Լռջուն Թախտաջյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լռջուն Թախտաջյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Isatideae
Ցեղ Լրջուն (Isatis)
Տեսակ Լռջուն Թախտաջյանի (I. takhtajanii)
Միջազգային անվանում
Isatis takhtajanii

Լռջուն Թախտաջյանի (լատին․՝ Isatis takhtajanii), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասեր բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկ կամ խիտ թավոտ, 25-50 սմ բարձրությամբ ցողունով բազմամյա խոտաբույս է։ Տերևները բարակ են, արմատամերձները՝ երկարավուն-էլիպսաձև, գագաթի մոտ սրացած, ցողունային տերևները՝ բութ ականջուկներով։ Ծաղիկները դեղին են և խմբված երկարավուն ծաղկաբույլերում։ Պտուղը 11-15 մմ երկարությամբ, 3-4 մմ լայնությամբ նեղ-էլիպսաձև պատիճակ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Արագածի (լեռնագագաթ՝ Արագած, Գեղարոտի կիրճ) և Զանգեզուրի (լեռնագագաթները Մեծ Իշխանասար, Կապուտջուղ, Գազանասար, Յաղլուդարա և Գոգ լիճը) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Ղարաբաղը և Հյուսիսարևելյան Անատոլիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2200-3300 մ բարձրություների վրա, ժայռոտ լանջերին, քարակուտակներին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիս-օգոստոսին։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լռջուն Թախտաջյանի» հոդվածին։