Մարատ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարատ Վարդանյան
Ծնվել էփետրվարի 29, 1932(1932-02-29)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 13, 1993(1993-10-13) (61 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
ԱշխատավայրՌուսաստանի բժշկագիտական ակադեմիայի հոգեկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Մարատ Ենոքի Վարդանյան (փետրվարի 29, 1932(1932-02-29), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 13, 1993(1993-10-13), Մոսկվա, Ռուսաստան), հայ հոգեբույժ, ժառանգաբան, հասարակական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ԽՍՀՄ ԲԳԱ և ՌԲԳԱ ակադեմիկոս (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Վարդանյանը ծնվել է 1932 թվականին Մոսկվայում։ 1940 թվականին հոր՝ Ենոք Վարդանյանի ձերբակալությունից հետո ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Երևանում։ 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետը։ 1954-1955 թվականներին անցել է թերապիայի գծով սուբօրդինատուրա։ Ուսանողական տարիներին բազմիցս փորձել են հեռացնել նրան ինստիտուտից՝ որպես «ժողովրդի թշնամու» զավակի։ Սակայն ամեն անգամ պրոֆեսորների ու ընկերների ջանքերի շնորհիվ շարունակել է ուսումը։ Եղել է ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամ, Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ։ 1955-1956 թվականներին որպես հոգեբույժ աշխատել է Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում։ 1956 թվականին հոր արդարացումից հետո ընտանիքով վերադարձել են Մոսկվա։ 1956-1993 թվականներին աշխատել է Մոսկվայի ԽՍՀՄ ԲԳԱ Հոգեբուժության ինստիտուտում, որը հետագայում վերակազմավորվել է ԽՍՀՄ ԲԳԱ Հոգեկան առողջության համամիութենական գիտական կենտրոնի, ապա՝ կոչվել ՌԲԳԱ ՀԱԳԿ։ Նախ աշխատել է որպես օրդինատոր, 1958 թվականից՝ կրտսեր գիտաշխատող, 1961 թվականից՝ ընդհանուր պաթոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, 1980-1987 թվականներին՝ գիտության գծով տնօրենի տեղակալ, 1988-1993 թվականներին՝ տնօրեն։ 1982 թվականին եղել է ԽՍՀՄ ԲԳԱ ՀԱՀԳԿ-ի (ՌԲԳԱ ՀԱԳԿ) ստեղծողներից մեկը, որի կազմում բացի չորս ինստիտուտներից, մտնում էին նաև Տոմսկի ՀԱԿ-ը, Երևանի մասնաճյուղը («Սթրես» հոգեկան առողջության ու վերականգնման կենտրոն)[1]։

1962 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ նվիրված հոոգեբուժության մեջ լիթիումի կիրառության կլինիկական և պաթոֆիզիոլոգիական խնդիրներին։ 1968 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «Շիզոֆրենիայի ընթացքի կլինիկա-կենսաբանական և ժառանգաբանական օրինաչափությունները» թեմայով։ 1970 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

