Կիրիլ և Մեֆոդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ և Մեֆոդի

Կիրիլ և Մեֆոդի
Ծնունդ Կիրիլ՝ 827
Մեֆոդի՝ 815
Վախճան Կիրիլ՝ 869, Հռոմ
Մեֆոդի՝ 885, Մորավիա
Եկեղեցի(ներ) Ուղղափառ եկեղեցի, Հռոմի կաթոլիկ եկեղեցի, Անգլիկան եկեղեցի, Լութերական եկեղեցի

Կիրիլ և Մեֆոդի, սլավոնական լուսավորիչներ, քրիստոնեության քարոզիչներ, սլավոնական այբուբենի ստեղծողները, ժամագրքերը հունարենից սլավոներենի առաջին թարգմանիչները։ Կիրիլը (մինչև 869 թվականին կուսակրոնություն ընդունելը՝ Կոստանդին), մոտ 827-869 թվականներ) և նրա ավագ եղբայր Մեֆոդին (մոտ 815-885 թվականները) ծնվել են Մալոնիկում (Մոլոն)։ Կիրիլը կրթություն է ստացել Կոստանդնուպոլսում, բյուզանդական կայսր Միքայել III-ի արքունիքում։ Տիրապետել է սլավոներենին, հունարենին, լատիներենին, եբրայերենին և արաբերենին։

Սովորել է նաև Կոստանդնուպուսի Մագնավրա բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ նրան դասավանդել են հայազգի գիտնականներ՝ փիլիսոփա-աստվածաբան Փոտը և անվանի մաթեմատիկոս Լևոնը։ Հրաժարվելով կայսրի առաջարկած վարչական ասպարեզից՝ դարձել է պատրիարքարանի գրադարանավար, այնուհետև դասավանդել փիլիսոփայություն։ 850-ական թվականներին եղել է Սիրիայում, որտեղ հաղթել է մահմեդականների հետ ունեցած աստվածաբանական վեճերում։

Մեֆոդին վաղ հասակից ընդունվել է զինվորական ծառայության, այնուհետև մտել է վանք։ 863 թվականին բյուզանդական կայսրը Կիրիլին և Մեֆոդիին ուղարկել է Մորավիա՝ սլավոներեն լեզվով քրիստոնեություն քարոզելու։ Մեկնելուց առաջ Կիրիլը ստեղծել է սլավոներեն այբուբենը և Մեֆոդիի օգնությամբ հունարենից սլավոներենի թարգմանել մի քանի ժամագրքեր։

Կիրիլը և Մեֆոդին 866 / 867 թվականին Հռոմի պապ Նիկողայոս առաջինի հրավերով մեկնելով Հռոմ՝ ճանապարհին Բլատենսյան իշխանությունում նույնպես տարածել են սլավոնական գիրն ու աստվածաբանական ծեսերը։

Հռոմում Կիրիլը վախճանվել է։ Մեֆոդին եղել է Մորավիայի և Պանոնիայի արքեպիսկոպոսը։

882-884 թվականներին ապրել է Բյուզանդիայում, այնուհետև վերադարձել Մորավիա և զբաղվել Աստվածաշնչի սլավոներեն թարգմանությամբ։ Կիրիլը և Մեֆոդին իրենց գործունեությամբ հիմք են դրել սլավոներեն գրին ու գրականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png