Հողի վարձակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողի վարձակալություն, հողօգտագործման ձև, երբ հողի սեփականատերը իր հողամասը պայմանագրով սահմանված ժամկետով և փոխհատուցմամբ (վարձավճարով) հանձնում է մի այլ անձի (վարձակալին)։ Առաջացել է հողի մասնավոր սեփականության հետ, գոյատևել ստրկատիրական, ֆեոդալական հասարակարգերում, առանձնապես զարգացել կապիտալիզմի օրոք։ Հողի վարձակալության մինչկապիտալիստական ձևերը (կարճաժամկետը՝ 1-2, խոպանը՝ 3—5 տարով) լայնորեն տարածված էին Հին Արևելքում (Եգիպտոս, Բաբելոն, Հնդկաստան), Հին Հունաստանում և Հին Հռոմում, ուր հողի վարձավճարը հիմնականում բնամթերային էր (դաշտի բերքի 1/3-ի կամ 1/2-ի, այգունը՝ 2/3-ի չափով)։ Համայնական հողերի բռնագրավումը Եվրոպայում VI-X դարերում ուղեկցվում էր ազատ համայնականների ճորտացմամբ։ Հետագայում, ֆեոդալիզմի քայքայմանը զուգընթաց, ընդհակառակը, աճում էր անձնապես ազատ, բայց հողազուրկ գյուղացիների թիվը, որոնք ի վերջո դառնում էին կալվածատիրական հողերի վարձակալներ։ Մինչկապիտալիստական հողի վարձակալությանն էր վերաբերում նաև ենթավարձակալությունը։ Ֆեոդալիզմից կապիտալիզմին անցման շրջանում հողի վարձակալության ձևերն էին բնավարձակալությունը (վարձավճարը տրվում էր բերքից՝ 1/2, 2/5 չափերով) և դրա տարատեսակը՝ կիսրարությունը։ Դրանք պահպանվում են նաև այժմ, նույնիսկ զարգացած կապիտալիստական երկրներում (ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա)։ Կապիտալիստական հարաբերությունների ծագման շրջանում (XVI-XVII դարերում) Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում առաջացավ հողի վարձակալության կապիտալիստական եղանակը (ձևը), որին բնորոշ են շահույթ կորզելու նպատակով գյուղատնտեսության մեջ կապիտալ ներդրումները և վարձու աշխատանքի կիրառումը։ Հողի կապիտալիստական վարձակալության ժամանակ հողասեփականությունն անջատվում է հողօգտագործումից։ Հողն օգտագործող կապիտալիստը (վարձակալը) ստացած արդյունքի արժեքից վճարում է վարձու բանվորի աշխատավարձը, հողատիրոջ վարձավճարը և յուրացնում նորմալ (միջին) շահույթ։ Այսպիսով, կապիտալիստական հողի վարձակալությունն արտահայտում է 3 դասակարգի՝ հողատիրոջ, վարձակալի և վարձու բանվորի տնտեսական հարաբերությունները։ Հողի վարձակալության այս ձևը տարածված է հիմնականում զարգացած կապիտալիստական երկրներում։ Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի զարգացող երկրներում հողօգտագործման հիմնական ձևը մնում է հողի գյուղացիական վարձակաությունը։ tՎարձավճարը տրվում է բնեղեն, դրամական և խառը ձևերով։ Արևելքի երկրների մեծ մասում վարձավճարը տատանվում է բերքի 20—60% ֊ի սահմաններում։ Զարգացած կապիտալիստական երկրներում հողի վարձակալության նշանակությունը XX դարի 60-ական թվականներին խիստ նվազում է՝ գյուղատնտեսության մեջ գիտատեխնիկական առաջընթացի և գյուղատնտեսության պետական կարգավորման ազդեցության հետևանքով։ Նկատվում է նոր միտում՝ հողի սեփականատերը և կապիտալիստ-վարձակալը միանձնավորվում են, ավելանում է սևիական ֆերմաների թիվը։ Սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո, հողի խոշոր մասնավոր սեփականության վերացմամբ, վարձակալության շահագործողական ձևերն արգելվեցին։ Թույլատրվում էր աշխատանքային հողի վարձակալություն միայն այն տնտեսություններին, որոնք իրենց ամբողջ հողամասը (ներառյալ վարձակալած) մշակում էին ընտանիքի ուժերով՝ առանց վարձու աշխատանքի շահագործման։ Աշխատանքային հողի վարջակալությունը։ Գոյություն ունի նաև հակառակ ձևը. պետական կամ կոոպերատիվ տնտեսությունների կողմից մասնավոր անձանց հողի վարձակալություն։ Հողային հարաբերությունների ձևերից է նաև կոոպերատիվների եկամտի մի մասի բաշխումն ըստ հանրայնացված հողափայի, որն իր տեղը աստիճանաբար զիջում է ըստ աշխատանքի բաշխման սոցիալիստական սկզբունքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 535