Սպիտակափոր մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միասեռ ժայռային մողես
Միասեռ ժայռային մողես
Միասեռ ժայռային մողես
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Վերնակարգ Լեպիդոզավրեր (Lepidosauria)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Իսկական մողեսներ (Lacertidae)
Ենթաընտանիք Lacertinae
Ցեղ Դարևսկիա (Darevskia)
Տեսակ Միասեռ ժայռային մողես (D. unisexualis)
Միջազգային անվանում
Darevskia unisexualis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Սպիտակափոր մողես կամ միասեռ ժայռային մողես, սպիտակափոր ժայռային մողես, Դարևսկու միասեռ, սպիտակափոր (լատին․՝ Darevskia unisexualis), իսկական մողեսների ընտանիքին պատկանող ժայռային մողես, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ, նաև տափաստանային, թփուտային, նոսրանտառային, անտառային բուսականությամբ լեռնային վայրերում, շինությունների պատերի ճեղքերում։

Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,5-7,0 սմ), պոչը կրկնակի երկար է, ինքնահատվող։ Գլուը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով, մեջքային մակերեսը՝ միանման, մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են։ Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, մոխրագույն, ձիթապտղագույն և շագանակագույն երանգները։ Մեջքի երկայնքով ձգվում է մուգ, տձև, լայնակի ձգված մանր բծերով ցանցանման նախշ։ Կողմնային մուգ զոլերը կազմված են այս կամ այն չափով միաձուլված օղանման խալերի զուգահեռ երկայնակի շարքերից։ Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի սահմաններում, Արևելյան Թուրքիայում և Հարավային Վրաստանի հարակից շրջաններում տեսակի արեալը մասնատված է մի քանի մեկուսացված պոպուլյացիաների։ Տարածված է Հայաստանի հյուսիսայի և կենտրոնական լեռնային շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են ծովի մակարդակից 1700-2000 մ բարձրության վրա, լեռնատափաստանային գոտու ժայռերում, քարերի կույտերում և քարքարոտ լանջերում։

Ձմեռումից դուրս են գալիս ապրիլի կեսերին և մայիսիս սկզբին։ Սնվում են հիմնականում բզեզներով և թաղանթաթևավորներով, բազմանում՝ կուսածնությամբ։ Ձվադրում են հունիսի վերջին և հուլիսի սկզբին, ձվակույտում կա 2-7 ձու։ Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։

Տեսակի թվաքանակը կայուն է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Վտանգման հիմնական գործոններն են գյուղատնտեսական գործունեության հետևանքով հարմար ապրելավայրերի կրճատումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափոր մողես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափոր մողես» հոդվածին։