Կարդիոսկլերոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարդիոսկլերոզ (հունարեն՝ χαρδία-սիրտ և σχλήρωσις-կարծրացում), սրտամկանի ախտաբանական վիճակ, պայմանավորված է սրտամկանում շարակցական հյուսվածքի գերաճումով, որով փոխարինվում է ֆունկցիոնալ մկանային հյուսվածքը։ Կարդիոսկլերոզն որպես կանոն առաջանում է սրտի որևէ քրոնիկական կամ սուր հիվանդության (պսակաձև անոթների անբավարարություն, սրտամկանի բորբոքում և այլն) հետևանքով։ Այն կարող է լինել տարածուն (դիֆուզ) և օջախային։ Հիմնական և ամենավաղ ախտանշաններից է հևոցը։ Հիվանդության զարգացման հետ մեկտեղ ի հայտ են գալիս սրտային անբավարարության ախտանշանները՝ պուլսի հաճախացում, ոտքերի այտուց, լյարդի մեծացում, շնչարգելություն։ Հաճախ խանգարվում է սրտի գործունեության ռիթմը, մեծանում են սրտի չափերը։ Սրտի փականներում շարակցական հյուսվածքի աճը կարող է սրտի արատների պատճառ դառնալ։

Բուժումը. սրտամկանի արյան շրջանառության լավացում (անոթալայնիչներ, հակամակարդիչներ), սրտի անբավարարության (ստրոֆանտին, դիգիտալիս, միզամուղներ) և առիթմիայի վերացում (քինիդին, նովոկաինամիդ), սննդի ռեժիմի պահպանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png