Վահան Բաստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Բաստամյան
Ծնվել է1842[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էսեպտեմբերի 30 (հոկտեմբերի 12), 1881[1][2]
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան (1867)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1868)[1]
Մասնագիտությունուսուցիչ, բանասեր, գրող, հրատարակիչ և քահանա
ԱշխատավայրԴպրոց[1]

Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյան (ավազանի անունը՝ Եղիա Բաստամյան, 1842[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 30 (հոկտեմբերի 12), 1881[1][2], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]), Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևորական, աստվածաբան, մանկավարժ, բանասեր, խմբագիր, հայ կանոնագիտության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյանը (ավազանի անունը՝ Եղիա) ծնվել է 1842 թվականին Թիֆլիսում[3]։ 1867 թվականին ավարտելով Լազարյան ճեմարանը՝ որպես ազատ ունկնդիր ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և այն փայլուն կերպով ավարտում 1868 թվականին՝ ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան[4]։ Ուսումնառությունից հետո մեկնում է Վաղարշապատ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մատենադարանում սկսում զբաղվել հայ կանոնական գրավոր հուշարձանների ուսումնասիրությամբ[3]։ Ոգևորվելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցու ծավալած լուսավորական գործունեությունից՝ ցանկություն է հայտնում անդամագրվել Էջմիածնի միաբանության շարքերը[5] և 1872 թվականի փետրվարի 26-ին ձեռնադրվում է կուսակրոն քահանա՝ ստանալով Վահան անունը[6]։ Նա նշանակվում է Ս. Գայանե վանքի վանահայր, միաժամանակ սկսում դասավանդել նորաբաց Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյանը վախճանվել է 1981 թվականին Վաղարշապատում։ Բաստամյանն իր ժամանակի հայ գիտական և գրական հասարակության կողմից ճանաչված և գնահատված անձնավորություն էր։ Ահա այսպես է նրա մասին արտահայտվել հայ ականավոր մանկագիր Ղազարոս Աղայանը.

Մի հարյուր տարի պիտի անցնի, որ կրկին մի Բաստամյանց երևա, բայց այն էլ՝ դժվար թե...

:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստամյանի մանկավարժական գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նրա կողմից 1874-1876 թվականներին Վաղարշապատում հրատարակված «Դպրոց» ամսագիրը, որն առաջին մանկավարժական պարբերականն էր արևելահայ միջավայրում և զգալի դեր է կատարել հայեցի կրթության բարելավման գործում[7]։ Այս ամսագրի էջերում լույս են տեսել դպրոցական տեղեկություններ, դասագրքերի գրախոսականներ, աշխարհագրական ու բնագիտական զանազան լուրեր, նշանավոր անձնավորությունների կենսագրականներ, գրական նյութեր՝ աշակերտական ընթերցանության համար, ինչպես նաև լուսաբանվել ժամանակի առաջավոր մանկավարժական մեթոդները։ Ամսագրին աշխատակցել են Ղազարոս Աղայանը, Սեդրակ Մանդինյանը և ուրիշներ[8]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան ծ. վրդ. Բաստամյանը հայ իրականության մեջ առաջիններից մեկն էր, որ հատուկ ուշադրություն դարձրեց հայ կանոնական ժառանգության հետազոտմանը և գիտական հասարակությանը ներկայացմանը։ Այս առումով նրան կարելի է իրավամբ համարել հայ կանոնագիտության հիմնադիրներից մեկը[9]։ Նրա գիտական ժառանգության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում 1880-1881 թվականներին «Փորձ» ամսագրում լույս տեսած «Ամուսնությունն ըստ հայոց եկեղեցական իրավաբանության» հոդվածաշարը։ Այս հոդվածաշարում գիտնականը մանրամասն ուսումնասիրում և վերլուծում է հայոց ամուսնական կանոնական ավանդույթները։ Բաստամյանի հաջորդ ներդրումը հայ իրավաբանական մտքի ուսումնասիրության ասպարեզում դարձավ 1880 թվականին Վաղարշապատում լույս տեսած, գիտական բարձր որակով կատարված Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հրատարակությունը՝ աշխատասիրողի հույժ կարևոր առաջաբանով և ծանոթագրություններով[10]։ Այս գիտական աշխատության համար Բաստամյանը՝ առաջինը հայ իրականության մեջ արժանացավ «Սահակ-Մեսրոպյան» գրական մրցանակին[8]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան վրդ. Բաստամյանց, Կանոնագիտական երկեր, աշխ.՝ Ազատ Բոզոյանի, Ս. Էջմիածին 2016։
  • Վահան ծ․ վրդ. Բաստամեանց, Տարեգրութիւն Ս․ Էջմիածին (1872-1880 թթ․), աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին 2018։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 Վ. վրդ. Գալամդարյան, Վահան Ծայրագույն Վարդապետ Բաստամյան, Էջմիածնի, ԺԴ (1957), էջ 39։(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Ղ. Աղայան, Իմ կյանքից, Երևան 1955, էջ 124։
  5. Վ. վրդ. Գալամդարյան, Վահան Ծայրագույն Վարդապետ Բաստամյան, Էջմիածնի, ԺԴ (1957), էջ 39-40։(չաշխատող հղում)
  6. Նոր ձեռնադրեալք, Արարատ Բ(1972), էջ 73։
  7. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԴՊՐՈՑ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. 8,0 8,1 Ա. Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Երևան 2002, էջ 42։
  9. Խ. Սամվելյան, Հայ հին իրավունքի պատմություն, հ. 1, Երևան 1939, էջ 17։
  10. Վ. ծ. վրդ. Բաստամեան, Մխիթարայ Գօշի Դատաստանագիրք Հայոց, Վաղարշապատ 1880։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Բաստամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 305