Պորտալ:Մեծ Հայք/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակունիների դրոշը

Արշակունիներ (Արշակունիք), արքայատոհմ Մեծ Հայքում 66-428 թթ-ին, Պարթև Արշակունիների հայկական ճյուղը։

Արտաշեսյան հարստության վախճանից հետո (մ.թ. I դ սկիզբ) Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար մրցակցել են Հռոմեական կայսրությունն ու Պարթևաստանը։ Պարթև Արշակունիները ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ այնտեղ հաստատելով իրենց տոհմաճյուղի գերիշխանությունը։ Պարթևաց Արտավան III թագավորի որդեգրած քաղաքական այդ ծրագիրը չի իրագործվել, Մեծ Հայքում թագավորող նրա որդիներ Որոդեսն ու Արշակ Ա-ն տապալվել են Հռոմի կայսր Տիբերիոս Կլավդիոս Ներոնի (14-37) միջամտությամբ։ Հայերի դեմ հրահրելով աղվանական, վրացական և հարևան այլ ցեղերի՝ Տիբերիոսը 36-ին Մեծ Հայքի գահը հանձնել է Վիրքի թագավոր Փարսամանի եղբորը՝ Միհրդատին։ Նույն կայսեր համաձայնությամբ 37-ին Մեծ Հայքի Գոդերձական գավառը միացվել է Վիրքին, իսկ Հայոց Միջագետքը՝ Ադիաբենեին։ Միևնույն ժամանակ, Կոմմագենեի և Փոքր Հայքի հայկական թագավորություները Տիբերիոսը վեր է ածել հռոմեական նահանգների։ Տիբերոսի հակահայկական քաղաքականությունը սրել է հայերի դժգոհությունն ու թշնամանքը Հռոմի նկատմամբ, ինչի արդյունքում 37-ին հայերն ապստամբել և զորավար Դեմոնաքսի առաջնորդությամբ գահընկեց արել Միհրդատ Իբերացուն և վտարել երկրից։ Հռոմի նոր կայսր Գայոս Կեսար Գերմանիկոսը (Կալիգուլա) (37-41) ճանաչել է Մեծ Հայքի ինքնուրույնությունը, վերականգնել Փոքր Հայքի և Կոմմագենեի թագավորությունները։ Կլավդիոս կայսրը (41-54) Հայքի նկատմամբ շարունակել է Տիբերիոսի քաղաքական գիծը։ 43-ին հռոմեական և վրացական ուժերով նա Մեծ Հայքի գահին դարձյալ դրել է Միհրդատին, որը չի ճանաչվել և հենարան չի գտել հայոց երկրի մեջ։ Հայերն անտարբերությամբ են վերաբերվել Միհրդատի սպանությանը (51) նրա եղբորորդու և փեսայի՝ Հռադամիզդի ձեռքով։