Մուշեղ Սարգսյան (մանկավարժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշեղ Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1916 |
Ծննդավայր | Մարտակերտ, Ադրբեջան |
Մահացել է | 1967 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Մուշեղ Սողոմոնի Սարգսյան (Մամունց, 1916, Մարտակերտ, Ադրբեջան - 1967), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1941): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուշեղ Սարգսյանը ծնվել է 1916 թվականին, Ղարաբաղի Մարտակերտ գյուղում։ 1936 թվականին ավարտել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը, աշխատանքի անցել սկզբից Չափարի, այնուհետև՝ Մարտակերտի միջնակարգ դպրոցներում, դասավանդել է պատմություն։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում[1]։
Մեծ հայրենականի նախօրյակին Սարգսյանը մեկնել է կարմիր բանակ։ 1941 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Սարգսյանի մարտական ուղին անցել է Լվով, Բոբրույսկ, Մինսկ, Բարանովիչ, Կերչ, Բելոստոկ, Բրեստ, Վարշավա, Դանցիգ, Պրահա քաղաքներով, հասել Բեռլին։ Սարգսյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները հաղթահարել են թշնամու դիմադրությունը Դնեպր, Օդեր, Նարև, Վիսլա և այլ գետերն անցնելիս։ Արժանացել է Կարմիր աստղի երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր դրոշի շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով։ Նարև գետի պաշտպանական գծի մոտ տեղի ունեցած կատաղի մարտերի ժամանակ դիվիզիան ընկել է շրջափակման մեջ, բայց Սարգսյանը ճեղքել է շրջապատման օղակը և ապահովել մեր զորքերի նահանջը։ Նարև գետի ափին ցուցաբերած խիզախության համար Սարգսյանը պարգևատրվել է մարտական Կարմիր դրոշի շքանշանով[1]։
Պատերազմից հետո հրամանատարությունը Սարգսյանին թողել է խորհրդային բանակում։ Եղել է գնդի պրոպագանդիստ, գնդի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, զորամասի քաղբաժնի պետ։ Աշխատանքին զուգընթաց փոխգնդապետ Սարգսյանը ԽՄԿԿ պատմություն է դասավանդել դիվիզիայի կուսակցական դպրոցում, Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում։ 1951 թվականին ավարտել է պատերազմի պատճառով կիսատ թողած մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը, 1955 թվականին՝ Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (հեռակա)։ Զորացրվելուց հետո պատասխանատու պաշտոն է վարել Հայկական ԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունում։ Ձեռնամուխ էր եղել իր և ընկերների անցած մարտական ուղու մասին հուշեր գրելուն[1]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուշեղ Սարգսյանը մահացել է 1967 թվականին[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի շքանշան (կրկնակի)
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
- ↑ «The memorial of Sargsyan Mushegh (Մուշեղ Սարգսյան Սողոմոնի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.