1978 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, 1988 թվականին՝ ակադեմիկոս։ 1993 թվականին ընտրվել է Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հետագայում նաև աշխարհի այլ ակադեմիաների անդամ։ 1971-1979 թվականներին եղել է Հոգեբուժական համաշխարհայի ընկերության քարտուղար։ Ակտիվ մասնակցություն է ունեցել «Աշխարհի բժիշկները միջուկային պատերազմի դեմ» շարժմանը և եղել Շարժման խորհրդային կոմիտեի անդամ։ Մասնակցել է այդ միջազգային կազմակերպության ստեղծմանն ու ձևավորմանը, որը 1985 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի և ՅՈՒՆԵՍՕ-ի հատուկ մրցանակի։ Ակտիվորեն մասնակցել է Մոսկվայի «Ռոտարի ակումբ» միջազգային կազմակերպության աշխատանքներին։ Վարդանյանի նախաձեռնությամբ է ստեղծվել համամիութենական «Երիտասարդ հոգեբույժների դպրոցը», որը նրա հոգածությամբ մի քանի տարին մեկ անցկացվում էր Սուզդալ քաղաքում։ Եղել է ԱՄՆ-ի վարքի գենետիկայի ընկերության, ԱՄՆ-ի կենսաբանական հոգեբուժության ընկերության, Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի, Արգենտինայի հոգեբույժների ընկերության, Պուրկինյեի անվան բժշկական ընկերության պատվավոր անդամ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության մշտական փորձագետ։ 1960-ական թվականների կեսերից եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Միջազգային գիտական կենտրոնի կենսաբանական հոգեբուժության բաժնի ղեկավար, ՌԴ ԲԳԱ նախագահությանն առընթեր Հոգեկան առողջության պրոբլեմների ուսումնասիրության գիտական խորհրդի նախագահ, Բժշկա-գենետիկների համամիութենական գիտական ընկերության փոխնախագահ, Ն. Վավիլովի անվան գենետիկների և սելեկցիոներների համամիութենական գիտական ընկերության խորհրդի անդամ, Հոգեբույժների համամիութենական գիտական ընկերության (ԱՊՀ հոգեբուժական գիտական ընկերությունների ֆեդերացիա) նախագահի տեղակալ, ՌԴ ԲԳԱ գիտխորհրդի անդամ գենետիկայի և մոլեկուլյար կենսաբանության գծով, ՌԴ ԳԱ մարդու ֆիզիոլոգիայի գծով[2][3]։ Եղել է հայրենական և արտասահմանյան մի շարք գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների և խորհուրդների անդամ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեությունը նվիրված է հոգեբուժական պրակտիկայում լիթիումի աղերի կիրառության կլինիկական և պաթոֆիզիոլոգիական հարցերին, շիզոֆրենիայի ընթացքի կլինիկա-կենսաբանական և ժառանգաբանական օրինաչափություններին, հոգեկան հիանդությունների կենսաբանական և ժառանգաբանական խնդիրներին, հոգեկան հիվանդների կենսաբանական հեղուկների թունավոր հատկություններին, հումորալ և բջջային իմունիտետին, նեյրոռեցեպտորին և նրանց էնդոգեն ու դեղորայքային լիգանդներին, հոգեկան հիվանդությունների պոպուլյացիոն և մոլեկուլյար գենետիկայի խնդիրներին։

1993 թվականին կազմակերպել և անցկացրել է ՌԴ ԲԳԱ ուղեղի ուսումնասիրության 10-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը, որից հետո նրան վստահվել է ՌԴ ԲԳԱ նեյրոգիտության գիտական ծրագրի կազմումը։

Հեղինակ է ավելի քան 120 գիտական հոդվածների և մի շարք գրքերում տպագրված ամբողջական գլուխների։ Վարդանյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 24 թեկնածուական և 8 դոկտորական թեզ, որոնց հեղինակների մեջ կան նաև հայ մասնագետներ։

Սպիտակի երկրաշարժի օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Վարդանյանն առաջին բժիշկներից էր, որ ժամանեց Հայաստան՝ կազմակերպելու Սպիտակի երկրաշարժից տուժած բնակչության բժշկական օգնություն։ Կազմակերպել է շարժական հոգեբանա-հոգեբուժական բրիգադներ համապատասխան խմբերի տուժածներ հայտնաբերելու և բուժելու նպատակով։ Այդ օրերին Վարդանյանը կազմակերպել է ԽՍՀՄ ԲԳԱ ՀԱՀԳԿ-ի հայաստանյան մասնաճյուղը (այժմ՝ «Սթրես» հոգեկան առողջության և վերականգնման կենտրոն)։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1993 թվականի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանի անունով հուշաքար է փակցված Երևանի Արամի փողոցի 34 տան պատին, որտեղ նա ապրել է 1941-1956 թվականներին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гиндилис В. М. Открытое письмо в медико-биологическое отделение АМН СССР // Независимый психиатрический журнал. - 1992. - № 3-4. - С. 100-103.
  2. «НЦПЗ РАМН. Библиотека. Биологическая психиатрия.В память о М. Е. Вартаняне». www.psychiatry.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. Մարատ Վարդանյանի մասին ru.hayazg.info կայքում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։
  • Բժշկական մեծ հանրագիտարան, հատոր 10, Մոսկվա, 1979։