Կորեական թերակղզի
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կորեական թերակղզի (կորեերեն՝ 한반도), գտնվում է Արևելյան Ասիայում` Ճապոնական և Դեղին ծովերի արանքում: Թերակղզու մակերեսը շուրջ 220,8 հազ. կմ² է:
Կորեական թերակղզու գրեթե ամբողջ հիմքը, բացի նրա հարավային վերջավորությունից, կազմում է Չինական պլատֆորմի մի հատվածը, որի ելուստները որոշ վայրերում դուրս են գալիս մակերևույթ:
Թերակղզու մեծ մասը գրավում են հին լեռները: Դեղին ծովի ափերի մոտ տարածվում է բլրոտ հարթավայրը: Արևմտյան և հարավային ափերը խիստ կտրատված են. ցամաքի իջնելու հետևանքով այստեղ գոյացել են բազմաթիվ մանր կղզիներ:
Կորեական թերակղզին, առանձնապես նրա հյուսիսային մասը, հարուստ է օգտակար հանածոներով` քարածխով, երկաթի, գունավոր մետաղների, վոլֆրամի հանքաքարերով, ինչպես նաև ոսկով և գրաֆիտով:
Կլիման թերակղզու մեծ մասում բարեխառն է: Ձմեռային մուսսոնը Եվրասիա մայրցամաքից բերում է ցուրտ ու չոր օդ, և ձմռանը ուժեղ սառնամանիքներ են լինում: Ամառը շոգ ու անձրևային է: Տեղումների տարեկան քանակը գրեթե ամենուրեք 1000 մմ-ից ավելի է: Ոչ վաղ անցյալում հարթավայրերում աճում էին լայնատերև (կաղնու, թխկու) անտառներ, այժմ դրանք համարյա ոչնչացված են: Լեռներում անտառները ավելի շատ են պահպանվել: Թերակղզու միայն հարավում է կլիման մերձարևադարձային, և այստեղ աճում են մշտադալար կաղնիներ ու կամելիաներ, ինչպես նաև շագանակենիներ:
Կորեական թերակղզին բավականին խիտ է բնակեցված: Թերակղզում է տարածվում Կորեայի Հանրապետությունը և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության մեծ մասը: