Ռոստոմբեկովի մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստոմբեկովի ժայռային մողես
Ռոստոմբեկովի ժայռային մողես
Ռոստոմբեկովի ժայռային մողես
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Վերնակարգ Լեպիդոզավրեր (Lepidosauria)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Իսկական մողեսներ (Lacertidae)
Ենթաընտանիք Lacertinae
Ցեղ Դարևսկիա (Darevskia)
Տեսակ Ռոստոմբեկովի ժայռային մողես (D. rostombekowi)
Միջազգային անվանում
Darevskia rostombekowi
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Ռոստոմբեկովի ժայռային մողես, իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա ցեղի մողես։ Հայաստանում հանդիպում է Գեղարքունիքի մարզ և Տավուշի մարզերում։ Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ վայրերում, շինությունների պատերի ճեղքերում, տափաստանային, թփուտային, նոսրանտառային, անտառային բուսականությամբ ցածրլեռնային վայրերում։

Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,2-5,6 սմ), պոչը մոտավորապես կրկնակի երկար է, ինքնահատվող։ Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են։ Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են դեղնագորշավուն և բաց դեղնաշագանակագույն երանգները։ Մեջքի երկայնքով ձգվում է մուգ, տձև, լայնակի ձգված, մանր բծերից բաղկացած, բավական նեղ նախշ։ Երբեմն բծերը միանալով կարող են ձևավորել ցանցանման նախշ։ Կողմնային մուգ գորշաշագանակագույն զոլերը կազմված են այս կամ այն չափով արտահայտված օղանման խալերի զուգահեռ երկայնակի շարքերից, ունեն սպիտակավուն կենտ խալ և մուգ եզրագիծ։ Առջևի վերջավորությունների մակարդակին կան կապույտ խալեր։ Վերևի եզրային շարքի սպիտակ բծերը միավորվելով կարող են ձևավորել սպիտակ երկայնակի գիծ, որն առավել արտահայտիչ է մարմնի առջևի հատվածում։ Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով և ունի դեղնականաչավուն գունավորում։ Որովայնային մակերեսի եզրային վահանիկները կրում են բաց երկնագույն խալեր։

Կարող է հանդիպել համատեղ հայկական, Դալի, Ռադդեի ու Պորչինսկու ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով։ Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով։ Կուսածին է. հունիսի վերջից հուլիսի սկիզբը էգը դնում է 2-4 ձու (13x8 մմ)։ Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբը։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատաբար սահմանափակ արեալ ունի հյուսիսային Հայաստանում և Ադրբեջանի հարակից շրջաններում։ Հիմնական արեալը զբաղեցնում է Քուռ գետի հովտի միջին աջափնյա հատվածը և աջ վտակների կիրճը՝ Վրաստանի, Հյուսիսային Հայաստանի և Հյուսիսարևմտյան Ադրբեջանի սահմաններում։ Հանրապետության տարածքում տեսակի արեալը սահմանազատված է անտառային շրջաններով՝ Հյուսիսային Հայաստանի սահմաններում։ Արեալի հարավային սահմանն անցնում է Փամբակ և Աղստև գետերի կիրճերով, Բազումի լեռնաշղթայի երկայնքով՝ քաղաք Սպիտակից արևմուտք։ Արեալի հյուսիսային սահմանն անցնում է Պապաքարի լեռնաշղթայի հյուսիսարևելյան մասով, որտեղ առավել հյուսիսային հայտնաբերման վայրերը հայտնի են Նոյեմբերյանի և Սև քարի շրջակայքից։ Բացի այդ, հայտնի է մեկուսացված պոպուլյացիա Սևանա լճի հարավարևելյան ափին, գյուղ Ծովակի շրջակայքում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են առավելապես անտառային գոտում, որոշ տեղերում անցնում են լեռնատափաստանային գոտի, ծովի մակարդակից 800-1600 մ բարձրության վրա։ Միայն Սևանա լճի ափին հայտնաբերված պոպուլյացիան է բնակվում ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։

Ձմեռումից դուրս է գալիս մարտի վերջին-մայիսի սկզբին, սնվում է միջատներով և այլ մանր անողնաշար կենդանիներով, բազմանում է կուսածնությամբ։ Ձվադրում է հունիսի վերջին-հուլիսի սկզբին, ձվակույտում՝ 2-4 ձու։ Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Բնորոշ բիոտոպերում 1 կմ երկարությամբ երթուղու վրա հանդիպում է 50-60 առանձնյակ։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում լեռնատափաստանային գոտում տնտեսական գործունեությունը և բնորոշ ապրելավայրերի քայքայումը։

Պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստոմբեկովի մողես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստոմբեկովի մողես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։