Վիլյամ Սարոյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Սարոյանի հուշարձան

Վիլյամ Սարոյանի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում
Բարձրություն 3,2 մ
Քանդակագործ(ներ) Դավիթ Երևանցի
Նախագծի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյան
Ճարտարապետ(ներ) Ռուբեն Հասրաթյան, Լևոն Իգիթյան
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ 2008, դեկտեմբերի 13
Ներկա վիճակ կանգուն



Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3,2 մետր է, քաշը` 500 կգ։ Արձանը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտահղացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է։ Գաղափարը ծագել է Բուդապեշտում, որտեղ նա գտնվել է նկարահանումներով։ Քաղաքի հենց կենտրոնում տեսնելով Ուիլյամ Շեքսպիրի արձանը՝ նա հիշել է, որ Երևանում Սարոյանի արձան չկա։ Վերադառնալով Հայաստան՝ նա նախաձեռնել է այդ գաղափարը կյանքի կոչելու աշխատանքները։ Այն պահանջում էր ֆինանսական միջոցներ, և առաջացան մեծ խնդիրներ։ Բայց քանի որ երկու տարի հետո Սարոյանի 100-ամյակն էր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիան նախաձեռնեց այդ ծրագիրը, որը ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարարություն, և ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից, վերջացրած թոշակառուներով[2]։

Արձանի ստեղծումը և տեղափոխումը Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի ստեղծումը վերապահվեց Դավիթ Երևանցուն։ Աշխատանքն իրականացվել է Պրահայում։ Արձանի ստեղծումը մեծ դժվարություն չներկայացրեց, բարդ էր այն Չեխիայից Հայաստան տեղափոխելը։ Սկզբում որոշվեց, որ այն պետք է բերվի օդանավով։ Սակայն պարզվեց, որ քանդակը չի տեղավորվում ինքնաթիռում։ Ստիպված Չեխիայից այն ավտոմեքենայով տեղափոխվեց Ֆրանկֆուրտ (Գերմանիա), որտեղից էլ բեռնատարով՝ Հայաստան։ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տարածքը հատկացրել է Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը[2]։

Արձանի բացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը բացվեց 2008 դեկտեմբերի 13-ին։ Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Վերջինս, ինչպես նաև քանդակի հեղինակներ Դավիթ Երևանցին, Լևոն Իգիթյանը հանդես եկան ելույթներով[1]։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, մի խումբ հասարակական և մշակութային գործիչներ։ Խաչմերուկին հարող տարածքը որոշ ժամանակ փակ էր երթևեկության համար, մոտենալ կարող էին միայն բացմանը ներկա գտնվել ցանկացողները[3]։ Արձանը բացելու պատիվը վերապահվեց Դ. Երևանցուն և Հ. Պողոսյանին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Երևանի Մոսկովյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման վայրում տեղադրվեց Վ. Սարոյանի արձանը
  2. 2,0 2,1 Ինչպես մեծարել Սարոյանին
  3. «Երևանում բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.