Հերցեգովինա (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից Հերցեգովինան Բոսնիա և Հերցեգովինայի կազմում

Հերցեգովինա (խորվ.՝ Hercegovina, սերբ.՝ Херцеговина), պատմական մարզ Բոսնիա և Հերցեգովինայի հարավում։

Մինչև 1860-1913 թվականները «Հին Հերցեգովինայի» կազմի մեջ մտել են նաև Չեռնոգորիայի և Սերբիայի արևմտյան մասերը։ Ժամանակակից Հերցեգովինայի բնակչությունը՝ հերցեգովինները, խիստ խառնվել են էթնիկական այլ խմբերի` խորվաթների, բոսնիացիների և սերբերի հետ։ Վարչականորեն տարածքի 49 %-ը մտնում է Սերբիայի Հանրապետության կազմի մեջ։ Հիմնական քաղաքներն են Մոստարը Հերցեգովինայի արևմուտքում և Տրեբինեն արևելքում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հերցեգովինա» անվանումը ծագում է հունգարերեն «հերցոգ» (herceg) բառից[1]։ Պատմականորեն այն կապված է բոսնիացի իշխան Ստեֆան Վուկչիչի անվան հետ, ով 1448 թվականին ընդունել է սուրբ Սավայի հերցոգի տիտղոս[2][3]։ Թուրքական տիրապետության ժամանակ անվանումը տարածվել է Բոսնիա և Հերցեգովինա վիլայեթի կազմի մեջ մտնող Հերցեգովինայի սանջակի վրա (թուրքերեն՝ Hersek Sancağı)[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարում Հերցեգովինան բաժանված էր բազմաթիվ անկախ իշխանությունների։ Հյուսիսային Հերցեգովինան պատկանում էր Սերբիային, որտեղ իշխում էր Նեմանիչի դինաստիան։ Հարավային Հերցեգովինան մինչև 1102 թվականին Հունգարիայի հետ դաշինք կազմելը մտնում էր Խորվաթիայի թագավորության մեջ։ Հետագայում այս տարածքները մտան Բոսնիական պետության մեջ, որ իր ծաղկման գագաթնակետին է հասել 14-րդ դարի երկրորդ կեսին` Տվրտկո I-ի օրոք։ 1370 թվականին նա Բոսնիայի տարածքներն ընդարձակեց` հասցնելով մինչև ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքներին, դաշինք կնքեց Հունգարիայի և Դուբրովնիկի հանրապետության հետ։ 1377 թվականից նա եղել է նաև Սերբիայի թագավորը, իսկ 1390 թվականից` Իլիրիան ու Ադրիատիկ ծովի կղզիները գրավելուց հետո, նաև Խորվաթիայի ու Դալմացիայի թագավորը։ Այդ ժամանակ Բոսնիան գերտերություն էր Բալկաններում` իր հզորությամբ զիջելով միայն Հունգարիային և Օսմանյան կայսրությանը։

Տվրտկո I-ի մահից հետո Բոսնիայի ազդեցությունը թուլացավ։ Տերությունը բաժանվեց անկախ իշխանությունների միջև։ 1448 թվականի հունվարի 20-ին Սանդալ Խրանիչը և և նրա զարմիկ Ստեֆան Վուկչիչը նամակ են ուղարկում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ III-ին, որի մեջ Վուկչիչն իրեն հերցոգ է հռչակում։ Հետագայում այստեղից էլ առաջացել է «Հերցեգովինա» անունը։

Հերցեգովինայի սանջակը Օսմանյան կայսրության կազմում

1482 թվականին հերցոգ Ստեֆանի հետնորդների օրոք տարածքը բռնազավթվում է Օսմանյան կայսրության կողմից։ Հերցեգովինան օսմանյան Բոսնիա վիլայեթի կազմում ստանում է սանջակի կարգավիճակ։

1833-1851 թվականներին Հերցեգովինան առանձին վիլայեթ էր, սակայն հետագայում Բոսնիա և Հերցեգովինա վիլայեթները միացվել են։ 1853 թվականից արդեն «Բոսնիա և Հերցեգովինա» անունը ընդհանուր էր միացած վիլայեթների համար։ 19-րդ դարի կեսերին Հերցեգովինան տարածքային հավակնության առիթ է հանդիսանում անկախ Չեռնոգորիայի համար։ Բոսնիա-Հերցեգովինայի սլավոնական բնակչությունը հաճախ ընդվզում էր թուրքական կառավարման դեմ։ Դրանցից խոշորագույնը 1875-76 թվականների ապստամբությունն էր։ Մինչև 1878 թվականը Չեռնոգորիային հաջողվում է զավթել Հերցեգովինայի մի մասը, ներառյալ Նիկշիչը։

1878 թվականին Բոսնիա և Հերցեգովինան բռնազավթվում է Ավստրիայի կողմից։ 1908 թվականին շրջանը ձևականորեն անեքսիայի է ենթարկվում։ Առաջին համաշխարհային պատերազմի առիթ է հանդիսանում էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում։ Սպանության պատճառը սերբերի դժգոհությունն էր Ավստրիայի վարած քաղաքականությունից։ Առաջին աշխարհամարտից և Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո Բոսնիա և Հերցեգովինան մտել է Հարավսլավիայի թագավորության կազմի մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1941-1945 թվականներին, Հերցեգովինան եղել է Խորվաթիայի անկախ հանրապետության կազմում, ընդ որում նրա տարածքի մեծ մասը վերահսկվել է պարտիզանական խմբավորումների կողմից։ Պատերազմի ավարտից հետո Բոսնիա և Հերցեգովինան դառնում է միասնական հանրապետություն սոցիալիստական Հարավսլավիայի կազմում։

1992 թվականին՝ Հարավսլավիայի կազմալուծումից հետո, Բոսնիա և Հերցոգովինան հռչակում է իր անկախությունը։ Բոսնիական շատ սերբեր, խորվաթներ չընդունեցին այս որոշումը` իրենց ենթակայության տակ գտնվող տարածքում հռչակելով Սերբական Հանրապետություն և Գերցեգ-Բոսնա խորվաթական հանրապետություն։ Դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը, որն ընթանում էր կոնֆլիկտի մասնակից կողմերի էթնիկ զտումով, ավարտվեց 1995 թվականին Դեյթոնի համաձայնագրով, որի արդյունքում Բոսնիա և Հերցեգովինան դարձավ պետական երկու իրավահավասար կազմավորումներից մեկը` Սերբիայի Հանրապետություն ու Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոստարի կամուրջը Ներտվե գետի վրա

Հերցեգովինան ներկայումս Բոսնիա և Հերցգովինա պետության մաս է կազմում։ Նրա մակերեսը 11.4 հազար կմ² է, այսինքն պետության տարածքի մոտ 20 %-ը։ Մնացած 80 %-ը զբաղեցնում է հյուսիսում ընկած Բոսնիան։ Բոսնիայի և Հերցեգովինայի միջև պետական սահմանը նշված չէ, բայց պայմանականորեն այն անցնում է Իվան Պլանինեով։ Աշխարհագրական առումով բաժանվում է Վերին և Ստորին Հերցեգովինաների։

Բոսնիա և Հերցեգովինա մարզերը սերտորեն կապված են դեռևս միջնադարից։ Հաճախ Բոսնիա անվանումն օգտագործվում է Բոսնիան և Հերցեգովինան մատնանշելու համար, իսկ Բոսնիա և Հերցեգովինա անվանումը սկսել է գործածվել միայն օսմանյան իշխանության վերջին շրջանում։

Հերցեգովինա անունը նշանակում է «հերցոգի երկիր»։ Այն այդպես է կոչվել ի պատիվ Ստեֆան Վուկչիչի, ով հերցոգի տիտղոս է ունեցել և միավորել ներկայիս Հերցեգովինայի տարածքները։ Հերցեգովինան սահմանակցում է հյուսիսում Բոսնիային, արևելքում` Չեռնոգորիային, արևմուտքում` Խորվաթիային, հարավում` Դուբրովնիկին։ Նեում ավանի մոտ այն 8 կմ սահման ունի Ադրիատիկ ծովի հետ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցեգովինայի էթնիկ կազմը

Բնակչության վիճակագրությունը խիստ փոփոխվել է Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող քաղաքացիական պատերազմի արդյունքում։ Վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել է դեռևս մինչև պատերազմը` 1991 թվականին, Հերցեգովինայի բնակչությունը կազմում էր 437.095 մարդ։ Հերցեգովինայում խորվաթները հիմնականում բնակվում են Խորվաթիայի սահմանին` ներառյալ Մոստարը և Տոմիսլավգրադը։ Մուսուլմանական բնակչությունը ավանդաբար ապրում է Ներետվա գետի հովտում։ Հերցեգովինայի արևելյան մասը` Տրեբինե կենտրոնով, բնակեցված է սերբերով և մտնում է Սերբական Հանրապետության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Страны мира: полный универсальный информационный справочник. — М.: ОЛМА Медиа Групп, 2005. — С. 32.
  2. Пуришев, Б. И. Хрестоматия по зарубежной литературе. — 1962. — С. 542.
  3. История Югославии, 1963, էջ 135
  4. Писарев, Ю. А. Освободительная борьба народов Боснии и Герцеговины и Россия: документы. 1865—1875. — Наука, 1988. — С. 193.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հերցեգովինա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերցեգովինա (շրջան)» հոդվածին։