Ջոնաթան Սվիֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Սվիֆթ

Ջոնաթան Սվիֆթ (անգլ.՝ Jonathan Swift; 30 նոյեմբերի 1667, Դուբլին, Իռլանդիա - 19 հոկտեմբերի 1745, Դուբլին), անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ։ Առավելապես հայտնի է որպես 4 մասից բաղկացած «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի հեղինակ (անգլ.՝ The travels into several remote nations of the world by Lemuel Gulliver, first a surgeon, and then a captain of several ships, 1726), որում սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Ապրել է Դուբլինում (Իռլանդիա)՝ վարելով Սբ. Պատրիկի տաճարի ավագ քահանայի (դեկան) պաշտոնը։

Ջոնաթան Սվիֆթը 1682–1688 թվականներին սովորել է Դուբլինի համալսարանի Սբ. Երրորդության քոլեջում։ 1689–1699 թվականներին եղել է ականավոր փիլիսոփա Վիլյամ Թեմպլի քարտուղարը և գրադարանավարը։ 1701 թվականին ստացել է աստվածաբանության դոկտորի կոչում։ Գրել է քաղաքական պամֆլետներ («Դաշնակիցների և նախկին կառավարության վարքը», 1711 թվական, «Վիգերի հասարակական ոգին», 1714 թվական, «Մահուդագործի նամակները», 1723–1724 թվականներին), որոնց մեջ քննադատել է Անգլիայի քաղաքականությունը իռլանդական ժողովրդի հանդեպ։ Սվիֆթի երգիծանքը նշանակալի հետք է թողել անգլիական գրականության հետագա զարգացման վրա։