արամ Խաչատրյանի դիմանկարը (Սարյան), 1944 թվական,
Կտավ, յուղաներկ, 100 х 81 սմ,
(Արևելքի ժողովուրդների պետական թանգարան, Մոսկվա)

Սարյանը ստեղծագործելիս ամենից առաջ փորձել է հնարավորին չափ խոր թափանցել պատկերվողի էության մեջ: (…) «Ես միշտ աշխատում եմ դիմանկարում հաղորդել իմ հերոսի ներքին կյանքը, դիմանկարը ստեղծել այնպես, որ այն հագենա շարժմամբ։ (․․․) Որոշակի մարդու բնավորության էությունը գտնելը, զգալն ու հստակորեն արտահայտելը թերևս ամենադժվարն է մեր գործում»,– նշում էր Մարտիրոս Սարյանը[1]։

«Նկարիչը մարդուն տեսնում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Վարպետությունն էլ հենց այն է, որ կարողանաս իմանալ, որոշել, թե այդ դեմքն ինչ է արտահայտում և ինչ թաքցնում: Դժվարը սա է: Իսկ ֆիզիկապես նման նկարելը հեշտ է, նույնիսկ շատ հեշտ: (…) Այնինչ դիմանկարում ամենակարևորը ներքին նմանությունն է», – ընդգծում է Վարպետը[2]։

Հոգու և գույների նկարիչը վարպետորեն պատկերել է Արամ Խաչատրյանի բուռն խառնվածքը՝ կոմպոզիտորի ներքին նմանության, ներդաշնակության, հայկականության, երաժշտականության բոլոր երանգներով։

1944 թվականին Մարտիրոս Սարյանի կողմից ստեղծվել են Արամ Խաչատրյանի երկու դիմանկարները։ Առաջին դիմանկարը (թուղթ, մատիտ, 43,4 х 34 սմ) գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, իսկ երկրորդ դիմանկարը (կտավ, յուղաներկ, 100 х 81 սմ)՝ Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա):

Դիմանկարի բովանդակությունը ամբողջացնում է նկարի ֆոնը՝ գորգի (կարպետի) հայկական գույների հագեցվածությամբ: «Սա ջութակի և դաշնամուրի կոնցերտների, «Գայանե» բալետի, առաջին, և մանավանդ Երկրորդ սիմֆոնիաների հեղինակն է»,– նշում է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մարտիրոս Սարյանի որդու՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի կինը՝ երաժշտագետ Արաքսի Սարյանը:

Ա.Խաչատրյանը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մ.Սարյանի արվեստանոցում՝ իր դիմանկարի մոտ, 1944 թվական, Երևան

1963 թվականին ստեղծված դիմանկարում հասուն, ստեղծագործական լուրջ ձեռքբերումներ ունեցող, հռչակ և սեր վայելող կոմպոզիտորն է հայական վառ արտահայտված դիմագծերով, որոնք ավելի են ընդգծվում Սարյանական ներկապնակի գույներով։

Արամ Խաչատրյանի արվեստի նկատմամբ ունեցած Մարտիրոս Սարյանի վերաբերմունքը իր վառ արտացոլումն է գտել իր դիմանկարներում:

Մարտիրոս Սարյան–Արամ Խաչատրյան

Երբ գույների Վարպետի ներկայությամբ Արամ Խաչատրյանի անունը տալիս էին հանճար որակումով, նա, գրեթե բոլոր դեպքերում ու շատ կտրուկ միջամտում էր. «Կրկնակի՜ հանճարեղ․․․ Սովորել և ստեղծագործել սոցռեալիզմի բուն կենտրոնում, ճեղքել արյունարբու պետական հարկադրանքով պարտադրվող այդ ահռելի պատնեշը և հասնել այդպիսի՜ արդյունքի` անպայման կրկնակի հանճարեղ պետք է լինել»[3]։

