Իմպերիալիզմը Ռուսաստանում (մինչև 1917 թվականը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անցումը իմպերիալիզմին տեղի է ունեցել 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծում, երբ կապիտալիզմը կրեց որակական փոփոխություններ և գլխավոր կապիտալիստական երկրներում ձևավորվեց մոնոպոլիաների տիրապետությունը։ Ռուսաստանում, ինչպես և ամենուր, իմպերիալիզմի անցման գլխավոր նախադրյալը արտադրության համակենտրոնացման բարձր աստիճանն էր։ Սակայն Ռուսաստանում գոյություն ուներ երկու տիպի համակենտրոնացում․

  1. բուն կապիտալիստական, կապված տեխնիկական առաջընթացի հետ
  2. համակենտրոնացում՝ ծնված արդյունաբերության կիսաֆեոդալական եղանակից։

Մոնոպոլիաների առաջացման «բնական» պրոցեսն արագացվում էր կապիտալիզմը վերևից արմատավորելու քաղաքականությամբ, արքունական պահանջարկի համակենտրոնացման, ինչպես և կառավարության ուղղակի ներգործությամբ՝ հատկապես 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ռուսական իմպերիալիզմը հասավ զարգացման բարձր աստիճանի։ Արտադրողական ուժերի մակարդակով Ռուսաստանը հավասարվեց Ֆրանսիային, Ճապոնիային, բայց ետ էր մնում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպերիալիզմը Ռուսաստանում (20-րդ դարի սկզբից մինչև 1917 թվականը) որոշ առանձնահատկություններ ուներ․

  • ճորտատիրությունը կապիտալիզմով փոխարինելու և վերջինս իմպերիալիզմի վերաճելու պրոցեսների առավելագույն մերձեցում
  • նորագույն կապիտալիզմի մենաշնորհի և ֆեոդալիզմի դարաշրջանի մենաշնորհի անմիջական կապ
  • իմպերիալիզմի պայմաններում կապիտալիզմի շարունակվող լայնակի աճ,
  • համաշխարհային իմպերիալիզմի հետ Ռուսաստանի կապերի յուրահատկություն։

19-րդ դարում Ռուսաստանում մոնոպոլիաները, որպես կանոն, արտադրությունը կարգավորում էին նրա սահմանափակման և նույնիսկ կրճատման ճանապարհով։ 20-րդ դարի սկզբին ֆինանսական կապիտալն արագ թափով սերտաճում էր խոշոր կալվածատիրության հետ։ Տնտեսական կյանքի զարգացման էվոլյուցիան խորացնում էր զարգացող բուրժուազիայի և ֆեոդալական կարգերի հակասությունները։

Մոնոպոլիաների առաջացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոպոլիաների առաջացման ընթացքում առանձնացվում էր երեք փուլ․

  1. սկզբնական փուլի համար (19-րդ դարի 1880–1890-ական թվականները) բնորոշ էին արդյունաբերության որոշ ճյուղերում ժամանակավոր համաձայնություններն ու սինդիկատները
  2. 20-րդ դարի առաջին տասնամյակը, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու դրան հաջորդող լճացումը արագացրին խոշոր սինդիկատների ձևավորումը
  3. 1910–1914 թվականների արդյունաբերական վերելքի հետ կապված էր մոնոպոլիաների հզորացման ժամանակաշրջանը։

Ռուսաստանում ֆինանսական կապիտալի ձևավորումն ընթացավ թռիչքաձև։ Բաժնետիրական բանկերը 19-րդ դարի վերջին վերածվեցին համեմատաբար խոշոր և կենտրոնացված ուժի, 20-րդ դարի սկզբին կազմավորվեցին տիպիկ բանկային մոնոպոլիաներ, որոնք պահպանում էին կապիտալիզմի վաղ շրջանի որոշ գծեր։ Ռուսաստանում բանկային մոնոպոլիաների կարևոր առանձնահատկությունը սերտ կապն էր պետական վարկի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմն արագացրեց բանկային կապիտալի հետ արդյունաբերական կապիտալի սերտաճման պրոցեսը, որի հետևանքով արագորեն ձևավորվեց ֆինանսական օլիգարխիան։ Իր հերթին առևտրա-արդյունաբերական կապիտալը նույնպես վերաճեց արդյունաբերական-բանկայինի։ Սակայն իմպերիալիզմը պրոլետարական հեղափոխության շնորհիվ չհասցրեց լրիվ ձևավորվել։ Ռուսաստանում իմպերիալիզմի առանձնահատկությունների հետևանքով նախադրյալներ ստեղծվեցին կապիտալիզմի թերզարգացման պայմաններում ռուսական կապիտալիզմի վերնախավի վաղաժամ նեխման համար։

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական իմպերիալիզմի զարգացման ամենակարևոր արդյունքը եղավ այն, որ իր յուրահատկությունների հետևանքով ի հայտ բերեց սոցիալ-դասակարգային նոր կառուցվածք, ստեղծեց արդյունաբերական պրոլետարիատի հզոր բանակ, որը կոչված էր տապալելու Ռուսաստանում իշխող ռազմաֆեոդալական իմպերիալիզմը և դնելու նոր դարաշրջանի սկիզբը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ ՀՍՀ, Իմպերիալիզմ էջ 327, 328
  • Վ․ Ի․ Լենին, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկեր, հատոր 22
  • Վ․ Ի․ Լենին, Եվրոպայի Միացյալ Նահանգների լոզունգի մասին, Երկեր, հատոր 21 Վ․ Ի․ Լենին, Իմպերիալիզմը և սոցիալիզմի պառակտումը, Երկեր, հատոր 23
  • Цыперович Г., Синдикаты и тресты в дореволюционний Росии и в СССР, Ленинград, 1927
  • В. И. Ленин о социальной структуре и политическом строе капиталистической России [Cборник статей], Москва, 1970