Ոչ վերբալ հաղորդակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչ վերբալ հաղորդակցման միջոց

Ոչ վերբալ հաղորդակցություն, մարդկանց միջև շփում առանց բառերի։ Այն ներառում է տեսողական ազդանշանների օգտագործում, ինչպիսիք են մարմնի լեզուն, հեռավորությունը և ֆիզիկական միջավայրը, տեսքը։ Դա կարող է նաև ներառել ժամանակի օգտագործումը և տեսողական ընկալումը խոսելու ու լսելու ընթացքում։

Այնպես ինչպես բանավոր խոսքն է պարունակում որ վերբալ տարրեր, օրինակ՝ ձայնի որակ, արագություն, բարձրություն, խոսելու ոճ, ինչպես նաև տաղաչափական հատկանիշներ՝ ռիթմ, ինտոնացիա և սթրես, այնպես էլ գրավոր տեքստերը ունեն ոչ վերբալ տարրեր, ինչպիսիք են ձեռագիրը, գրելաոճը, բառերի դասավորությունը։ Ինչևիցե, ոչ վերբալ հաղորդակցման հետազոտությունների մեծ մասը կենտրոնացված է անհատների միջև փոխգործունեությանը, որը կարելի է բաժանել երեք հիմնական ոլորտների՝ միջավայրի պայմանները, որտեղ շփումը տեղի է ունենում, հաղորդակցման ֆիզիկական բնութագիրը, փոխգործունեության ընթացքում հաղորդակցվողների պահվածքը։

Ոչ վերբալ հաղորդակցությունը ներառում է գիտակցական և անգիտակցական գործընթացների կոդավորուն ու ապակոդավորումը։ Կոդավորումը գործընթաց է, որն ապահովում է դեմքի արտահայտությունները, ժեստերը և կեցվածքը։ Ապակոդավորումը ստացված ինֆորմացիայի մեկնաբանումն է՝ հիմնվելով նախորդ փորձի վրա։

Ուղեղի միայն մի փոքր հատվածն է պատասխանատու վերբալ հաղորդակցման համար։ Օրինակ մանկիկները իրենց հույզերը արտահայտում են դեմիք շարժումների միջոցով՝ դարձնելով դեմքը հաղորդակցման գլխավոր օրգանը։ Երբ երեխաները դառնում են վերբալ հաղորդակցվողներ, նրանք ենթագիտակցորեն սկսում են ուշադրություն դարձնել դեմքի արտահայտություններին, ձայնի տոնայնությանը և այլ ոչ վերբալ տարրերին։

Մշակույթը նույնպես կարևոր դեր ունի ոչ վերբալ հաղորդակցման մեջ, և դա մեկն է այն ասպեկտներից, որն ազդում է ուսուցման կազմակերպման վրա։ Այս առումով, ուսուցման գործընթացը կախված չէ բանավոր հաղորդակցումից, ավելի շուտ, ոչ խոսքային հաղորդակցումն է ծառայում է որպես հիմնական միջոց, որը ոչ միայն կազմակերպում է միջանձնային փոխազդեցություն, այլև փոխանցում մշակութային արժեքներ, և երեխաները դեռ երիտասարդ տարիքից սովորում են, թե ինչպես պետք է մասնակցել այս համակարգին։

Ոչ վերբալ հաղորդակցման հետազոտական պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ վերբալ հաղորդակցությունը մարդկության տարեկիցն է։ Միլիոնավոր տարի առաջ արված քարանձավային փորագրություններում պատկերված են մարմնի շարժումների օգնությամբ իրենց էմոցիաները` ապրումները, հույզերը արտահայտող մարդիկ։ Կնշանակի՝ ոչ վերբալ հաղորդակցությունը շրջանառության մեջ է մտել վերբալ հաղորդակցությունից դեռ շատ առաջ, իսկ էվոլյուցիայի արդյունքում ավելի ուշ երևան եկած խոսքը դարձել է փաստերի ու կոնկրետ երևույթների ավելի ստույգ փոխանցման միջոց։ Գիտական հետազոտությունները ոչ վերբալ հաղորդակցման և վարքի վերաբերյալ սկսվել են 1872 և կապվում է Չարլզ Դարվինի «Հույզերի արտահայտումը կենդանիների և մարդու մոտ» գրքի հրապարակման հետ։ Գրքում Դարվինը պնդում է, որ բոլոր կաթնասունները՝ մարդկիկ և կենդանիները, ցույց են տալիս իրենց զգացմունքները դեմքի արտահայտությունների միջոցով։ Նա իր գրքում առաջ է քաշում հետևյալ հարցը. «Ինչու է մեր դեմքը ընդունում հատուկ արտահայտություններ որևէ զգացմունք պատկերելու ժամանակ, և ինչու ենք մենք կնճռոտում մեր քիթը, երբ զզվում ենք և սեղմում մեր ատամները, երբ զայրացած ենք»։ Հիմնվելով հենց այս աշխատանքի վրա՝ իրենց ուսումնասիրություններն են սկսել մի շարք գիտնականներ։ Այս ոլորտի «առաջնեկներից» մեկն է եղել հայազգի գիտնական Ալբեր Մեհրաբյանը, ով, ուսումնասիրելով հաղորդակցությունը, 1950 թ. առաջ է քաշել «7-38-55» սկզբունքը, այսինքն՝ 7 %-ը հաղորդակցության մեջ այն է, ինչ է ասվում, 38 %՝ ինչպես է ասվում, և 55 %-ը մարմնի ոչ վերբալ ազդակներն են՝ «մարմնի լեզուն»։

Ոչ վերբալ հաղորդակցման և մշակույթի կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ վերբալ հաղորդակցությունը հատուկ տեղ է գրավում մշակույթում։ Օրինակ 1789 թ. ֆրանսիացիների մեծ մասը խոսում էր տեղական բարբառով և բոլորովին չէր հասկանում փարիզյան դիալեկտը։ Մեծ կատակերգակ Մոլիերը, որը նաև բեմական արվեստի ռեֆորմատոր էր, գտավ սրամիտ լուծում։ Նա իր թատերախմբով հյուրախաղային շրջագայությունների ժամանակ բեմադրում էր կատակերգություններ, որոնցում մեծ տեղ էր հատկացվում համր, գրոտեսկի հասնող տեսարաններին, և ինքն էլ որպես դերասան մասնակցում էր դրանց։ Հետո հատուկ որոշմամբ տեղական բարբառը արգելվեց, և չենթարկվողները հեղափոխական անողոքությամբ սկսեցին գլխատվել բժիշկ-նորարար Գիլիոտինի հնարած սարքավորման օգնությամբ, որն, ինչպես պնդում էր Հիպոկրատի արևով երդված հումանիստը, մարդկանց այն աշխարհ էր ուղարկում գրեթե անցավ` կայծակնային արագության հաշվին։

Ոչ վերբալ հաղորդակցման դերը դիվանագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքսոնը և Քենեդին ընդդեմ միմյանց

Անդրադառնալով քաղաքականությանը և դիվանագիտությանը՝ պետք է նշել,որ Մաքիավելին, Բիսմարկը, Գորչակովը` օրինակ, եղել են փայլուն հռետորներ, իսկ Չերչիլի ռադիոելույթները վճռական դեր են խաղացել Գերմանիայի դեմ Անգլիայի պատերազմում։ Սակայն հազիվ թե այդ գործիչները նույն հաջողությունն ունենային, եթե հայտնվեին հեռուստաէկրաններին, այսինքն` մարդկանց տեսադաշտում։ Նախագահության թեկնածուներ Նիքսոնի և Քենեդիի ընտրապայքարի ընթացքում, քանի դեռ այն ընթանում էր գրավոր ելույթների և ռադիոուղերձների շրջանակներում, հաղթելու հավանականությունը առաջինի կողմն էր, իսկ երբ նրանք հանդես եկան հեռուստատեսությամբ, իրադրությունը հարյուր ութսուն աստիճանով փոխվեց, ու Քենեդին հաղթեց։ Ինչո՞ւմն էր գաղտնիքը։ Նրանում, որ Ջոն Ֆիցջերալդը, հմուտ հռետոր լինելուց բացի, տիրապետում էր ոչ վերբալ արվեստի նրբություններին։ Քաղաքական գործիչներին, հատկապես կառավարության ղեկավարներին, քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ոչ վերբալ շփումների այնպիսի ձևեր, որոնք օգնում են նրանց հասարակության աչքին երևալ մարդասեր, ազնիվ, հոգատար, համեստ, ճշմարտախոս։ Ոմանց դա հաջողվում է, ոմանց էլ՝ ոչ։

Ձայնը որպես ոչ վերբալ հաղորդակցման ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնի հնչերանգը մեծ նշանակություն ունի ոչ վերբալ հաղորդակցման մեջ։ Կապված նրանից, թե ինչ տոնայնությամբ ենք մենք արտասանում տվյալ բառը, կարող է արտահայտել մեր վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ։ Օրինակ՝ եթե դիմացինի ձայնը ցածր է, ուրեմն նա լուրջ անձնավորություն է, որին կարելի է վստահել։ Բարձր ձայն ասոցացվում է (զուգորդվում) կանացի կամ անձի թեթևամտության հետ։ Մոնոտոն (միապաղաղ) ձայնը չի փոխվում անգամ հարցական և բացականչական նախադասությունների մեջ։ Դրա համար հաճախ դժվար է հասկանալ, թե այդ ձայնով մարդը ինչ է ուզում արտահայտել. լուրջ է խոսում, թե կատակում է։ Մեղեդային, երաժշտական ձայնը, ի տարբերություն մոնոտոն ձայնի, երգեցիկ, ելևէջներով հարուստ և արտահայտիչ ձայն է։ Նման ձայն ունեցողը զգացմունքային անձնավորություն է և սովորաբար հեշտությամբ է հաղորդակցվում։ Ուշադրություն պետք է դարձնել նաև ձայնի տեմպին, այսինքն` մարդն արագ է խոսում, թե դանդաղ։ Հայտնի է, որ մենք խոսում ենք այն տեմպով, ինչ տեմպով որ մտածում ենք։ Եթե խոսում ենք խիստ դանդաղ, մեր զրուցակիցը «կտրվում է» մեզնից և սկսում է մտածել այլ բանի մասին։ Լավագույն դեպքում նա ձանձրանում է և սպասում զրույցի ավարտին։ Եթե խոսում ենք շատ արագ, դիմացինը կարող է չորսալ զրույցի կարևոր կետերը, կորցնել մտքի թելը և, վերջին հաշվով, «անջատվել»` անգամ ֆիզիկապես ներկա լինելու պարագայում։ Ձայնը վճռական նշանակություն է ունենում հեռախոսային խոսակցության ժամանակ, քանի որ այն դառնում է հաղորդակցության միակ և որոշիչ միջոցը։

Տարածական հաղորդակցման չորս գոտիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարակ Օբաման հանդիպում է Ուեն Ջիաբաոյին Նյու Յորքում:

Հոգեբանները ոչ վերբալ հաղորդակցությունը կամ մարմնի լեզուն սերտորեն կապում են մարդու, այսպես կոչված անձնական չորս գոտիների հետ։ Այս երևույթը հատկապես ուսումնասիրել է մարդաբան Է. Հոլը։ Այդ գոտիներն են. ա) 15-45 սմ, մարդու ինտիմ, անձեռնմխելի սեփականություն, որը կարող են խախտել միայն ամենամոտ մարդիկ; բ) 46-122սմ, դիվանագիտական պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների օպտիմալ տարբերակ; գ) 122-360 սմ, անծանոթ կամ ոչ մոտ ծանոթ մարդկանց հաղորդակցություն; դ) 360 սմ. և ավելի, դասախոսությունների և հրապարակային ելույթների դեպքում։ Ազգությունից ազգություն՝ գոտիների չափերը տատանվում են։ Ամերիկայի, Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Սկանդինավյան երկրների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչների համար, օրինակ, ընդունելի է այն տարբերակը, երբ գոտին կես մետրը չի գերազանցում։ Իսկ իտալացիների, իսպանացիների, լատինաամերիկացիների, ասիացիների և ճապոնացիների զոնան հասնում է մինչև 25 սմ։ Միջազգային հանդիպումներն ուշադիր դիտողը կարող է ականատես լինել զավեշտական տեսարանի։ Ասիացի և եվրոպացի դիվանագետների զրույցի ընթացքում առաջինն անընդհատ գրոհում է, իսկ երկրորդը` նահանջում։ Թերևս սա է պատճառը, որ ամերիկացիները և եվրոպացիները ասիացիներին համարում են անտակտ, իսկ վերջիններս առաջիններին` ամբարտավան։

Դեմքի արտահայտությունները և մարդկային հույզերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ վերբալ հաղորդակցման հետ սերտորեն կապված է մարդկային հույզերը, որոնք արտահայտվում են դեմքի միմիկաների միջոցով։ Այս տեսությունը ուսումնասիրել է ամերիկացի հայտնի հոգեբան, զգացմունքների և դրանց՝ դեմքի արտահայտությունների հետ կապի մասին ուսումնասիրություններում առաջիններից մեկը՝ Փոլ Էքմանը։ Նա իր հետազոտությունների արդյունքում ստեղծեց «զգացմունքների ատլաս»՝ ավելի քան տասը հազար դեմքի արտահայտություններով, և այժմ հայտնի է որպես «լավագույն մարդկային ստի դետեկտոր 21 աշխարհում»։ Նա առանձնացրել է 7 ունիվերսալ զգացմունքներ, որոնք ցանկացած ագզի, սեռի, ռասայի և տարիքի ներկայացուցչի դեմքին արտահայտվում են նույն կերպ։ Այս զգացմունքներն են՝ զայրույթ, զարմանքը, վախը, տխրությունը, զզվանքը, արհամարհանքը, ուրախությունը։

Զայրույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը պատկերում է զայրացած դեմք

Զայրույթը բացասական հույզ է, որը հաճախակի է արտահայտվում։ Զայրույթի ժամանակ մարդու վերին և ստորին կոպերը լարվում են (եթե իհարկե մարդ չի կենտրոնացել որևէ բանի վրա, հակառակ դեպքում դա վկայում է այն մասին, որ մարդը զայրացած է)։ Հաճախ հոնքերը մոտենում և իջնում են։ Երբ զայրույթն ուժեղանում է, նման տիպի արտահայտությունները դառնում են ավելի հաճախ, աչքերում երբեմն նկատվում է փայլ։ Հիմնականում բերանը փակ վիճակում է, շրթունքները սեղմված են, նեղացած։

Զարմանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմանքը այն զգացմունքներից է, որը հեշտ է տարբերակել։ Այդ երևույթի ժամանակ վերևի կոպերը բարձրանում են։ Սա չպետք է շփոթել հետաքրքրության հետ, երբ կոպերը բարձրացած են թեթևակիորեն։ Զարմանքի ժամանակ դեմքի այդպիսի արտահայտությունը տևում է մի քանի վայրկյան, այլապես այն կամ կեղծ է, կամ վկայում է նոր սկսվող վախի մասին։ Զարմանքը իր մեջ պարունակում է հոնքերի «մասնակցություն», որոնց շնորհիվ ճակատին երբեմն հայտնվում են կնճիռներ։ Զարմանքի ժամանակ մի փոքր բացվում է բերանը։

Վախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախի ժամանակ բարձրանում են վերին կոպերը, ներքևինները՝ լարվում։ Որքան ուժեղ է վախի զգացումը, այնքան ավելի ցայտուն են դրանք դրսևորվում։ Հաճախ հոնքերը բարձրանում են և մոտենում իրար, իսկ շրթունքները ձգվում են։ Երբ մարդը մրաժամանակ զգում է և զարմանք, և վախ, բերանը նկատելիորեն բացվում է։

Տխրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1672թ.-ի քանդակը պատկերում է Մարիա Մագդալենայի արցունք

Տխրության ժամանակ իջնում են վերին և ստորին կոպերը։ Հոնքերը միանում են ներսի հատվածում և թեթևակի բարձրանում՝ կազմելով «տնակ» աչքերի համար։ Երբեմն իջնում են բերանի անկյունները, դառնում Ո-անման, փոքր-ինչ առաջ է գալիս ներքևի շրթունքը։ Տխուր մարդկանց հայացքը հիմնականում ցրված է։ Երբեմն այս հույզերը դժվար է նկատել, քանի որ դրանք արտահայտվում են քառորդ վայրկյանում (միկրոէմոցիաներ) կամ քողարկվում են։ Բացի այդ ոչ վերբալ նշանները վերլուծելիս նախ պետք իմանալ մարդու «բազային պահվածքը». արդյոք մարդը ստում է, թե ուղղակի հայտնվել է դիսկոմֆորտ զոնայում։

Զզվանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ քթարմատի և քթի վրա հայտնվում են կնճիռներ, ապա դա նշանակում է, որ տվյալ անձը զզվում է։ Որքան դրանք շատ են, այնքան ուժեղ է զզվանքի զգացումը։ Երբեմն վերևի շրթունքը փոքր-ինչ բարձրանում է, իսկ ներքևինն առաջ է գալիս։

Արհամարհանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհամարհանքն արտահայտվում է բերանի մի անկյունի բարձրացմամբ։ Այս հույզը հեշտությամբ կարելի է հասկանալ իր դրսևորմամբ։ Սա արտահայտվում է ասիմետրիկ /միակողմանի ժպիտով։ Երբեմն աչքերում կարող է հայտնվել փայլ, որն արտահայտում է կեղծ ուրախություն։

Ուրախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրախությունն արտահայտվում է հիմնականում ծիծաղով, ժպիտով։ Այն կարող է լինել թեթևակի, այպես կոչված, «սոցիալական ժպիտ»։ Այն անկեղծ կոչել չի կարելի, քանի որ քաղաքավարության դրսևորում է. անկեղծ ուրախությանը միշտ մասնակցում են աչքի մկանները, և որպեսզի հնարավոր լինի տարբերել անկեղծ ուրախությունը կեղծից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աչքերին. մտովի փակել դեմքի ներքևի մասը և նայել աչքերին, եթե նրանք «ժպտում են», ապա հույզը կեղծ չէ։

Բոլոր վերոնշյալ հույզերից ուրախությունը տարբերվում է նրանով, որ կարող է արտահայտվել միայն մեկ մկանի օգնությամբ այն դեպքում, երբ մնացածների դեպքում անհրաժեշտ է 3-5-ը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]