Յան Յասկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Յասկևիչ
Jan Jaśkiewicz
Ծնվել է1749, հուլիսի 6
Լվով
Մահացել է1809, նոյեմբերի 14
Կրակով
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
Մասնագիտությունբժիշկ, դեղաբան, ֆիզիկոս, քիմիկոս, հանքաբան, երկրաբան, մետաղագետ, ճարտարագետ, բնագետ
Հաստատություն(ներ)Կրակովի համալսարան
ԱնդամակցությունWarsaw Scientific Society?
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
 Jan Dominik Jaśkiewicz Վիքիպահեստում

Յան Յասկևիչ (լեհ.՝ Jan Jaśkiewicz, գրվել է նաև՝ Յան (Հովհաննես) Դոմինիկ Պյոտր Յաշկևիչ, հուլիսի 6, 1749(1749-07-06), Լվով, Ռուսական վոեվոդություն, Ռեչ Պոսպոլիտա - նոյեմբերի 14, 1809(1809-11-14), Կրակով, Վարշավայի դքսություն), ծագումով հայ լեհական բժիշկ, դեղաբան, ֆիզիկոս, քիմիկոս, հանքաբան, երկրաբան, մետաղագետ, ճարտարագետ, բնագետ, գյուտարար։ Կրակով Յագելոնյան կայսերական համալսարանի հանքաբանության և ֆիզիկայի պրոֆեսոր, Փարիզի Արքունի համալսարանի, Արքունի բժշկական ընկերության, Ֆրանսիայի թագավորական և Վիեննայի կայսերական գիտությունների ակադեմիաների թղթակից անդամ, Լեհաստանի արդյունաբերության և օգտակար հանածոների գծով լեհական արքունիքին առընթեր հանձնախմբի գլխավոր խորհրդական, Կրակովի համալսարանի ֆիզիկայի գիտական խորհրդի նախագահ։

Ծնվել է հարուստ վաճառական հայ ազնվականի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1775 թ.-ին ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և, պաշտպանելով ատենախոսություն. «Բույսերի օգտագործումը դեղագործության մեջ կամ Նախածին բանք բժշկության» թեմայով (տպագրվել է 1775 թ.-ին, 264 էջ, ձոնված է Ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզային), ստացել բժշկական դոկտորի աստիճան։ Կատարելագործվել է Փարիզի թագավորական համալսարանում բնական գիտությունների գծով։ Վերադառնալով Կրակով, հիմնել է իր կլինիկական հիվանդանոցը և զբաղվել բժշկությամբ։ Շուտով ամբողջ Լեհաստանում և Եվրոպայում հռչակվել է որպես փորձառու և բարեխիղճ բժիշկ։ Եղել է Լեհաստանի վերջին թագավոր Ստանիսլավ Պոնիատովսկու արքունական բժշկապետը։ Մեծահարուստ ծնողներից ստացած ժառանգությունը առատորեն օգտագործել է չունևորների բուժման կարիքների համար։

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտամանկավարժական գործունեությունը սկսել է Լվովի համալսարանում։ 1780 թ.-ին հրավիրվել է Կրակովի կայսերական բարձրագույն դպրոց (հետագայում՝ Յագելոնյան համալսարան), աշխատելու որպես քիմիայի և բնության պատմության պրոֆեսոր։ Այստեղ նա 1780-1786 թթ.-ին հիմնադրել ու ղեկավարել է բնագիտության, հանքաբանության, քիմիայի ամբիոնները, քիմիայի լաբորատորիան, վիրաբուժության, անատոմիայի և մանկաբարձության ամբիոնները, կլինիկական հիվանդանոցը, Կրակովի բուսաբանական-տնկաբանական այգին, որը լավագույններից մեկն էր Եվրոպայում։ 1789 թ.-ից եղել է նույն համալսարանի բնագիտական խորհրդի նախագահը։

Լինելով Յագելոնյան համալսարանի բժշկական բաժանմունքի նախագահը՝ Անտուան Լավուազյեի տեսության առաջին հետևորդն ու տարածողն է Լեհաստանում։ Լեհաստանի քիմիայի առաջին պրոֆեսորն է, ինչպես նաև հանքաբանության ու քիմիայի տերմինաբանության հիմնադիրը։

Կյանքի ընթացքում նախասիրած գիտությունների մեջ խորանալու նպատակով եղել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում։

Ներդրում օդագնացության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1784 թ.ապրիլի 19-ին Լեհաստանում օդ բարձրացած առաջին օդապարիկի չորս հեղինակներից է։ Օդապարիկը օդ բարձրացավ բուսաբանական այգուց, և կես ժամ թռչելով Կրակովի և նրա շրջակայքի վրայով, ռեկորդ սահմանեց երկրից ունեցած առավելագույն բարձրության և օդում մնալու տևողությամբ՝ առաջ անցնելով ֆրանսիացիներից։

Ներդրում հանքաբանության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գիտական աշխատություններում նկարագրել է երկրում առկա բոլոր օգտակար հանածոները, հիմնել հանածոների առաջին թանգարանը Լեհաստանում, մեծապես նպաստել երկրի հանքարդյունաբերության և քարածխի արդյունահանման գործին։ 1878 թ.հուլիսի 25-ին Յագելոնյան համալսարանի գլխավոր նիստում, որին ներկա էր նաև թագավորը, կարդացել է իր գիտական զեկույցը, որում խոսել է լեռների առաջացման և երկրի մակերևույթի փոփոխությունների, ինչպես նաև Լեհաստանի ընդերքի բոլոր հանքանյութերի մասին։ 1789 թ.-ից եղել է Լեռնագործության և մետաղագործության հարցերի հանձնաժողովի գլխավոր խորհրդականը, ղեկավարել Սիերկիևիչեյումկատարվող հանքային հանածոների արդյունահանման աշխատանքները։ 1789-1790 թթ.-ին ղեկավարել է Լեհաստանի ածխի հանքավայրերի հետազոտությունը, կազմել հանքաբանական քարտեզներ։

Մեծ ծառայություն ունի Լեհաստանի հանքային ջրերի բուժական հատկությունների ուսումնասիրման ասպարեզում։ Նա առաջինն է կատարել Կշեչովիցեի հանքային ջրերի քիմիական վերլուծությունները։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Դրվագներ մետաղագիտության մասին» (ԼԺՀ ԳԱ հրատարակչություն, 1969 թ.), «Կշեշովիցեյի ծծմբաջրերի մասին» (1783 թ.), «Կրակի նոր թեորեմը» (1784 թ.), «Դրվագներ քիմիայի մասին», բժշկագիտական մենագրություններ ու թարգմանություններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Յասկևիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 118