Գևորգյան Հոգևոր Ճեմարան (Էջմիածին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգյան Հոգևոր Ճեմարան

Գևորգյան Հոգևոր Ճեմարան (աստվածաբանական համալսարան) ը Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Հիմնադրվել է 1874 թվականին, Վաղարշապատ քաղաքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի հարևանությամբ։։

Պատմությունը[խմբագրել]

1866 թ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն։ Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874-ի սեպտեմբերի 28-ին։ Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն։

1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան։ Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան։

Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել։ Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին։ Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին։ Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին։ Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ։ Նրա ջանքերով 1888-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական։

Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն։ Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Ս. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն։

Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական), հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն։

Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Տարբեր տարիներ Ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք։ Դասախոսների մի մասը Ճեմարանի նախկին սաներն էին։

Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են։ Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով։

1917-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը։

1919–20-ին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն։

Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի ստեղծման գործում։ Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է Ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից։

XX դ. սկզբին Ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ։ Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով։ Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուս. խորհրդի և տեսչի միջոցով։

Ճեմարանի տեսուչներ են եղել Խորեն եպս. Գալֆայանը, Գաբրիել եպս. Այվազովսկին, Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. ՏերՄկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք։

1945-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները։

1995-ին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–97-ին հիմնովին վերանորոգվել։

1997–98 թթ. ուս. տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը։

1999թ սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին։

Ավելացվեց նոր ընդունվող սաների թիվը՝ միաժամանակ բարձրացնելով տեսչության և դասախոսական կազմի պատասխանատվությունը։

Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումը ապահովելու համար ճեմարան հրավիրվեցին մի քանի մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտ. թեկնածուներ։

2001-2002 թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։

Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։

Ճեմարանի նշանավոր շրջանավարտները[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Նշանավոր Ճեմարանականները, Պրակ Ա, Էջմիածին, 2005