Սպիրամիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիրամիցին
Կլինիկական տվյալներ
Հոմանիշներ2-[(4R,5S,6S,7R,9R,10R,11E,13E,16R)-6-{[(2S,3R,4R,5S,6R)-5-{[(2S,5S,6S)-4,5-dihydroxy-4,6-dimethyloxan-2-yl]oxy}-4-(dimethylamino)-3-hydroxy-6-methyloxan-2-yl]oxy}-10-{[(2R,5S,6R)-5-(dimethylamino)-6-methyloxan-2-yl]oxy}-4-hydroxy-5-methoxy-9,16-dimethyl-2-oxo-1-oxacyclohexadeca-11,13-dien-7-yl]acetaldehyde
Օգտագործման
եղանակներ
բերանային, ներերակային կաթիլային
ԱԹԴ կոդ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Սպիտակուցով կապում10-25%
Նյութափոխանակությունլյարդ
Կիսատրոհման պարբերություն8 ժամ
Դուրսբերումլեղու հետ, երիկամային՝ 10% չափաբաժնի
Նույնացուցիչներ
CAS համար8025-81-8
PubChem CID5356392
ChemSpider
KEGG
E numberE710 (antibiotics) Խմբագրել Վիքիդատայում
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.029.476 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC43H74N2O14
Մոլային զանգված843.053 g/mol g·mol−1
3D մոդել (JSmol)
Լուծելիություն ջրումՋրի մեջ չլուծվող, շատ լուծելի է ացետոնիտրիլում և մեթանոլում, գրեթե ամբողջովին լուծելի է (>99.5) էթանոլում։ mg/mL (20 °C)

Սպիրամիցին (Spiramycin, քիմիայում նաև հայտնի է որպես Ֆորմացիդին, Formacidine) բնական հակաբիոտիկ է, ստացվում է Streptomyces ambofaciens ճառագայթասնկից, որը 16 անդամ ունեցող մակրոլիդների առաջին ներկայացուցիչն է։ Սպիրամիցինի առուցվածքային հիմքը հանդիսանում է լակտոնի օղակը, որը բաղկացած է 16 ածխածնի ատոմներից, որին միացած են երեք ածխաջրածնային մնացորդներ՝ ֆոռոզամին, միկամինոզա և միկարոզա։ Դեղը երեք քիմիական ձևերի (սպիրամիցին I, II, III) բնականից ստացված համակցություն է։ Տարածված է Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Կանադայում։ ԱՄՆ-ում այն գրանցված չէ սննդի և դեղերի վարչության կողմից, սակայն կարող է օգտագործվել հղի կանանց տոքսոպլազմոզի բուժման համար՝ էթիկական հանձնաժողովների իմացությամբ։

Առևտրային անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրմային անվանումը Արտադրող Երկիրը
Դորամիցին World Medicine Թուրքիա
Ռովամիցին Sanofi Ֆրանսիա

Բաց թողնման ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնությունում՝ հաբեր 1,5 (500 մգ) և 3 միլիոն ՄՄ (1000 մգ), ներարկման լուծույթ 1,5 միլիոն ՄՄ (500 մգ)։ Արտասահմանում այն արտադրվում է նաև ուղիղ աղիքային մոմիկների, բերանացի ընդունման կախույթների տեսքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրամիցինը անջատվել է 1951 թվականին և պաշտոնապես նկարագրվել1954 թվականին S. Pinnert-Sindico-ի կողմից՝ որպես գրամ դրական բակտերիաների դեմ ակտիվ նյութ։ Այն արտադրող միկրոօրգանիզմը՝ Streptomyces ambofaciens, անջատվել է Ֆրանսիայի հարավում գտնվող հողից։ Դեղամիջոցի բերանացի ձևի թողարկումը «Ռովամիցին» անունով մեկնարկել է Ֆրանսիայում Rhône-Poulenc Rorer-ի կողմից 1955 թվականից։ 1958 թվականին բացահայտվեց նրա ակտիվությունը Toxoplasma gondii-ի դեմ։ 1968 թվականից այն օգտագործվում է հղի կանանց մոտ տոքսոպլազմոզի բուժման մեջ։ 1987 թ.-ին սկսվեց սպիրամիցինի արտադրությունը՝ պարենտերալ կիրառման համար։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներծծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանացի կլանումը թերի է, կենսամատչելիությունը միջինում կազմում է 33% - 39% (10 - 69% սահմաններում)։ Նրա ներծծումը ավելի երկար է, քան էրիթրոմիցինինը, ինչը կարող է պայմանավորված լինել ստամոքսի թթվային միջավայրում դեղամիջոցի իոնացմամբ։ Սննդի հետ ընդունումը նվազեցնում է դեղամիջոցի կենսամատչելիությունը 50%-ով և դանդաղեցնում պլազմայում դրա կոնցենտրացիայի աճը։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրամիցինը բարձր կոնցենտրացիաների է հասնում թոքերի, բրոնխների, նշագեղձերի, հարքթային ծոցերի և կանանց կոնքի օրգանների հյուսվածքներում, և դրանցում բարձր կոնցենտրացիաները պահպանվում են շիճուկի կոնցենտրացիայի նվազումից հետո։ Թքի մեջ կոնցենտրացիան 1.3-4.8 անգամ ավելի բարձր է, քան շիճուկում։ Դեղը անցնում է ընկերքային պատնեշը և անցնում նաև կաթի մեջ։ Այնուամենայնիվ, պտղի արյան մեջ կոնցենտրացիան մոր արյան կոնցենտրացիայի 50%-ն է։ Բարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է նաև լեղու, պոլիմորֆոնուկլեար նեյտրոֆիլների և մակրոֆագների մոտ։ Դեղը չի հաղթահարում հեմատոէնցեֆալիկ պատնեշը։ Բաշխման ծավալը 383-660 լիտր է։

Արտազատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն այլ մակրոլիդների, նյութափոխանակությունը գործնականում կապված չէ ցիտոքրոմ P450 համակարգի հետ։ Լեղիով արտազատվում է չափաբաժնի մինչև 80%-ը, երիկամներով՝ 4-14%-ը։

Այլ հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շփումը սպիտակուցների հետ․ մակրոլիդների մեջ ամենացածրը՝ 10-25%։

Կենսատրանսֆորմացիա․ սպիրամիցինի մետաբոլիտները լիովին պարզված չեն, նյութափոխանակությունը տեղի է ունենում լյարդում

Կիսատրոհման պարբերություն․

  • ներերակային ընդունում՝ երիտասարդների մոտ (18 - 32 տարեկան) 4,5 - 6,2 ժամ։ Տարեցների մոտ (73 - 85 տարեկան) մոտ 9,8 - 13,5 ժամ։
  • բերանացի ընդունում՝ 5,5 - 8 ժամ
  • ուղիղ աղիքային ընդունում՝ մոտ 8 ժամ

Առավելագույն կոնցենտրացիայի հասնելու ժամանակը․

  • ներերակային ընդունում՝ ներարկման վերջում
  • բերանացի ընդունում՝ 3-4 ժամ
  • ուղիղ աղիքային ընդունում (երեխաների մոտ) 1,5 - 3 ժամ

Շիճուկային առավելագույն կոնցենտրացիան․

  • ներերակային ընդունում՝ 2,3 մգ / մլ, երբ կիրառվում է 500 մգ
  • բերանացի ընդունման դեպքում՝ մոտ 1 մգ / մլ, երբ ընդունվում է 1 մգ, 1,6 - 3,1 մգ / մլ, երբ ընդունվում է 2 մգ
  • ուղիղ աղիքային ընդունում (երեխաների մոտ)՝ մոտ 1,6 մգ / մլ՝ 1,3 միլիոն ՄՄ-ի չափաբաժնով

Ֆարմակոդինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնական հակաբիոտիկ է մակրոլիդների խմբից, որը գործում է բակտերիասպան կերպով (երբ օգտագործվում է բարձր չափաբաժիններով, այն կարող է գործել ավելի զգայուն շտամների նկատմամբ). այն արգելակում է սպիտակուցի սինթեզը մանրէի բջիջում՝ դարձելի կապվելու շնորհիվ ռիբոսոմների 50S ենթամիավորի հետ, ինչը հանգեցնում է տրանսպեպտիդացման և տեղափոխման ռեակցիաների շրջափակման։ Ի տարբերություն 14 անդամանոց մակրոլիդների, այն ի վիճակի է կապվել ոչ թե մեկ, այլ ենթամիավորի երեք (I-III) տիրույթների հետ, ինչը, ապահովում է ավելի կայուն կապ ռիբոսոմի հետ և, հետևաբար, ավելի երկար հակաբակտերիալ ազդեցություն։
  • Սպիրամիցինն օժտված է իմունոմոդուլյատոր հատկությամբ, որը բնութագրվում է քեմոտաքսիսի ավելացմամբ, նեյտրոֆիլների կպչունությամբ և ֆագոցիտային ակտիվությամբ, լիմֆոցիտների փոխակերպման նվազմամբ և ինտերլեյկին-6-ի արտադրության ավելացմամբ։
  • Հետհակաբիոտիկային ազդեցություն. սպիրամիցինը բնութագրվում է երկար հետհակաբիոտիկ ազդեցությամբ, որն ավելի ցայտուն է, քան 14-անդամանոց մակրոլիդները։ Հետհակաբիոտիկ ազդեցությունը բնութագրվում է բակտերիաների աճի շարունակական ճնշմամբ, երբ հակաբիոտիկը հեռացվում է միջավայրից և կարևոր է հակաբիոտիկների հակամանրէային գործողության մեջ։ Սպիրամիցինի հետհակաբիոտիկ ազդեցության տևողությունը ստրեպտոկոկերի և պնևմոկոկերի նկատմամբ 4-ից 9 ժամ է, ոսկեգույն ստաֆիլակոկի դեմ՝ մոտ 9 ժամ։
  • պրոհակաբիոտիկային ազդեցություն. նշվեց, որ ենթաինհիբիտորական կոնցենտրացիաների դեպքում սպիրամիցինը չունի բակտերիալ կամ բակտերիոստատիկ ազդեցություն, բայց կարող է փոխել մորֆոլոգիան և նվազեցնել բակտերիալ բջջի ֆունկցիոնալ ակտիվությունը, ինչը հանգեցնում է միկրոօրգանիզմների վիրուլենտության նվազմանը և նեյտրոֆիլների և մակրոֆագների ֆագոցիտային և բակտերիասպան ունակության բարձրացմանը։

