Կուսածնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուսածնություն (կամ պարթենոգենեզ) — Սեռական բազմացման կուսածնության եղանակը՝ ձվաբջջի բաժանումն է առանց բեղմնավորության: Որոշակի պայմաններում կամ գործոնների ազդեցության տակ ձվաբջիջը թաղանթապատվում է և սկսում տրոհվել: Կուսածնության երևույթը հանդիպում է բնության մեջ որոշ բուսական և կենդանական տեսակների մոտ:

Բուսական աշխարհում կուսածնությունը ունի լայն տարածում, հանդիպում է որոշ ջրիմուռների և նույնիսկ որոշ ծաղկավոր բույսերի մոտ. օրինակ` ճուռակախոտի մոտ:

Կուսածնությանը հանդիպում է անողնաշարավոր կենդանիներից որոշ որդերի, հոդվածոտանիների մոտ: Կուսածնությամբ են բազմանում, օրինակ, քաղցրահամ ջրերում ապրող պտտվող թարթիչներով փոքրիկ որդնիկ՝ անվակիրը, ստորակարգ խեցգետնակերպերից՝ ցիկլոպները, դաֆնյաները, միջատներից` մրջյունները, մեղուները, կրեաները, լվիճները:

Կուսածնությամբ բազմացող կենդանիների մեծ մասի մոտ բազմացման այս ձևը հերթափոխվում է սովորական սեռական բազմացումով: Ինչպես տեսնում ենք, այս դեպքում, ինչպես և անսեռ բազմացման ժամանակ, տեղի է ունենում սերունդների հերթափոխություն: Բնության մեջ սերունդների այդպիսի հերթափոխությունը, ինչպես արդեն գիտենք, կոչվում է հետերոգոնիա: Այսպես, օրինակ՝ խեցգետնակերպերից դաֆնյան տարվա տաք եղանակներին բազմանում է կուսածնությամբ. չբեղմնավորված ձվերից առաջանում են էգեր, որոնք աշնանը դնում են փոքրիկ և մեծ ձվեր: Փոքրիկներից դուրս են գալիս արուներ, իսկ մեծերից՝ էգեր: Էգերը բեղմնավորվում են, և նրանց դրած ձվերը ձմեռում են, իսկ գարնանը նրանցից առաջանում են էգեր, որոնք դարձյալ բազմանում են կուսածնությամբ:

Ավելի բարդ երևույթ է տեղի ունենում ֆիլոքսերա կոչվող խաղողի վնասատու միջատների հետերոգոնիայի ընթացքում: Գարնանը սրանց բեղմնավորված ձվերից դուրս են գալիս անթև էգեր, որոնք բազմանում են կուսածնությամբ` տալով մի քանի անթև սերունդներ: Ամռան վերջում առաջանում են թևավոր էգեր, որոնք տեղափոխվում են խաղողի տերևների վրա. սրանց ձվերից առաջանում են արուներ և էգեր: Էգերը նորից բեղմնավորվում են. դրանց ձվերը նորից ձմեռում են, և այսպես կրկնվում է ֆիլոքսերայի կենսական ցիկլը:

Բերված օրինակներից նկատելի է այն օրինաչափությունը, որ կուսածնությունը տեղի Է ունենում բարենպաստ պայմաններում (սննդի առատություն, օպտիմալ ջերմաստիճան), իսկ անբարենպաստ պայմաններում բազմացումը տեղի է ունենում բեղմնավորությամբ: Կուսածնության հետաքրքիր երևույթ ենք տեսնում մեղուների մոտ. այդ միջատների չբեղմնավորված ձվերից կուսածնությամբ զարգանում են արուներ, որոնց մարմնի բջիջները պարունակում են քրոմոսոմների կես քանակ (ո): Բեղմնավորված ձվերից առատ կերակրման պայմաններում զարգանում են բեղմնավորման ընդունակ էգեր, որոնք կոչվում են մայր մեղուներ:

Աղքատ սննդի պայմաններում թրթուրներից զարգանամ են թերզարգացած սեռական օրգաններով էգեր աշխատող մեղուներ: Ինչպես մայր մեղուների, այնպես էլ աշխատող մեղուների մարմնի բջիջները պարունակում են քրոմոսոմների դիպլոիդ հավաք (2ո):

Մեղվի էգը մայր մեղուն, բեղմնավորվում է արուի (բոռ) հետ կյանքում միայն մեկ անգամ՝ ամուսնական թռիչքի ժամանակ, որից հետո նա դնում է բեղմնավորված և չբեղմնավորված ձվեր. բեղմնավորված ձվերից զարգանում են էգեր և աշխատող մեղուներ, իսկ չբեղմնավորված ձվերից կուսածնությամբ` արուներ:

Կուսածնության երևույթի փորձարարական պայմաններում մանրազնին ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի բեղմնավորման բարդ պրոցեսի էությունը լրիվ հասկանալու համար:

Դեռ անցյալ դարում ռուս գիտնական Ա. Ի. Տերեխովսկին առաջին անգամ ապացուցեց արհեստական ճանապարհով կուսածնության հնարավորությունը. նրան հաջողվեց շերամի որոշ թիթեռների ձվերի վրա տարբեր գործոններով ազդելով` դիտել չբեղմնավորված ձվերի զարգացումը: Հետագայում նման ուսումնասիրություններ կատարվել են որդերի, փշամորթերի, միջատների և նույնիսկ ողնաշարավոր կենդանիների չբեղմնավորված ձվերի վրա: Ազդող գործոնները բազմազան են` թունավոր նյութեր, թթուներ, մեխանիկական գործոններ, բարձր ջերմաստիճան, էլեկտրական լիցք և այլն:

Այս ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ձվաբջջի զարգացման համար անհրաժեշտ է այն նախապես ակտիվացնել. սովորաբար դա տեղի է ունենում սպերմատոզոիդի ներկայությամբ, նրա հետ միաձուլվելուց հետո, բայց փորձարարական ուսումնասիրությունների ժամանակ արձանագրված փաստերը վկայում են, որ արհեստական պայմաններուն այդ բջիջը կարող է զարգանալ առանց բեղմնավորման, այլ գործոնների ազդեցության տա: Իհարկե, արհեստական ճանապարհով առաջացած կուսածնությունը հաճախ հանգեցնում է անոմալիաների. կուսածնությամբ չեն կարող առաջանալ այնպիսի կենսունակ սերունդներ, ինչպիսիք առաջանում են բեղմնավորության ճանապարհով: Օրինակ` թռչունների, կաթնասունների չբեղմնավորված ձվերը նույնպես կարող են անցնել զարգացման վաղ փուլերը, բայց սրանց մոտ զարգացումը մինչև վերջ չի հասնում. Ենթադրվում է, որ կուսածնությունը բազմացման այն ձևն է, որը նախորդել է սեռական բազմացմանը:

Կուսածնության փորձարարական ճանապարհով ուսումնասիրության բնագավառում անցյալ դարում հետաքրքիր աշխատանքներ էր ծավալել ակադեմիկոս Լ. Լ. Աստաուրովը (1904-1974): Այդ աշխատանքները զուրկ չէին նաև գործնական նշանակությունից: Տարբեր գործոնների (մեխանիկական, քիմիական) օգնությամբ գրգռելով ձվերի մակերեսը, նա ստացել է թթի շերամի բազմաթիվ պարթենոգենետիկ անհատներ: Նրա հետագոտությունների արդյունքները ստեղծել են ուսումնասիրված օբյեկտների նոր ձվերի ստացման հնարավորություններ: Կուսածնությունը լինում է բնական և արհեստական: Բնական կուսածնության ձևերն են 1.Ֆակուլտատիվ-երբ օրգանիզմը կարող է բազմանալ և սեռական եղանակով և կուսածնության եղանակով:Օրինակ մեղուները:Բեղմնավորված ձվերից առաջանում են աշխատավոր մեղուներ դիպլոիդ հավաքակազմով, իսկ չբեղմնավորված ձվերից զարգանում են բոռեր`արուներ, որոնք ունեն հապլոիդ հավաք: 2.Օբրիկատ կամ պարտադիր-միայն կուսածնությամբ:Օրինակ ժայռային մողես: 3.Սեզոնային-Օրնակ լվիչները, բարենպաստ պայմաններում բազմանում են կուսածնությամբ:Այսինքն չբեղնավորված ձվեր:Իսկ աշնանը բեղմնավորված ձվեր:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով