Հայկական ժողովրդական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովրդական ճարտարապետությունը հիմնված է կառուցողական ժողովրդական ավանդույթների վրա, որի հատկանիշներն արտացոլված են բնակելի, կենցաղային, տնտեսական, արտադրական և այլ շինություններում։ ժողովրդական ճարտարապետության տեղական և ազգային առանձնահատկությունները ձևավորվել են բնական, սոցիալ-տնտեսական և մշակութային պայմաններին համապատասխան։ Ժողովրդական փորձառու վարպետներ էին միջնադարյան ճարտարապետներից շատերը, որոնք ստեղծել են կոթողային շինություններ, լուծել քաղաքաշինական բարդ խնդիրներ։ Ժողովրդական ճարտարապետությունն արտացոլում է հասարակության զարգացման փուլերը, ժողովրդի ապրելակերպը, գիտելիքների մակարդակը, հոգեբանությունն ու սովորույթները։

Հայկական գյուղական բնակելի տան ամենավաղ նկարագրությունը պատկանում է հույն պատմիչ Քսենոփոնին (մ.թ.ա. 401)։ Հայաստանի ժողովրդական ճարտարապետության հնագույն հուշարձաններ են էնեոլիթյան և բրոնզեդարյան բնակատեղիները՝ բոլորշի կամ ուղղանկյուն կացարաններով և այլ շինություններով։ Միջնադարյան բնակավայրերում ավանդաբար գերիշխել է գլխատան համակառույցը, թեև տաք կլիմա ունեցող շրջաններում զարգացել են հարթածածկ (Մեղրի, Սասուն), աշտարակաձև (Գամիրք, Սասուն), փայտաշեն (Համշեն, Խոտորջուր, փոքրասիական առափնյա տարածքներ) կառույցներով բնակավայրերը։ Համակառույցի մեծությունն ու կազմը որոշվել է ըստ բնական, տնտեսական և ազգակցական համակեցության պայմանների, իսկ դիրքի ընտրության համար կարևորվել են կենցաղային նպաստավորությունը, հողատարածքների նպատակահարմարությունը, բնակլիմայական առանձնահատկությունները։ Որոշ լեռնային վայրերում (Անի, Լոռի, Սյունիք) պահպանվել է քարանձավաբնակությունը։ Պայմանավորված տնտեսական նոր հարաբերություններով՝ XIX դարի 1 կեսից հետզհետե բարեփոխվել են գյուղերը, բնակելի տների հորինվածքներում երևան են եկել քաղաքատիպ տարրեր։ Առավել շեշտվել է քաղաքային բնակարանների տարբերակումը գյուղականներից (կանոնավոր հատակագծերով բազմաբաժին և հարկաշատ տներ)։ Արևելյան ոճն աստիճանաբար փոխարինվել է տեղական ավանդույթների և եվրոպական մշակույթի վրա խարսխված նոր ուղղությամբ։ Ժողովրդական ավանդույթներն առավելապես դրսևորվել են ծածկերում, փողոց դուրս եկող բարձակավոր և բակի սյունազարդ փայտե պատշգամբներում, փողոցից բակ տանող միջանցքներում, մուտքերում, բացվածքների եզրակալներում։ Ժողովրդական համալիրում բնակելի և օժանդակ սենյակները համախմբվել են 1 ընդհանուր ծավալի մեջ, կենտրոնացվել ծածկած տարածքի շուրջը։ XIX դարի 2-րդ կեսից շերտավորվել են սենյակները, բարդացել են շենքի ներքին ու ծավալատարածական լուծումները։

Կառուցվել են 1-2 հարկանի բնակելի տներ. 1-ին հարկը հատկացվել է պահեստների, արհեստանոցների, խանութների։ Առանձնացվել են ննջասենյակները, հյուրասենյակները։ Շենքերի արտաքին գեղարվեստական արտահայտչականությունը դրսևորվել է պատի շարվածքի կարանների ընդգծումով, շթաքարային քանդակներով, ատամնաշար քիվերով, զարդանախշ եզրակալներով, քարե ելուստավոր ջրհորդաններով, պատշգամբների, մուտքերի մանրամասերով և համաչափ բացվածքի դարպասներով։ Ուրույն դիմագծով աչքի են ընկել Ալեքսանդրապոլը, Կարսը, Նոր Բայազետը, Վաղարշապատը, Դիլիջանը, Գորիսը, Շուշին, Մեղրին։ Զարգացած միջնադարում (հատկապես՝ Անիում) կիրառվել են Արևելքում տարածված ձևավորման տարբեր եղանակներ (գունազարդ ձևավոր շարվածք, քարի և փայտի գորգանման քանդակներ, վանդակապատ մեծ բացվածքներ և այլն)։ Այդ ավանդույթները հայ շինարարները զարգացրել են ինչպես Հայաստանի հարավային և արևելյան շրջաններում, այնպես էլ Մերձ, և Միջին Արևելքի երկրներում։ XVI-XIX դարերում տեղական և արևելյան քաղաքաշինական ոճերի դրսևորման ուշագրավ օրինակներ էին Ջուղան, Երևանը, Նախիջևանը, Օրդուբադը, Ագուլիսը, մասամբ՝ Վանը։ Ժողովրդական ճարտարապետության մեջ էական փոփոխությունների պատճառ են դարձել XIX դարի գաղթերը, որոնց ժամանակ Թուրքիայից և Իրանից գաղթած հայերի փոխանցած շինարարական ավանդույթները որոշակիորեն ազդել են երկրի մշակութային կյանքի, մասնավորապես ժողովրդական ճարտարապետության վրա։ Մոնումենտալ ճարտարապետությանը հատուկ ամրության, տնտեսվարության, հարմարավետության և գեղեցկության սկզբունքները սերում են ժողովրդական ճարտարապետությունից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։