Միջաստղային միջավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alpha Capricorni.jpg

Միջաստղային միջավայր, գալակտիկաներում աստղերի միջև գտնվող, նոսր գազով, փոշիով, ինչպես նաև մագնիսական դաշտերով, ճառագայթման քվանտներով ու տիեզերական ճառագայթներով լցված միջավայր, որն աստղերի մերձակայքում փոխարկվում է միջմոլորակային միջավայրի։ Միջաստղային գազը կազմված է առանձին ատոմներից ու մոլեկուլներից, որոնցից գերակշռում են ջրածնի ու հելիումի ատոմերը (ըստ ատոմների թվի, համապատասխանաբար՝ 90% և 10%)։ Շատ փոքր քանակով հանդիպում են թթվածնի, ածխածնի, նեոնի, ազոտի և այլ տարրերի ատոմներ, մոլեկուլներից Н₂-ը ամենատարածվածն է, կան նաև CH, ОН, H₂0, NH₃,CH₂0 և այլ (թվով շուրջ 40) մոլեկուլներ։ Չնայած խիստ փոքր քանակին, առաջինը հայտնաբերվել են միջաստղային կալցիումը և նատրիումը, որոնց ամենաուժեղ սպեկտրային գծերը գտնվում են սպեկտրի տեսանելի մասում։ Միջաստղային փոշին, որը միջաստղային կլանում է առաջացնում, կազմված է շուրջ 10⁻⁵ սմ տրամագծով փոշեհատիկներից։ Միջաստղային գազի և փոշու քանակը տարբեր է ձևաբանական տարբեր դասերին պատկանող գալակտիկաներում։ Օրինակ, էլիպսաձև գալակտիկաներում գազ գրեթե չկա, մինչդեռ անկանոն գալակտիկաներում այն կազմում է ընդհանուր զանգվածի մինչև 15%-ը։ Միջաստղային նյութը կենտրոնացած է գալակտիկաների սիմետրիայի հարթության շուրջը (սկավառակաձև) առանձին խտացումներով՝ ամպերով, որոնց տրամագիծը հասնում է 50 պս-ի։ Պարուրաձև գալակտիկաներում միջաստղային գազը և փոշին խտանում են թևերում։ Գազի միջին խտությունն ամպերում շուրջ մեկ ատոմ է 1սմ³-ում (10⁻²⁴ գ/սմ³), իսկ ամպերի միջև մոտ 10 անզամ փոքր է։ Շուրջ 100 անգամ ավելի փոքր է փոշու խտությունը։ Տարբեր են նաև դրանց ջերմաստիճանները․ 10—100К ամպերում և մինչև 10К ամպերի միջև։ Ջերմ աստղերի շուրջը միջաստղային ջրածինը իոնացած է և դիտվում է HII տիրույթների տեսքով, որոնց տրամագիծը աճում է աստղի լուսատվության հետ։ Այդ տիրույթներից դուրս ջրածինը գտնվում է չեզոք վիճակում (HI տիրույթներ)։ Ջերմ աստղերի շուրջը գտնվող փոշին դիտվում է անդրադարձնող միգամածությունների տեսքով, իսկ դրանցից մեծ հեռավորությունների վրա փոշին անմիջականորեն չի դիտվում և կարող է ուսումնասիրվել միայն իր առաջ բերած լույսի կլանման շնորհիվ։ Միջաստղային գազի շարժման արագությունը, հիմնականում, պայմանավորված է պտույտով՝ Գալակտիկայի կենտրոնի շուրջը։ Օպտիկական ալիքներում անտեսանելի չեզոք ջրածնի ուսումնասիրության գործում հսկայական դեր խաղաց 21 սմ երկարությամբ ռադիոգծի հայտնաբերումը, որի դիտումները բացահայտեցին Գալակտիկայում (և այլ գալակտիկաներում) չեզոք ջրածնի բաշխման առանձնահատկությունները։ Միջաստղային միջավայրի վերաբերյալ հարուստ ինֆորմացիա են տալիս նաև արտամթնոլորտային դիտումները՝ սպեկտրի հեռավոր ուլտրամանուշակագույն մասում։ Միջաստղային փոշեհատիկներն ունեն ձգված ձև և որոշակի դասավորություն՝ պայմանավորված միջաստղային մագնիսական դաշտերի ազդեցությամբ։ Այդ պատճառով լույսը դրանց միջով անցնելիս բևեռանում է։ Միջաստղային միջավայրի առաջացման համար վճռական դեր են խաղում շատ աստղերից (նոր աստղեր, գերնոր աստղեր, Վոլֆ-Ռայե տիպի աստղեր, սպեկտրներում պայծառ գծեր ունեցող աստղեր) գազանյութի արտավիժման կամ հանգիստ արտահոսքի երևույթները, որոնց հետևանքով գազանյութի քանակը Միջաստղային միջավայրում անընդհատ աճում է։ Դիտումները վկայում են նաև, որ աստղերի էվոլյուցիայի վաղ փուլերը սերտորեն կապված են գազանյութի ճառագայթման հետ՝ մասնավորապես ОН, H₂0 և այլ մոլեկուլների ռադիոգծերում։ Պայմանավորված է արդյոք այդ փաստը գազի խտացման հետևանքով աստղերի առաջացմամբ, թե գերխիտ նախաստղերի տրոհման հետևանքով աստղերի ու գազանյութի առաջացմամբ՝ առայժմ որոշակիորեն պարզ չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png