Էլեգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեգիա, եղերերգ, (հունարեն՝ έλεγεία-տրտունջ), քնարական ժանրի ստեղծագործություն։ Առաջացել է Հին Հունաստանում, որտեղ այդպես էին անվանվում էլեգիկ բանաստեղծական չափով գրված բանաստեղծությունները։ Էլեգիաների մեջ կանոնավորապես իրար էին հաջորդում հեքսամետրը և պենտամետրը, որոնք միասին կազմում էին էլեգիկ երկտող: Յուրաքանչյուր տունը նախապես կազմված էր 2 տողից։ Եղերերգը գովերգել է մարտակաև խիզախությունը, արծարծել քաղաքական ու բարոյական խնդիրներ,ալեքսանդրյան և հռոմեական պոեզիայում արտահայտել անհատական ապրումներ։ Հետագայում նոր երանգավորումով տարածվել է նոր ժամանակների գրականության մեջ։ Եղերերգը գրում են ժամանակակից հասարակական կյանքից դժգոհ, ներքին ողբերգություն ապրող բանաստեղծները։ Հայ գրականության լավագույն եղերերգերից են Պ․ Դուրյանի «Լճակ», «Իմ մահը», Ա․ Իսահակյանի «Օրս տրտում, սև է անցնում», Վ․ Տերյանի «Աշնան մեղեդի» բանաստեղծությունները։ Երաժշտության մեջ եղերերգ են կոչվում թախծալի, վշտալի, խոհական բնույթի վոկալ և գործիքային պիեսները, օրինակ, Ա․ Պ․ Բորոդինի «Հեռավոր հայրենիքի ափերին» ռոմանսը, Ժ․ Մասնեի «Էլեգիա»-ն՝ ձայնի համար դաշնամուրի և թավջութակի ընկերակցությամբ, Պ․ Ի․ Չայկովսկու «էլեգիա»-ն՝ լարային նվագախմբի համար գրված սերենադից, Ս. Վ․ Ռախմանինովի դաշնամուրային «Էլեգիա»-ն, Ա․ Սպենդիարյանի «Էլեգիական երգ»-ը՝ «Ղրիմի էսքիզներ»-ի առաջին շարքից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png