Դիլիսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դիլիսկա
վրաց.՝ დილისკა
Դիլիսկայի համայնապատկեր
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի մունիցիպալիտետ
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն2374[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,8 %
Ժամային գոտիUTC+4
Դիլիսկա (Վրաստան)##
Դիլիսկա (Վրաստան)
Դիլիսկա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Դիլիսկա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Դիլիսկա (վրաց. დილისკა), հայաբնակ գյուղ Ջավախքում՝ Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Գյուղը սփռված է Փարվանա գետի ձախ կողմում ` Ախալքալաք քաղաքից 2 կմ ուղիղ գծով դեպի հյուսիս-արևմուտք՝ ծովի մակարդակից 1,705-1,720 մետր բարձրության վրա։

Դիլիսկայում պահպանվել են շատ հնագիտական հուշարձաններ և սա վկայում է այն մասին, որ այստեղ բնակվել են անհիշելի ժամանակներից։

Երկրորդ համաշխարհային պատերազմին տվել է 407 կամավոր, որոնցից 177-ը չեն վերադարձել։ Դիլիսկան Ջավախքի ամենախիտ բնակեցված գյուղերից մեկն է և տարածաշրջանի այն սակավաթիվ գյուղերից մեկը, որն ունեցել է հայ բնիկներ։

Ինչպես մյուս գյուղերում՝ այստեղ ևս վերաբնակվել են Էրզրումի վիլայեթից` 1830 թվականին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիսկայում առաջին դպրոցը հիմնվել է 1837 թվականին։ 1864 թվականին բացվել է ծխական դպրոց, որը շարունակել է գործել մինչև 1885 թվականը։

Այդ ժամանակ կառավարության կողմից հրաման է եկել՝ փակել բոլոր հայկական դպրոցները։ 1837 թվականին ունեցել է մեկ ուսուցիչ՝ եկեղեցու պահակ Նահապետը և 30 աշակերտ, 1865 թվականին մեկ ուսուցիչ՝ 56 աշակերտով, 1868 թվականին՝ 1 ուսուցիչ, 70 աշակերտ, 1870 թվականին 1 ուսուցիչ և 40 աշակերտ։ 1875 թվականին եկեղեցում գործել է տարրական դպրոց, ուսուցիչը եղել է քահանա Համազասպ Գաբրիելյանը, ով ունեցել է 45 աշակերտ։ 1881 թվականին բացվել է պետական դպրոց՝ մեկ ուսուցիչ և 37 աշակերտ։

Այժմ Դիլիսկա գյուղում գործում է երկու դպրոց։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սարգիս եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ։

Դիլիսկան Ջավախքի բազմամարդ գյուղերից մեկն է։ Գյուղում պահպանված հնագիտական հուշարձանները վկայում են, որ Դիլիսկան բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ Վերջինս Ջավախքի այն սակավաթիվ գյուղերից է, որը 1830 թվականին Կարնո հայտնի գաղթի ժամանակ ուներ տեղաբնիկ հայ բնակչություն։

Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին հիշատակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1840 թվականի եկեղեցիների տեղեկագրում, համաձայն որի եկեղեցու ծխականների թիվը տվյալ պահին եղել է 499։ Նոր եկեղեցին կառուցվել է 1870-ական թվականների սկզբին[3]: 1885 թվականին եկեղեցին քարաշեն էր, փայտածածկ։ Այն ունեցել է նաև Գրիգոր վարդապետի ձեռքով գրված ձեռագիր Ավետարան։

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով, պատկանում է միանավ դահլիճի տիպին։ Բացառություն է կազմում արևմտյան ճակատը, որը կառուցված է սրբատաշ քարից։ Պատերին ներքուստ ագուցված են 15-16-րդ դարերի խաչքարեր։ Եկեղեցու արտաքին չափսերն են 19,68x12 մ։ Արևմտյան ճակտոնի գագաթին վեց սյունով զանգակատունն է։ Մուտքը արևմտյան կողմից է։ Վերջինիս ճակատային մասից բացված է կիսաշրջանաձև պատուհան։ Ծածկը կորաձև է։ Նախկինում եղել է փայտաշեն, իսկ այժմ երեսապատված է թիթեղով։ Ներքին տարածքը չորս զույգ փայտե սյուներով բաժանված է եղել երեք նավերի, այժմ՝ առանց որևէ օժանդակ սյան մեկ մեծ սրահ է։ Սուրբ Խորանը կառուցված է արևելյան մասում՝ իր աջ և ձախ ավանդատներով։ Հյուսիսային պատին մկրտության ավազանն է։

Ծխատեր քահանաներ. 1830-40-ական թվականներին Սուրբ Սարգիս եկեղեցում քահանայագործել է Տեր-Հովհաննես քահ. Տեր-Սարգսյանը։ Դպիրներն են եղել Հովհաննես Տեր-Բարսեղյանը, Ալեքսանդր Վարդանյանը, Տոնական Համբարյանը։

Դպրոց. 1837 թվականին գյուղում հիմնվել է խալֆայական կարգի առաջին դպրոցը։ 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցական տեղեկագրի համաձայն` Դիլիսկա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով։ 1869 թվականի դրությամբ ունեցել է 70 սովորող, մեկ ուսուցիչ։ Դպրոցը գործել է մինչև 1885 թվականը։ Հետագայում գյուղում բացվել է ռուսական պետական դպրոց, որը գործել է մինչև 1918 թվականի։

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Ինչպես բազմաթիվ եկեղեցիներ, Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ևս Խորհրդային տարիներին հայտնվում է տնտեսական նշանակության շինության կարգավիճակում։ Այդ տարիներին, եկեղեցին չծառայելով իր նպատակին, խոնավության ու անբարեկարգության պատճառով, աստիճանաբար հայտնվում է անմխիթար վիճակում։ Սակայն հետագայում եկեղեցին և հարակից տարածքը ամբողջությամբ վերանորոգվում ու բարեկարգվում են ծնունդով Դիլիսկայից Սամվել Նահատակյանի նյութական աջակցությամբ ու բարերարութ­յամբ։

Եկեղեցու վերաօծում. 2009 թվականի դեկտեմբերի 9-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին։ Եկեղեցու վերաօծման ընթացքում կատարվեց տաճարի օրհնություն, ապա վերաօծվեցին տասնվեց սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները և խաչքարերը։ Այնուհետև մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագը։

Ջավախքում Սուրբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ։ Ընդունված ավանդույթի համաձայն՝ այդ օրը երիտասարդները հեռու և մոտիկ գյուղերից ու բնակավայրերից, ուղևորվում են դեպի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին։

Եկեղեցին այսօր էլ իր ակտիվ գործունեությունն է ծավալում։ Ծագումով դիլիսկացի, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ, 2017 թվականին կրկին վերանորոգվեց Սուրբ Սարգիս եկեղեցին։ Եկեղեցին ավելի շքեղ տեսք ստացավ՝ որմնանկարներով զարդանախշված խորանով և մկրտության սուրբ ավազանով։ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին վերանորգված եկեղեցու բակում կատարվեց հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին և անհայտ զինվորին նվիրված խաչքարերի օծման արարողություն։ Եկեղեցու և հիշատակի խաչքարերի օրհնության կարգը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.