Կարմրախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rash of rubella on skin of child's back.JPG

Կարմրախտ (լատ. rubeola), մանկական սուր վարակիչ հիվանդություն, որն ուղեկցվում է ցանով։ Կարմրախտի հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը 1938-ին հայտնաբերել են ճապոնացի գիտնական Դ. Հիրոն և Ս. Տասակեն։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 3-18 օր, նախանշանային շրջանը՝ մի քանի ժամից մինչև 1-2 օր։ Հիվանդության բնորոշ նշաններն են՝ դժգույն, վարդագույն մանր ցանը, երբեմն մաշկից քիչ բարձր, որն սկսվում է դեմքից, մի քանի ժամում տարածվում ամբողջ մարմնի վրա և տևում 1-3 օր։ Ջերմությունը բարձրանում է մինչև 38°C, ծոծրակային և պարանոցային ավշային գեղձերը մեծանում են, շոշափելիս ցավոտ են։ Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ։ Կանանց մոտ հղիության առաջին կեսին Կարմրախտով հիվանդացումը կարող է պատճառ դառնալ երեխայի բնածին ծանր արատների (խլություն, համրություն, աչքի ոսպնյակի մթագնում, գանգի, սրտի արատներ)։ Բուժումը ախտանշանային է, կիրառվում են նաև կանխարգելիչ վակցինացման մեթոդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png