Մշակութային բազմազանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշակութային բազմազանություն, ամենատարբեր մշակույթների բազմազանություն, ի տարբերություն միատարր մշակույթի կամ գլոբալ մոնոկուլտուրայի կամ մշակութային տարբերությունների ջնջման, որը նման է մշակութային անկման։ «Մշակութային բազմազանություն» տերմինը նաև նշանակում է հարգանք այլ մշակութային ուղղությունների հանդեպ, որոնք իրենց ուրույն առանձնահատկություններով, որոնք են՝ կենցաղային, գաղափարային, ժողովրդավարական, քաղաքական և այլն, տարբեր են մյուսներից։ Երբեմն «մշակութային բազմազանություն» տերմինն օգտագործվում է՝ ցույց տալու համար մարդկային համայնքների կամ մշակույթների գոյությունը որևէ որոշակի տարածքում կամ առհասարակ աշխարհում։ «Գլոբալացում» տերմինի մեջ հաճախ մշակութային բազմազանության վրա բացասաբար ազդելու երանգ է դրվում։

Ընդհանուր պատկերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում գոյություն ունեն միմյանցից տարբեր բազմաթիվ համայնքներ։ Եվ շատ համայնքներ պահպանվում են իրենց արժեհամակարգում տեղ գտած մի շարք սովորություններ։ Դրանից բացի, գոյություն ունեն մշակութային տարբերություններ մարդկանց միջև, ինչպիսիք են, օրինակ, լեզվական, հագուստի ու ավանդույթների տարբերությունները։ Հանրություններն առանձնանում են <<բարոյականության>>, շրջապատող աշխարհի հանդեպ իրենց վերաբերմունքով։ Մշակութային բազմազանությունը դիտարկվում է որպես կենսաբազմազանության նմանողություն, սակայն ի տարբերություն կենսաբազմազանության, այստեղ մշակույթը ձևավորված է ժամանակի ընթացքում, տվյալ համայնքի, ժողովրդի կամ ազգության պատմության, արժեքների, ավանդույթների, գենդերային դերերի հիման վրա։

Տերմիններ և Եզրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային բազմազանության մասին խոսելիս չենք կարող զերծ մնալ մի շարք տերմիններից, որոնք հասարակական զարգացման ընթացքում ներդրվել են մեր գիտական, մշակութային, քաղաքական և կյանքի այլ ոլորտներում, առավել պարզ ու հստակ հասկանալու բազմազանության գաղափարախոսույթունը և դրանում առկա, կարևոր տարբեր շերտերը։ Տերմինները շատ են, բայց կարևոր այնքանով, որ յուրաքանչյուր տերմին բնութագրիչ է հանդիսանում որևէ մարդու, սովորույթի, արժեքի, որոնք այնուամենայնիվ կարևոր են, քանի որ յուրաքանչյուր ոք ուղղակիորեն կարող է ունենալ և ունի առնչություն այդ տերմիններն իրենց վրա կրող որևէ արժեքի հետ։ Մշակութային բազմազանության մասին խոսելիս կարևոր է առանձնացնել այն հիմքերը, որոնցով յուրաքանչյուրը տարբեր է մյուսից։ Դրանք են ռասսան, լեզուն, կրոնը, տարիքը, գենդերային ինքնությունը, սոցիալական կարգավիճակը, ամուսնական կարգավիճակը, սեռական ուղղվածությունը (կամ սեռական կողմնորոշումը), առողջական կարգավիճակը, մարդկանց կենսակերպը, գենետիկական առանձնահատկությունները, քաղաքական հայացքները, մարդկանց արտաքինը և այլն։

Ներքոնշյալ յուրաքանչյուր հիմքին վերաբերող տերմիններն են ու եզրերը, որոնք հեշտացնում են մշակութային բազմազանություն հասկացությունը սահմանելը։

Ռասսա - Նեգրոիդ ռասա, Եվրոպեոիդ ռասա, Մոնղոլոիդ ռասա

լեզու - Թերևս ամենատարածված առանձնահատկություններից է, որը մարդիկ կրում են։ Մարդիկ խոսում են միմյանցից տարբեր և նման մի շարք լեզուներով, օրինակ՝ ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն, իսպաներեն, լատիներեն և այլն։

Կրոն - Կրոնը ևս այն առանձնահատկություններից, որը սակայն հիմք է հանդիսանում սխալ, բռնարար վարք դրսևորելու համար, դրսևորելու օտարատյացություն (քսենոֆոբիա)։

Տարիք - Տարիքը կարող ենք սահմանել մեր ապրած տարիներով։ Շատ հաճախ տարիքը հանդիսանում է խտրականության պատճառ, որը կոչվում է էյջիզմ։

