Հարություն Մինասյան (հոգեբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մինասյան (այլ կիրառումներ)
Հարություն Մեսրոպի Մինասյան
Դիմանկար
Ծնվել է1952, հուլիսի 5
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՄասնագիտությունՀոգեբույժ-հոգեթերապևտ

Հարություն Մեսրոպի Մինասյան (հուլիսի 5, 1952(1952-07-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, հոգեբույժ-հոգեթերապևտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1976 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1976-1977 թվականներին Երևանի 2-րդ բուժմիավորման հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքում անցել է ինտերնատուրա և ստացել թերապևտի որակավորում։ 1977-1978 թվականներին Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում անցել է մասնագիտացման դասընթաց և ստացել հոգեբույժի որակավորում։ 1977-1980 թվականներին աշխատել է Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում, որպես բաժանմունքի վարիչ և օրդինատոր։ 1980-1983 թվականներին աշխատել է Սովետաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում, որպես օրդինատոր։ 1983-1988 թվականներին աշխատել է ԵրՊԲԻ հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնում, որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ ասիստենտ։ Կատարել է գիտական աշխատանք «Հարբեցատենդի գենետիկան. կլինիկա-տոհմաբանական ուսումնասիրություն» թեմայով։ 1985-1986 թվականներին աշխատել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության բուժական-կանխարգելողական վարչության Թմրաբանական բաժնի պետ։ 1983 թվականին Սովետաշենի ՀՀՀ-ում, և 1986 թվականին Նորքի ՀՀԿԴ-ում կազմակերպել է Երևանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարանին առընթեր հոգեբուժական պրոֆիլի բուժհիմնարկներում աշխատող բուժքույրերի վերապատրաստման 4-ամսյա դասընթացներ և եղել դրանց ղեկավարն ու դասախոսը։ 1988-1990 թվականներին աշխատել է Երևանի Լենինյան շրջգործկոմի առողջապահության բաժնի տեսուչ, 1988-1989 թվականներին՝ Երևանի թիվ 13 պոլիկլինիկայում որպես հոգեթերապևտ, 1989 թվականից՝ Երևանի թիվ 11 պոլիկլինիկայում (ներկայումս կոչվում է «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն՝ ԱԿ), որպես հոգեթերապևտ։ 2005-2006 թվականներին համատեղությամբ աշխատել է Մխիթար Հերացու անվան ԵրՊԲՀ հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնին առընթեր ԿԳՀԼ գիտաշխատող։ 1994-1998 թվականներին եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության գլխավոր հոգեթերապևտը։ Տարբեր տարիներ համատեղությամբ աշխատել է Երևանի թիվ 2 բժշկական ուսումնարանի «Նյարդային և հոգեկան հիվանդություններ» առարկայի դասատու, ՀԼԿԵՄ ԿԿ զոնայի ՈՒՇՋ գլխավոր բժիշկ, Երևանի թիվ 11 Օժանդակ գիշերօթիկ դպրոցի հոգեբույժ, «Սթրես» Հոգեկան առողջության ինստիտուտի ավագ լաբորանտ, ԵրՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի հոգեբանության բաժնի դասախոս, Երկրաշարժից տուժածների Երևանի «Նաիրիտ» հիվանդանոցի հոգեթերապևտ (անվճար), Ուսանողական կենտրոնական պոլիկլինիկայի հոգեբույժ, Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի (տնօրեն՝ Ա. Նալչաջյան) նախագծի ղեկավար և այլն։

Մասնագիտացման և վերապատրաստման դասընթացներ է անցել Երևանի ԲԿԻ և ԱԱԻ հոգեբուժության, նարկոլոգիայի և հոգեթերապիայի ամբիոնում (1977, 1993, 1996, 1999, 2006, 2011), Մոսկվայի հոգեկան առողջության ՀԳԿ-ում (1982), Մոսկվայի ԲԿԿԻ հոգեբուժության ամբիոնում (1982, 1988), Քասախի նևրոզների հանրապետական հիվանդանոցում (1990)։

Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային գիտաժողովների՝ Երևանում (1980, 1987, 1996, 1999, 2004), Սուզդալում (1986), Սանկտ Պետերբուրգում (1986)։

1992-1998 թվականներին եղել է «Նարեկ» բժշկական գիտահանրամատչելի ամսաթերթի (լույս է տեսել 79 համար) տնօրեն-խմբագիրը։ 2001 թվականին հիմնադրել և ղեկավարում է Հայ կենսագիրների ակումբը, որի ամենամսյա նիստերին մասնակցում են գիտնականներ, պատմաբաններ, բժիշկներ, մանկավարժներ, գրողներ, լրագրողներ և այլն։

1976-1980 թվականներին, լինելով Երևանի երիտասարդական երգչախմբի անդամ, նրա կազմում շրջագայել է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրներում։ Սևանի և Սովետաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցներում կազմակերպել է հիվանդներից և բուժաշխատողներից կազմված խառը երգչախմբեր և մասնակցել դրանց համերգներին։ Սևանի շրջանի գեղարվեստական ինքնագործունեության խմբերի փառատոնում երգչախումբն արժանացել է պատվոգրի։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է Հայկական հոգեբուժական ընկերակցության վարչության անդամ, Հայաստանի բժշկական գենետիկների և նեյրոհերեդիտար հիվանդությունների ընկերակցությունների անդամ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, «Առողջապահություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» խմբագրական-հրատարակչական խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ գիտաբժշկական գրադարանի գիտխորհրդի անդամ։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է բժշկա-առողջապահական, բժշկա-պատմական, պատմագրական, ազգագրական, հոգեբանական, բանասիրական, հրապարակախոսական, կենսագրական մի քանի հարյուր հոդվածների, որոնք տպագրվել են թերթերում ու հանդեսներում, հաղորդվել ռադիոյով ու հեռուստատեսությամբ։

Հեղինակ է նաև մեկ տասնյակ գիտական հոգեբուժական և մի այդքան էլ գիտական բժշկապատմական հոդվածների։ Հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է հայ բժշկության, և հատկապես հայ հոգեբուժության պատմության հարցերով։ Երկար տարիների պրպտումների արդյունքում ստեղծել է աշխարհի հայ բժիշկների կենսագրականների և լուսանկարների պատկառելի արխիվ։

Նրա խմբագրությամբ լույս են տեսել Վ. Դավթյանի «Հոգեբուժություն» և «Հոգեբույժը հրավիրում է զրույցի» գրքերը։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Է. Բաբայանի «Ուշադրություն, թույն է», Լ. Զեմսկովի «Մի հավատա, մայրիկ...» գրքերը։ Նրա հեղինակած գրքերից են «16-19-րդ դարերի լեհահայ բժիշկներ», «Հայ բժշկական պարբերական մամուլն աշխարհում 1855-2000 թվականներին»։

Հայ բժշկության թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին 11 պոլիկլինիկայի ղեկավարության աջակցությամբ, հոգեթերապիայի բաժանմունքում հիմնադրել է Հայ բժշկության թանգարան[1], որտեղ ցուցադրված են նրա անձնական հավաքածուի (շուրջ 30 000 ցուցանմուշ) մասը կազմող շուրջ 5000 ցուցանմուշներ։ 2010 թվականին հոկտեմբերի 6-14-ը Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում անցկացվել է Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանի մասը կազմող «Հայ բժիշկները` հայ գրականության մշակներ» հավաքածուի ցուցահանդեսը։ 2014 թվականին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանում անցկացվել է Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանի մասը կազմող «Մետաղների դերը և կիրառությունը բժշկության մեջ» խորագիրը կրող ցուցահանդես-դասախոսությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Սոցմրցության հաղթող» նշանով (1978), պատվոգրերով, Աշխատավորների ինքնագործ արվեստի համամիութենական առաջին փառատոնի դափնեկրի ոսկե մեդալով, առաջին աստիճանի դիպլոմով (երգչախմբի կազմում), Լեհաստանի տուրիստական ուղեգրով (ՀԼԿԵՄ Կենտկոմի կողմից)։ Հայաստանի «Գիտելիք» ընկերության կողմից պարգևատրվել է ԳԴՀ-ի տուրիստական ուղեգրերով։

Խմբագրած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Դավթյան, «Հոգեբուժություն» Ա գիրք, Ե., 1992։
  • Վ. Դավթյան, «Հոգեբույժը հրավիրում է զրույցի», Ե., 1992։
  • Հ. Հովասափյանի և Վ. Հովասափյանի «Ակնարկներ հայ բժշկության պատմությունից», Ե., 2004

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 16-19-րդ դարերի լեհահայ բժիշկներ, Ե., 2001, 62 էջ (շուրջ 30 անուն)
  • 100 հայ հոգեբույժներ (1-ին հարյուրյակ), Կենսագրական բառարան, Գիրք Ա, Ե., 2002, էջ 224[2]
  • Հարյուր հայ հոգեբույժներ (2-րդ հարյուրյակ), Կենսագրական բառարան, Գիրք Բ, Ե., 2004, 256 էջ
  • Հարյուր հայ հոգեբույժ (3-րդ հարյուրյակ), Կենսագրական բառարան, Գիրք Գ, Ե., 2005, էջ 256
  • 111... բռնադատված հայ բժիշկներ, 1920-1954 թթ., Կենսագրական բառարան, Գիրք Ա, Ե., 2006, 248 էջ
  • Հոգեբույժ Հարություն Մինասյանը պատասխանում է ձեր հազար ու մի հարցերին, Գիրք Ա, Ե., 2007, 112 էջ, 33 ծաղրանկար
  • Հարյուր հայ հոգեբույժներ (4-րդ հարյուրյակ), Կենսագրական բառարան, Գիրք Դ, Ե., 2009, 240 էջ
  • Հարյուր հայ հոգեբույժներ (5-րդ հարյուրյակ), Կենսագրական բառարան, Գիրք Ե, Ե., 2010, 304 էջ։
  • Լավ է կույր աչոք, քան կույր մտոք, Ականավոր կույր հայեր, Կենսագրական բառարան (143 անուն), Ե., 2012, 336 էջ
  • Օսմանյան Կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ։ Համառոտ կենսագրական բառարան (շուրջ 500 անուն), Ե., 2014, 523 էջ

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Բաբայան, «Ուշադրություն, թույն է», Ե., 1982, 1986։
  • Լ. Զեմսկով, «Մի հավատա, մայրի՚կ....», Ե., 1984։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թանգարանային բժշկություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. 100 հայ հոգեբույժներ