Ցույց է տրվել, որ արյան շիճուկի առկայության դեպքում սպիրամիցինի հակաբակտերիալ ակտիվությունը մեծանում է 2-4 անգամ։

Հակամանրէային գործունեության շրջանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ Դիտել Գործունեություն
Գրամ դրական բակտերիաներ Streptococcus pyogenes (A խմբի հեմոլիտիկ ստրեպտոկոկ)[1]։ զգայուն
Streptococcus viridans զգայուն
Corynebacterium diphtheriae[1][2] զգայուն
Staphylococcus aureus, զգայուն մեթիցիլինի նկատմամբ[1]։ զգայուն
Streptococcus pneumoniae[1] զգայուն
Enterococcus[1] Ցածր զգայունություն
Գրամ բացասական բակտերիաներ Neisseria meningitidis[1][2] զգայուն
Bordetella pertussis[1][2] զգայուն
Campylobacter[1][2] զգայուն
Clostridium[1][2] զգայուն
Haemophilus influenzae[1] Չափավոր զգայուն
Neisseria gonorrhoeae[2] Ցածր զգայունություն
Enterobacter[1] Ոչ զգայուն
Pseudomonas[1] Ոչ զգայուն
Bacteroides fragilis[1] Ոչ զգայուն
Այլ օրգանիզմներ Mycoplasma pneumoniae[1][3] զգայուն
Chlamydia trachomatis[1][3] զգայուն
Toxoplasma gondii[1][3] զգայուն
Legionella pneumophila[3] զգայուն
Spirochaetes[3] զգայուն

Սպիրամիցինի և էրիթրոմիցինի միջև առկա է խաչաձև դիմադրություն։ Ներկայումս այն սովորաբար նշանակվում է հղիության տոքսոպլազմոզի և բնածին տոքսոպլազմոզի բուժման համար (այլընտրանքային, պիրիմետամինի համադրությունը սուլֆադիազինի հետ ավելի արդյունավետ է, բայց սպիրամիցինը ավելի անվտանգ է. տերատոգեն ազդեցություն չի հայտնաբերվել)։

Սպիրամիցինի պարադոքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց բջջային նյութափոխանակության ենթարկվելու՝ սպիրամիցինը բջիջներում գտնվում է ակտիվ վիճակում։ Արդյունքում, սպիրամիցինի բարձր կլինիկական արդյունավետությունը նկատվում է նույնիսկ այն վարակների դեպքում, որոնք առաջանում են միկրոօրգանիզմների կողմից, որոնք թույլ զգայուն են դրա նկատմամբ in vitro։ Այս երևույթն անվանվել է «սպիրամիցինի պարադոքս»

Դեղերի փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն էրիթրոմիցինի՝ սպիրամիցինը լյարդում չի նյութափոխանակվում ցիտոքրոմ P450 համակարգի միջոցով, ինչի պատճառով փոխազդեցություն չկա ցիկլոսպորինի և թեոֆիլինի հետ։ Կարբիդոպայի և լևոդոպայի համակցությունը, երբ միաժամանակ ընդունվում է սպիրամիցինի հետ, հանգեցրել է լևոդոպայի հեռացման միջին ժամանակի երկարացմանը, որը, ինչպես ենթադրվում է, կապված է կարբիդոպայի կլանման արգելակման հետ՝ աղիքային շարժունակության փոփոխության պատճառով։ Սպիրամիցին ընդունելու ֆոնի վրա հնարավոր ԱԼՏ-ի և ալկալային ֆոսֆատազի արժեքների բարձրացում։

