Տիբուլլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Տիբուլլուսը իր բանաստեղծությունները արտասանելիս (նոր շրջանի պատկեր)

Ալբիուս Տիբուլլուս (լատ.՝ Albius Tibullus, մ.թ.ա. 55 - 19թթ.), հին հռոմեացի բանաստեղծ, էլեգիայի ժանրի վարպետ: Նրա կենսագրության մասին հիմնական տեղեկությունների հիմնական աղբյուրը նրա ստեղծագործություններն են: Սերվել է ունևոր, սակայն ոչ ազնվական ընտանիքից, պատկանել է «հեծյալների» դասին: Եղել է քաղաքականությունից հեռու մարդ, նրա բանաստեղծություններում գրեթե չեն հիշատակվում Հռոմի հասարակական կյանքը, քաղաքական իրադարձությունները: Կարելի է եզրակացնել, որ նա ներքուստ չի ընդունել Օգոստոս կայսեր հաստատած կարգերը: Իր ստեղծագործություններում երզում է հանգիստ, հասարակական խժդժություններից հեռու գյուղական միջավայր, խիստ ատելությամբ խոսում արյունահեղ պատերազմների, կուտակման տենչի և շահամոլության մասին:

Մեզ են հասել Տիբուլլուսի էլեգիաների երկու գրքույկ և դրանց մեջ չմտնող մեկ էլեգիա ու մեկ էպիգրամ: Մի շարք այլ գործեր, որոնք միջնադարյան ձեռագրերում վերագրված են հռոմեացի բանաստեղծին, ներկայումս համարվում են նրա գրչին չպատկանող: Նրա պոեզիայի հիմնական թեման սերն է առ բանաստեղծի երկերում Դելիա և Նեմեսիս կեղծանուններով հիշատակվող երկու կնոջ: Սիբուլլուսի սիրային քնարերգությունը չունի Կատուլլուսի կենդանի անմիջականությունը, բայց դրա փոխարեն այն օժտված է ապրումների առավելագույն նրբությամբ, կառուցվածքային ու լեզվական կատարելությամբ: