Նվարդակ քնարաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվարդակ քնարաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խաչածաղկավորներ
Տեսակ Նվարդակ քնարաձև
Լատիներեն անվանում
Lepidium lyratum


Նվարդակ քնարաձև (լատին․՝ Lepidium lyratum), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա խոտաբույս է։ Ցողունը չռված-ճյուղավոր է և ունի 20–60 սմ բարձրության։ Տերևները կաշենման են, ստորինները՝ քնարաձև–փետրաձև, ցողունայինները՝ գծային, վաղ չորացող, որի պատճառով ցողունը թվում է անտերև։ Բույսի ծաղիկները քառատիպ են, սպիտակ պսակաթերթերով, պատիճակները ձվաձև կամ էլիպսաձև են, անթև և ունեն 1,5–2 մմ երկարություն, 1,5 սմ լայնություն, սռնակը նստադիր է[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Ջրվեժ, Նորք, Դալմայի այգիներ, Փարաքար, Խաթունարխ, Այղր լիճ, Լենուղի գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Ջերմուկ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Արևելյան Նախակովկասը, Հայաստանը և Նախիջևանը, ինչպես նաև Հյուսիսարևելյան Անատոլիան ու Հյուսիսարևմտյան Իրանը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800–1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, խճոտ, ժայռոտ լանջերին։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում հունիս-հուլիս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²–ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²–ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.