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերզգայունություն սպիրամիցինի և դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ, լակտացիայի շրջան, գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազ ֆերմենտի անբավարարություն (սուր հեմոլիզի վտանգ), մանկական տարիք (մինչև 6 տարեկան՝ 1,5 մլն ՄՄ հաբերի համար, մինչև 18 տարեկան՝ հաբեր 3, 0 միլիոն ՄՄ, ներերակային ընդունման համար)։

Օգտագործել զգուշությամբ լեղուղիների խցանման կամ լյարդի անբավարարության դեպքում։

Կողմնակի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ալերգիկ ռեակցիաներ (մաշկի ցան, քոր), ցավ ներարկման տեղում; հազվադեպ՝ ALT-ի և ալկալային ֆոսֆատազի ակտիվության բարձրացում։ Եզակի դեպքերում՝ թրոմբոցիտոպենիա, ԷՍԳ-ի վրա QT միջակայքի երկարացում, խոլեստատիկ հեպատիտ, սուր կոլիտ, խոցային էզոֆագիտ, աղիների լորձաթաղանթի վնասում։

Դեղաքանակ և ընդունման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրամիցինի տարբեր պատրաստուկները կարող են տարբերություններ ունենալ գրանցված դեղաչափերի ռեժիմներում, ուստի խորհուրդ է տրվում միշտ ստուգել բժշկական օգտագործման ընթացիկ հրահանգները։ Երիկամների ֆունկցիայի խանգարման դեպքում դեղաչափի ճշգրտում չի պահանջվում։

Ներքին օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղահաբերը ընդունվում են բերանացի՝ բավարար քանակությամբ ջրի հետ։

Մեծահասակներ։ Օրական չափաբաժինը սովորաբար կազմում է 6-9 մլն ՄՄ՝ բաժանված 2-3 ընդունման։ Առավելագույն օրական չափաբաժինը 9 մլն ՄՄ։

Երեխաներ։ 20 կգ և ավել քաշի դեպքում դեղաչափը կազմում է 150-300 հազար ՄՄ / կգ / օր, բաժանված 2-3 ընդունման։ Առավելագույն օրական չափաբաժինը 300 հազար ՄՄ/կգ/օր։

Մենինգոկոկային մենինգիտի կանխարգելում։ Մեծահասակների համար՝ 3 միլիոն ՄՄ օրական երկու անգամ, 5 օր; երեխաների համար 75 հազար ՄՄ / կգ օրական երկու անգամ, 5 օր։

Արտերկրում ծանր վարակների դեպքում թույլատրվում է սպիրամիցինի օրական չափաբաժնի ավելացում մինչև 12-15 մլն ՄՄ։

Ներերակային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն մեծահասակների համար: 1,5 միլիոն ՄՄ ն/ե յուրաքանչյուր 8 ժամը մեկ (4,5 միլիոն ՄՄ օրական)՝ դանդաղ ներարկում։ Ծանր վարակների դեպքում չափաբաժինը կարող է կրկնապատկվել։ Սրվակի պարունակությունը լուծվում է 4 մլ ներարկման ջրի մեջ, ավելացվում է 100 մլ 5% դեքստրոզի լուծույթին։ Հիվանդի վիճակը թույլ տալու դեպքում՝ բուժումը պետք է շարունակվի բերանացի եղանակով։

Հատուկ հրահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնիսկ երիկամների ծանր անբավարության առկայության դեպքում դեղաչափի ռեժիմը կարգավորելու կարիք չկա։ ԿԿ կանանց ընդունելիս անհրաժեշտ է դադարեցնել կերակրումը, քանի որ հնարավոր է ներթափանցել կրծքի կաթ։ Սպիրամիցինը տերատոգեն չէ, ուստի այն կարող է անվտանգ օգտագործվել հղի կանանց մոտ։ Հղիության ընթացքում տոքսոպլազմոզի պտղին փոխանցման ռիսկի նվազում է նկատվում 25-8%, երբ օգտագործվում է առաջին եռամսյակում, 54-19% երկրորդում և 65-44% երրորդ եռամսյակում։ Լյարդի հիվանդությամբ հիվանդների դեպքում բուժման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել լյարդի գործառույթը։

Արդյունաբերության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցված է սննդի արդյունաբերության մեջ՝ որպես սննդային հավելում E710։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Rovamycine (Rhone-Poulenc Rorer). En: Vidal 1994. 70th ed. París: Editions du Vidal, 1994: 1361
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Pinnert-Sindico, S., L. Ninet, J. Preud'homme and C. Cosar A new antibiotic--Spiramycin // Ann. de l'Inst. Pasteur. — 1954-1955.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kavi J, Webberley JM, Andrews JM, Wise R A comparison of the pharmcokinetics and tissue penetration of spiramycin and erythromycin. — 1988. — Т. 22. Архивировано из первоисточника 19 Մայիսի 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]