Գենդերային ինքնություն - գենդեր , ագենդեր , բիգենդերապագենդեր, գենդեր ոչ համապատասխան, գենդեր ֆլյուիդ, գենդեր բազմաբևեռ, տրանսգենդեր։

Սոցիալական կարգավիճակ - աղքատություն, հարստություն, օլիգարխիա (սակավապետություն), հաշմանդամություն և այլն։

Ամուսնական կարգավիճակ - կին, ամուսին, կանայք, ամուսիններ, ամուրի, այրի, ամուսնություն, նույնասեռական ամուսնություն, երկսեռական ամուսնություն և այլն։

Սեռական կողմնորոշում կամ սեռական ուղղվածություն - ԼԳԲՏՔ+ (ԼԳԲՏ), Նույնասեռականություն, Երկսեռականություն, տրանսեքսուալություն, Լեսբուհի, գեյ, Բիսեքսուալ, տրանս, քվիր (queer), միջսեռական կամ ինտերսեքս (intersex), անսեռական կամ ասեքսուալ (asexual), պանսեքսուալ, պոլիսեքսուալ և այլն։

Դեմ և կողմ կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբազմազանության նմանությամբ, որը դիտարկվում է որպես կենդանի աշխարհի երկարատև գոյատևման գործոն, կարելի է պնդել, որ մշակութային բազմազանությունը կենսական կարևորություն ունի մարդկության երկարատև գոյատևման համար և որ ինքնաբավ մշակույթների պահպանումը կարող է կարևոր լինել, քանի որ այն պահպանում է կենսաբանական տեսակների ու էկոհամակարգի գոյությունն ամբողջապես։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովն այս եզրակացությանն է եկել 2001 թվականին՝ հաստատելով Մշակութային բազմազանության վերաբերյալ համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածը, որն ասում է, որ «մշակութային բազմազանությունն անհրաժեշտ է մարդկությանն այնպես, ինչպես կենսաբազմազանությունն անհրաժեշտ է բնությանը»[1]։ Որոշ մարդիկ մի քանի պատճառներով վիճարկում են այս պնդումը։ Նախ, ինչպես մարդկային էության էվոլուցիոն գործոնների մեծ մասը, մշակութային բազմազանության կարևորությունը շարունակականության համար չստուգված հիպոթեզ է, որը չի կարող ո՛չ հաստատվել, ո՛չ մերժվել։ Երկրորդ, կարելի է հակադրվել՝ ասելով, որ «ավելի քիչ զարգացած հասարակությունները» պահպանելն էթիկայի կանոններին դեմ է, քանի որ դա զրկում է այդպիսի հասարակությունների մաս կազմող մարդկանց օգտվել այնպիսի տեխնիկական ու բժշկական նորույթներից, որոնցից օգտվում է «զարգացած աշխարհը»։ Այսպես, աղքատության խթանումը ցածր զարգացած երկրներում որպես «մշակութային բազմազանություն» համարվում է էթիկային դեմ, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած կրոնական ծեսերի խթանումը, եթե դրանք ուղղակի դիտարկվում են որպես մշակութային բազմազանության բաղադրիչ մաս։ Որոշակի կրոնական ծեսեր էթիկային դեմ են ճանաչվել Համաշխարհային առողջապահական կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից, այդ թվում են կանացի թլպատումը, բազմակնությունը, ամուսնությունը երեխաների հետ և մարդկային զոհաբերությունը[2]։ Գլոբալացման ծագման հետ պատմականորեն ձևավարոված մի շարք պետություններ ընկել են անասելի ճնշման տակ։ Տեխնոլոգիաների զարգացման մեր ժամանակաշրջանում տեղեկատվությունն ու կապիտալը դուրս են գալիս աշխարհագրական սահմաններից ու վերաձևափոխում են շուկաների, երկրների ու մարդկանց միջև հարաբերությունները։ Մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցների զարգացումն էականորեն ազդել է մարդկանց ու հասարակությունների վրա ամբողջ աշխարհում։ Որոշակի օգտակարության հետ նման համընդհանուր հասանելիությունը բացասաբար է ազդում հասարակությունների ինքնության վրա։ Աշխարհում տեղեկատվության արագ տարածման հետ վտանգվում են մշակույթի նշանակությունն ու մշակութային արժեքները։ Արդյունքում անձի ու հասարակության ինքնանույնականացումն սկսում են թուլանալ[3][4]։ Որոշ մարդիկ, մասնավորապես, նրանք, ովքեր կրոնական խիստ համոզմունքներ ունեն, պնդում են, որ հասարակության որոշակի մոդելի պահպանումը բխում է յուրաքանչյուր մարդու և համայն մարդկության շահերից։ Ներկայումս երկրների միջև շփումներն առավել ինտենսիվ են դառնում։ Եվ ավելի ու ավելի շատ ուսանողներ են որոշում սովորել այլ մայրցամաքներում, որպեսզի իրենց վրա զգան մշակութային բազմազանությունը։ Նրանց նպատակն է ընդլայնել իրենց մտահորիզոնն ու զարգացնել իրենց անձը այլ մայրցամաքներում կյանքը ճանաչելու միջոցով։ Օրինակ, ըստ Ֆենգլինգի, Չենի, Դու Յանյունի ու Յու Մայի «Ակադեմիական ազատատությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում» աշխատության, Չինաստանում կրթությունը մեծապես կառուցվում է «ինչպես ընդունված է, նյութի մանրամասն բացատրման և մեխանիկորեն անգիր սովորելու վրա»։ Չինական ավանդական կրթական համարկարգը հիմնված է ուսանողի կողմից որոշակի նյութ անգիր անելու վրա։ Եվ «լսարաններում չինացի պրոֆեսորները գիտելիքի կրողն են ու իշխանության խորհրդանիշը, ուսանողները Չինաստանում իրենց դասավանդողներին մեծ հարգանքով են վերաբերվում»։ Մյուս կողմից, ԱՄՆ-ի կրթական համակարգում «ամերիկյան ուսանողները քոլեջի դասախոսներին իրենց հավասար են համարում»։ Բացի դրանից, խրախուսվում են բանավեճերը դասախոսների հետ։ Ամենատարբեր թեմաներով բաց քննարկումները հատուկ են ամերիկյան քոլեջների ու համալսարանների մեծամասնությանը։ Քննարկումն ամերիկյան ու չինական կրթական համակարգերի գլխավոր տարբերությունն է։ Սակայն անհնար է միանշանակ հայտարարել, թե որն է դրանցից ավելի լավ, քանի որ յուրաքանչյուր մշակույթ ունի իր առավելություններն ու բնորոշիչ գծերը։ Հենց այդ մշակութային տարբերություններն ու բազմազանությունն են աշխարհն ավելի բազմագույն դարձնում։ Արտերկում սովորող ուսանողները, ովքեր զարգացման համար համադրում են երկու տարբեր մշակույթների դրական կողմերը, առավելություն են ունենում իրենց ամբողջ կարիերայի համար։ Մասնավորապես, հաշվի առնելով ներկայիս գլոբալացվող տնտեսության գործընթացը, տարբեր մշակույթների փորձը կրող մարդիկ ժամանակակից աշխարհում ավելի մրցունակ են[5]։

Քանակական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային բազմազանությունը հաշվարկի չի ենթարկվում, սակայն որպես ցուցիչ կարելի է օգտագործել լեզուների թվաքանակը, որով խոսում են տվյալ տարածաշրջանում կամ ամբողջ աշխարհում։ Այդ ցուցիչն օգտագործելով՝ մենք կարող ենք հաշվի չառնել տնտեսական անկման շրջանը, որն էական ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակութային բազմազանության վրա։ Նախորդ դարի 90-ական թվականներին Դեյվիդ Կրիստալի անցկացված հետազոտություններն ապացուցել են, որ այդ ընթացքում, միջինը 2 շաբաթում գործածությունից դուրս էր գալիս մեկ լեզու։ Նա հաշվել է, որ եթե մեռնող լեզուների գործակիցը պահպանվի, ապա մինչև 2100 թվականը կվերանա այժմ գոյություն ունեցող լեզուների 90%-ը[6]։ Գերբնակեցվածությունը, արտագաղթը և իմպերիալիզմը այն պատճառներն են, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել՝ լեզուների վերացման պատճառները բացատրելիս։ Միևնույն ժամանակ կարելի է նաև պնդել, որ գլոբալացման հետ մշակութային բազմազանության նվազումն անխուսափելի է, քանի որ տեղեկատվության փոխանակումը միշտ հանգեցնում է համանմանեցման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Всеобщая декларация ЮНЕСКО о культурном разнообразии" UNESCO Universal Declaration On Cultural Diversity (in French, English, Spanish, Russian, and Japanese). UNESCO. Retrieved 24 July 2012
  2. Starr, Amory; Jason Adams (2003)."Anti-globalization: The Global Fight for Local Autonomy" New Political Science. 25 (1): 19–42
  3. http://sydney.edu.au/law/tlc/docs/211020062211418ry4cq.pdf(չաշխատող հղում)
  4. https://books.google.am/books?id=MywOAoRdJP4C&pg=PR9
  5. Fengling, Chen; Yanjun, Du; Ma, Yu (1991). "Academic Freedom In The People's Republic Of China And The United States Of America". Education. 112 (1): 29–33
  6. David Crystal Language Death Cambridge University Press, 2000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Khal Torabully (with Marina Carter), Coolitude: An Anthology of the Indian Labour Diaspora, Anthem Press 2002) ISBN 1-84331-003-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշակութային բազմազանություն» հոդվածին։