Վակուոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վակուոլներ (ֆր.՝ vacuole, լատ.՝ vacuole՝ դատարկ), խոռոչներ բուսական, կենդանական և միաբջիջ օրգանիզմների բջիջներում։ Որոշ նախակենդանիների, բազմաբջիջ անողնաշարավորների (սպունգներ, աղեխորշավորներ, թարթիչավոր որդեր և այլն) և բարձրակարգ կենդանիների ֆագոցիտներին հատուկ են մարսողական ֆերմենտներ պարունակող մարսողական վակուոլներ։ Բարձրակարգ կենդանիների մյուս բջիջների վակուոլները պարունակում են աղեր, ֆերմենտներ և նյութափոխանակության արգասիքներ։ Բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ ունեն նաև կծկվող կամ բաբախող վակուոլներ, որոնք պարբերաբար արտաքին միջավայր են նետում իրենց պարունակությունը։ Նախակենդանիների կծկվող վակուոլները հիմնականում ծառայում են օսմոտիկ ճնշման կարգավորման և քայքայման արգասիքների արտազատման համար։ Բուսական բջիջների վակուոլները ցիտոպլազմայից բաժանվում են կիսաթափանցիկ թաղանթով, պարունակում են շաքարներ, ալկալոիդներ, դաբաղանյութեր և այլն, օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են ջրի և սննդանյութերի մուտքը բջիջ, ստեղծում բջիջների ու հյուսվածքների մեխանիկական լարվածություն (Տուրգոր)։ Բջջի աճմանը զուգընթաց վակուոլներն աճելով միավորվում են մեկ մեծ վակուոլում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png