Սիսակ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սիսակ
խորվ.՝ Sisak
Դրոշ

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես421,4 կմ², 32 կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն40 121 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Հեռախոսային կոդ044
Փոստային դասիչ44000
Ավտոմոբիլային կոդSK
Պաշտոնական կայքsisak.hr
Սիսակ (քաղաք) (Խորվաթիա)##
Սիսակ (քաղաք) (Խորվաթիա)

Սիսակ (խորվ.՝ Sisak, գերմ.՝ Sissek, հունգ.՝ Sziszek), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում։ Գտնվում է մայրաքաղաք Զագրեբից 57 կմ հարավ-արևելք` Օդրա, Կուպա և Սավա գետերի միախառնման տեղում։

Բնակչությունը 33.322 մարդ է (2011)[2]։ Սիսակը Սիսակ-Մոսլավինա շրջանի վարչական կենտրոնն է։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսակի ամրոցը

Քաղաքը գտնվում է Զագրեբ - Սիսակ - Պետրինյա ավտոմայրուղու և Զագրեբ - Սիսակ - Խրվաթսկա-Կոստայնիցա երկաթգծի հարևանությամբ։ Կանոնավոր ավտոբուսային և երկաթուղային կապով կապված է Խորվաթիայի խոշորագույն քաղաքներին։

Սիսակը Խորվաթիայի գետային խոշորագույն նավահանգիստն է։ Քաղաքից սկսած` Սավա գետը նավարկելի է, և նավերը նրանով հասնում են մինչև Դանուբ։

Քաղաքում գործում են մետալուրգիական, թեթև, սննդի, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։

Սիսակը քաղաք-առողջարան է` բազմաթից հանքային աղբյուրներով, որոնցում ջրի ջերմաստիճանը 42-54 °C է։ քաղաքիից ոչ հեռու գտնվում է Լոնսկո պոլե (Lonjsko polje) բնության պարկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսակի Սուրբ Խաչ եկեղեցին

Քաղաքն ունի մոտ 2.500 տարվա պատմություն։ Մինչև Հռոմեական կայսրության ներխուժումը քաղաքը կելտական էր և կոչվում էր Սեգեստիկա։ Հռոմեական կայսրության օրոք երեք գետերի միախառնման տեղում գտնվող քաղաքը արագ զարգացավ` ձեռք բերելով Պանոնիա նահանգի մայրաքաղաքի կարգավիճակ։ Արդեն Սիսցիա անունը կրող քաղաքի եպիսկոպոս Կվիրինումը, որ 309 թվականին նահատակվեց հռոմեացիների ձեռքով, դարձավ քաղաքի հովանավոր սուրբը։

Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը բազմիցս նվաճվել է հոների, ավարների, սլավոնների կողմից։ 9-րդ դարում սլավոնները, հաստատվելով Սավա գետի ափին, միաձուլեցին ոչ սլավոններին։ Այդ ժամանակից քաղաքը պատկանել է տեղացի իշխաններին, ապա հունգարա-խորվաթական իշխանությանը։

16-րդ դարում քաղաքի վրա հարձակվում են թուրքերը։ Նրանցից պաշտպանվելու համար կառուցվում են հզոր ամրություններ։ Սիսակը պատմության մեջ է մտել, երբ Սրբազան Հռոմեական կայսրության զորքերը Սիսակի ճակատամարտում ջարդում են թուրքական զորքերին, որը Բալկաններում թուքերին հետ մղելու առաջին լուրջ հաջողությունն էր։ Սավայի շրջանը անցնում է Հաբսբուրգների իշխանությանը։

Առաջին աշխարհամարտից հետո ամբողջ Խորվաթիայի հետ Սիսակը դառնում է Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության մաս, իսկ ավելի ուշ` Հարավսլավիայի թագավորության մաս։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքի մերձակայքում ակտիվ գործողություն են ծավալել հակաֆաշիստական պարտիզանական ջոկատները, իսկ բուն քաղաքում ֆաշիստները ձևավորել են համակենտրոնացման ճամբար, որում ոչնչացվել են բազմաթիվ սերբեր, հրեաներ և գնչուներ։

Հարավսլավիայի տրոհումից հետո 1991 թվականին քաղաքը մտավ Խորվաթիայի կազմի մեջ։ Այս պատերազմի ընթացքում Սիսակը տուժել է սերբերի կրակոցներից։ Մարտական գործողությունների դադարից հետո քանդված ու վնասված շենքերը վերականգնվել են։ 1991-1992 թվականներին քաղաքում տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, որի արդյունքում սպանվել են բազմաթիվ սերբեր, ինչպես նաև մի քանի խորվաթներ և բոսնիացի մուսուլմաններ։

Հին կամուրջ Կուպա գետի վրա

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 16-րդ դարի եռանկյունաձև ամրոց Կուպա և Սավա գետերի միջև
  • Մալի Կապտոլ (Mali Kaptol) պալատ` բարոկկո ոճով, Վելիկի Կապտոլ (Veliki Kaptol) պալատ` կլասիցիզմի ոճով
  • Կուպայի հին կամուրջ
  • Սուրբ Խաչ եկեղեցի
  • Հռոմեական Սիսցիա քաղաքի ավերակներ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Popis stanovništva, kućanstava i stanova 2021. – stanovništvo prema starosti i spolu po naseljima, 2021 Croatian census: population data by age, sex, settlementCroatian Bureau of Statistics, 2022.
  2. POPULATION BY AGE AND SEX, BY SETTLEMENTS, 2011 CENSUS(չաշխատող հղում)
  3. «Община Габрово. Города-побратимы» (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 03.06.2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]