Գրիգից և Սիբելիուսից հետո ես չգիտեմ մի այլ կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը այդքա՜ն ազգային և, դրա հետ մեկտեղ, այդքա՛ն համամարդկային լինի, որքան Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն է, - մի բան, որը, իմ կարծիքով, մեծ արվեստի հատկանիշ և նրա հավերժության գրավականն է: Վիթխարի երևակայությամբ օժտված, բնատուր և կրկնակի հանճար է Խաչատրյանը, որ այդքան «հեշտությամբ» ու նորարարի այդքա՛ն մեծ խիզախությամբ ներդաշնակեց Արևելքի և Եվրոպայի գեղարվեստական ավանդներն ու մտածելակերպը: Ինչի՞ նման կլիներ մեր ազգային մշակույթի XX դարն առանց Արամ Խաչատրյանի արվեստի ..․ Ներքին կրակով այրվող, գունագեղ ու վառվռուն, քնարական ու էպիկական, էմոցիոնալ ու ինտելոկտուալ է նրա երաժշտությունը: Խորապես արդիական, բառի լայն իմաստով գեղեցիկ, հումանիստական վեհ իդեալներով ներծծված այդ երաժշտությունը հայ ժողովրդի ոգու լուսավոր արտահայտություններից է ու պատկանում է հանուր մարդկությանը, ապրելու է գալիք բոլո՛ր ժամանակներում[4]։
- Մարտիրոս Սարյան
Արամ Խաչատրյանի երաժշտությանը սիրով ու հետաքրքրությամբ սկսեցի հետևել դեռևս 30-ական թվականներից: Երբ արվեստագետը ուրիշի արվեստում տեսնում ու շոշափում է մոտ, ընդհանուր հատկանիշներ, տեսակետներ, մտերմություն է ձեռք բերում նրա հետ: Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ: Լսում ես ու զգում, որ գործ ունես արվեստագետի հետ, որի հավատամքը հաստատվել է իր ժողովրդի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքից: Արժեքը միայն նրանում չէ, որ կոմպոզիտորն իր ներկապնակը սնուցանել է ժողովրդական երաժշտության գանձարանից: Արվեստի, մանավանդ երաժշտության պատմության մեջ նման երևույթը տարածված է: Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է: Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են: Իսկական արվեստն ունի մի շատ կարևոր պահանջմունք ևս: Դա սեփականի, անհատականի հաստատումն է: Եվ եթե անհատականն այնքան ինքնատիպ է, որ զարգացման ընթացքի համար դառնում է նորույթ, ապա ինչ խոսք, արվեստագետի ներդրումը մեծ է: Խաչատրյանի արվեստը նոր ներդրում էր ազգային մշակույթի համար: Այդ ներդրումը բացեց նոր ուղիներ, արվեստի խորհրդավոր, հրապուրիչ ուղիներ: Մայր ուղիով ընթացող մնաց ինքը՝ Խաչատրյանը: Ու մինչ այսօր քայլում է նա իր հաստատուն քայլերով, հաղորդակից դարձնելով հայրենի երաժշտությունը համաշխարհային ընթացքին։
- Մարտիրոս Սարյան, 1970 թվական

Այս խոսքերը գրվել են 1970 թվականին, իննսունամյա նկարչի կողմից[5]։

Մարտիրոս Սարյանի մահվան մասին ցավակցական առաջին հեռագրերից մեկը Արամ Խաչատրյանի ընտանիքինն էր: Հաջորդ օրվա երկրորդ կեսին Արամ Իլյիչն իր ընտանիքի լրիվ կազմով Երևանում էր՝ անձամբ մասնակցելու նկարչի հրաժեշտին: Ժողովուրդը մեծ արժանապատվությամբ վերջին ճանապարհն էր ուղեկցում Վարպետին, ձեռքերի վրա, օպերայից մինչև պանթեոն:

Ահա այդ օրը, հայ արվեստի մշակույթի գործիչների պանթեոնում,1972 թվականի մայիսի 11-ին Արամ Իլյիչը դիմում է կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին․ «Էդվարդ, կարելի է, որ կողքը տեղ թողնեք ինձ համար...»[5]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Радость познания - «Литературная газета», 11 сентябра, 1965, № 108․
  2. Ռուբեն Զարյան, Մարտիրոս Սարյան կամ դիմանկարի պատմություն: - «Հուշապատում», գիրք 2-րդ, Երևան, «Սովետական գրող», 1977, Էջ 113-114:
  3. Վիլհելմ Մաթևոսյան, «Զրույցներ Սարյանի հետ»,– Սարգիս Խաչենց, 2002։
  4. Վիլհելմ Մաթևոսյան, Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները:- ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1980, էջ 227-228:
  5. 5,0 5,1 Արաքսի Սարյան, «Մարտիրոս Սարյան - Արամ Խաչատրյան», գիտական հոդված․ հրապարակվել է 2014 թվականին Արամ Խաչատրյանի 110–ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ժողովածուում։ «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» / Ն.Ավետիսյան՝ կազմող, խմբագիր.-Եր.: Ամրոց գրուպ, 2014.-240 էջ, էջեր 15-20: