Մարկո Վովչոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Վովչոկ
Մարկո Վովչոկի նկարը նամականիշի վրա

Վովչոկ Մարկո (Մարիա Ալեքսանդրովնա Վիլինսկայա-Մարկովիչ, 1833—1907), ուկրաինական և ռուսական գրող։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1857 թվականին հրատարակել է «Народнi оповiдання Марка Вовчка» («Ուկրաինական ժողովրդական պատմվածքներ»), 1859 թվականին՝ «Պատմվածքներ ռուսական ժողովրդական կենցաղից» ժողովածուները։ Տ․ Շևչենկոյի հետ բարեկամությունն օգնել է Վովչոկին ամրապնդվելու հեղափոխական դեմոկրատական դիրքերում։ Հակաճորտատիրական բնույթի է Վովրոկի «Ուսանողուհին» (1860) վիպակը։ 1859-ից 1867 թվականներին Վովչոկը ապրել է արտասահմանում։ Հանդիպել է Ա․ Գերցենի, Ն․ Օգարյովի, Ն․ Դոբրոլյուբովի հետ, մտերիմ է եղել լեհ ու չեխ քաղաքական վտարանդիների, ֆրանսիական մշակույթի շատ գործիչների հետ։ Գրել է ուկրաիներեն «Երեք ճակատագիր» (1861) վիպակը, «Հեքիաթ ինն ավազակ եղբայրների և տասներորդ քույր Գալյայի մասին» (1863), «Կարմելյուկ» (1865) հեքիաթները և ռուսերեն՝ «Շղարշե կինը» (1861), «Խուլ քաղաքը» (1862) վիպակները։ Ռուսաստան վերադառնալուց հետո աշխատակցել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные записки») ամսագրին, որտեղ տպագրվել են նրա «Կենդանի հոգի» (1868), «Տիրացուի նոթեր» (1869-ից 1870 թվականներին) և այլ վեպեր ու վիպակներ։ 1874 թվականին լույս է տեսել «Հեքիաթներ և եղելություն» երգիծական ժողովածուն։ Վովչոկը պատկերել է ժողովրդի աղետալի վիճակը, առաջադեմ մարդկանց, որոնք չեն հաշտվել սոցիալական անարդարության հետ։ 1860-ական թվականների վերջերից թարգմանել է ֆրանսիացի, գերմանացի, անգլիացի, դանիացի և լեհ հեղինակների գիտական ու գեղարվեստական ստեղծագործություններ։ Ողջունել է 1905-ից 1907 թվականների հեղափոխությունը։ Նրա գրական ժառանգությունը զգալի տեղ է գրավում ուկրաինական և ռուսական գրականության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png