Ֆրանգիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանգիստան (պարս.՝ فرنگستان), տերմին, որը միջնադարում կիրառվել է մուսուլմանների կողմից, հատկապես պարսիկների, բնորոշելու Միջնադարյան կամ Հռոմեական Եվրոպան։

Ֆրանգիստան թարգմանաբար նշանակում է «Ֆրանկների երկիր»։ Առաջացել է «Ֆրանգ» արմատից, որը ֆրանկի պարսկական տարբերակն է և «-իստան» ածանցից, որն արտահայտում է տեղանվան իմաստ։ Առաջացել է պարսկերենից[1]։ Խաչակրաց արշավանքների ժամանակ Միջին Արևելքի մուսուլմանները բոլոր քրիստոնյաներին անվանել են «ֆրանկներ»՝ ի պատիվ Եվրոպայի ամենախոշոր քրիստոնյա պետության՝ Ֆրանկական թագավորության բնակիչների։ Բացի այդ, այս ժամանակաշրջանում միջնադարյան Ֆրանսիան եղել է Արևմտյան Եվրոպայի ամենաազդեցիկ երկիրը։ Արևելյան Եվրոպան էլ գտնվում էր Սրբազան Հռոմեական կայսրության ազդեցության տակ։

Քանի որ ֆրանկները (ֆրանսիացիները) կազմել են Առաջին խաչակրաց արշավանքի զինուժի գերակշիռ մասը, իսկ հին ֆրանսերենը դարձել 12-րդ դարի խաչակրաց պետությունների դոմինանտ լեզուն (հատկապես Անտիոքի դքսությունը), ֆրանգ տերմինով Լևենտում բնորոշվել է Արևմտյան Եվրոպայի ցանկացած բնակիչ (ներառյալ ֆրանկները, սաքսերը, ֆլանդրիացիները և այլն)։ Ֆրանգիստանը հստակ սահմանազատված պատմական տարածք չի եղել և քրիսոտնեական ցանկացած երկիր մուսուլմանների կողմից կարող էր բնորոշվել այս անվամբ։

Նույն կերպ, հույն քրիստոնյաներին անվանում էին «ռումեր», որն առաջացել է Ռում տեղանունից (Հռոմեական կայսրության պարսկական անվանումն, որն ավելի ուշ կիրառվել է Բյուզանդական կայսրության պարագայում)։ Իրենց հերթին էլ, քրիստոնյաները բոլոր մուսուլմաններին անվանում էին սարակինոսներ կամ մավրեր, որոնք առաջացել են Արաբիա և Մավրիտանիա տեղանունների լոկալ կիրառումներից։

Ֆրանգիստան տերմինը կիրառվել է նաև Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում։ Այն հատկապես օգտագործվել է 17-րդ դարից հետո գրված աղբյուրներում[2]։ Մինչդեռ Պարսկաստանում տերմինը կիրառվել է մինչև Ղաջարիների դինաստիայի վերջը։ Տերմինը կիրառվել է հիմնականում տարբեր զեկույցներում և վարչական փաստաթղթերում, որոնք ուղղված էին եվրոպական երկրներին[3]։ Սույն տերմինի այլ տարբերակներ, ինչպես օրինակ, Ֆարանգ (գոյական), Ֆարանգի (ածական) տարբերակներն, առավել շատ կիրառելի են ժամանակակից պարսկերենում և չունեն բացասական երանգ[1]։ Ժամանակակից Հնդկաստանում բոլոր եվրոպացիներին շարունակում են կոչել «ֆիրանգներ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dehkhoda Persian Dictionary
  2. Bernard Lewis, "Some Reflections on the Decline of the Ottoman Empire", Studia Islamica, No. 9. (1958), pp. 111-127.
  3. روزنامه خاطرات ناصرالدين شاه در سفر سوم فرنگستان (Chronicles of Nasser al-Din Shah from His Third Journey to Farangestān (Europe)), edited by Dr. Mohammad Esmā'eel Rezvāni & Fātemeh Ghāzihā, Iranian National Documents Organization Publishing, Tehran, 1378 Solar A.H. (1999).