Հաստ աղիքների բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաստ աղիքների բորբոքում, կոլիտ (լատ.՝ colitis, < հունարեն՝ kolon - Հաստ աղիք և հունարեն՝ itis - բորբոքում), ստամոքս-աղիքային համակարգի ամենատարածված հիվանդություններից։ Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները (դիզենտերիա, սալմոնելոզ, ամեոբիազ, բալանտիդիազ և այլն), սնուցման կոպիտ խախտումները, թունավորումները (սնդիկով, կապարով և այլն)։ Հաստ աղիքների բորբոքում կարող է առաջանալ նաև միզարյունության դեպքում, որպես ինքնուրույն հիվանդություն (օրինակ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ), կամ երկրորդային՝ ախիլիկ ստամոքսաբորբի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և բարակ աղիքների բորբոքման դեպքում։ Առաջացման պատճառներից և հիվանդության ծանրության աստիճանից կախված հաստ աղիքներում փոփոխությունները տատանվում են կատարալ պրոցեսներից մինչև մեռուկա-խոցային բորբոքում։ Հաստ աղիքների բորբոքում լինում է սուր և քրոնիկական։ Սուր ընթացքի դեպքում նկատվում է ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, որովայնի սպաստիկ ցավեր, լուծ, երբեմն (հատկապես դիզենտերիայի դեպքում) ցավոտ տնքոցներ, ջերմության բարձրացում։ Կղանքը լինում է խյուսանման կամ հեղուկ, լորձի խառնուրդով, ծանր դեպքերում՝ լորձա-արյունային։ Հիվանդությունը առանձին դեպքերում կարող է դառնալ քրոնիկական։ Վերջինիս դեպքում նկատվում է ախորժակի անկում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, սպազմատիկ ցավեր (դեֆեկացիայի ակտից առաջ և հետո), իրար հաջորդող լուծ (օրական 3—4 անգամ) և փորկապություն, երբեմն որովայնի փքվածություն, գազերի կուտակում։

Ախտորոշումը[խմբագրել]

Ռենտգենաբանական, աղեդիտման և կղանքի լաբորատոր հետազոտությունների տվյալներով։

Բուժումը[խմբագրել]

Սուր ընթացքի և քրոնիկականի սրացման ժամանակ՝ 1—2 Օր քաղց և կիսաքաղց, այնուհետև սպիտակուցային կամ ածխաջրատային դիետա, մանրացած, շոգեխաշած լիարժեք սնունդ։ Ինֆեկցիոն բորբոքման դեպքում հակամանրէային և հակամակաբուծական դեղամիջոցներ, ուղիղ և սիգմայաձև աղիքները բորբոքվելիս՝ բուժիչ հոգնաներ։ Քրոնիկական ընթացքի դեպքում՝ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ և առողջարանային բուժում, ծանր խոցայինի ժամանակ՝ վիրաբուժական միջամտություն։ Կանխարգելումը՝ ստամոքս-աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների և մարսողության խանգարումների կանխում և ժամանակին բուժում, սննդի ճիշտ ռեժիմի կազմակերպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png