Դեմետեր Չիպարուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմետեր Չիպարուս
ռումիներեն՝ Dumitru Haralamb Chipăruș
Ծնվել էսեպտեմբերի 16, 1886(1886-09-16)[1][2]
ԾննդավայրDorohoi, Dorohoi County, Ռումինիայի թագավորություն
Մահացել էհունվարի 22, 1947(1947-01-22)[1][2] (60 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Ռումինիա և  Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ՈւսուցիչRaffaello Romanelli?[3], Անտոնին Մերսիե և Jean Boucher?
Ոճար-դեկո
Մասնագիտությունքանդակագործ
Ստորագրություն
Изображение автографа
 Demetre Chiparus Վիքիպահեստում

Դեմետեր Չիպարուս (ռումիներեն՝ Dumitru Chipăruș, սեպտեմբերի 16, 1886(1886-09-16)[1][2], Dorohoi, Dorohoi County, Ռումինիայի թագավորություն - հունվարի 22, 1947(1947-01-22)[1][2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), ռումինացի քանդակագործ։ Ստեղծագործել է ար-դեկո ոճով, ապրել ու աշխատել է Փարիզում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռումինիայում 1886 թվականի սեպտեմբերի 16-ին։ 1909 թվականին մեկնել է Իտալիա, սովորել է քանդակագործ Ռաֆայելո Ռոմանելիի մոտ։ 1912 թվականին Չիպարուսը տեղափոխվել է Փարիզ, որտեղ հաճախել է Փարիզի գեղարվեստի դպրոց, դասեր առել Անտոնին Մերսիեից ու Ժան Բուշեից։ Ստեղծագործել սկսել է ռեալիստական ոճի ոչ մեծ քանդակներով, որոնց առաջին ցուցադրությունը կայացել է 1914 թվականին Փարիզյան սալոնում։ Վարպետի առաջին քանդակաշարքերը, որոնք արտադրության մեջ են ներառվել, պատկերում են երեխաների։

1920-ական թվականներից ձևավորվել է Չիպարուսի հասուն ոճը, որն առանձնանում է մեծ դեկորատիվությամբ ու ազդեցիկությամբ։ Քանդակագործի արվեստը մեծ մասամբ պատկերում է պարուհիների ու իր ժամանակի նշանավոր կանանց։ Նրա աշխատանքների իրականացման իրավունքի մեծ մասը ձեռք է բերել Edmond Etling et Cie բրոնզ ձուլող ընկերությունը, որի տնօրենը եղել է Ժյուլիեն Դրեյֆուսը։ Les Neveux de J. Lehmann ընկերությունը երկրորդ խոշոր կազմակերպությունն է, որ համագործակցել է քանդակագործի հետ։

Չիպարուսը հազվադեպ է ներկայացրել իր աշխատանքները փարիզյան ամենամյա սալոններում։ 1928 թվականին նա ցուցադրել է «Նետաձգորդուհին» քանդակը, իսկ 1928 թվականին՝ «Տա Կեո պարուհին»։

Նացիստական հալածանքների և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մետաղաձուլական ընկերությունները գրեթե դադարել էին Չիպարուսի աշխատանքները ձեռք բերելուց։ Տնտեսական իրավիճակը նպաստավոր չէր կիրառական արվեստի զարգացման համար. շատ քանդակագործների ֆինանսական դրությունը գնալով վատանում էր։ 1940-ական թվականների սկզբից Չիպարուսը չէր վաճառել գրեթե ոչ մի մոդել, սակայն շարունակել է աշխատել իր համար` ստեղծելով ար-դեկո ոճի քանդակներ։ 1942 թվականին Փարիզյան սալոնում ցուցադրվել են քանդակագործի «Բևեռային արջ» և «Ամերիկյան բիզոն» գիպսե քանդակները, իսկ 1943 թվականին ներկայացրել է բևեռային արջի մարմարե և ձկնկուլի գիպսե քանդակները։

Չիպարուսը մահացել է 1947 թվականին։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմետեր Չիպարուս, «Պարուհի»

Չիպարուսի քանդակները ար-դեկո ոճի դասական օրինակ են կիրառական խրիսոէլեֆանտինային քանդակագործության մեջ։ Ավանդաբար վարպետի ստեղծագործության վրա երեք ազդեցություն է առանձնացվել. Դյագիլևի ռուսական բալետը, Եգիպտոսի արվեստը և ավելի քիչ` ավանգարդ արվեստը։ Չիպարուսի որոշ քանդակներ ռուս պարուհիներով հիացմունքի ուղղակի դրսևորում են։ Այսպես, «Պարսկական պար» քանդակախմբի կերպարներն ունեն Վացլավ Նիժինսկու և Իդա Ռուբինշտեյնի դիմագծերը, իսկ «Ծովային աստղ» քանդակի հագուստը նույնությամբ կրկնում է Ռիմսկի-Կորսակովի «Ստորջրյա թագավորություն» բալետի հագուստի էսքիզը։ Քանդակագործը ռուսական թատրոնի ազդեցությունը կարող էր կրել և միջնորդավորված կերպով` ֆրանսիական լայն հասարակության համար հարմարեցված երաժշտական ներկայացումների միջոցով։ Չիպարուսը հաճախ է իր քանդակները ստեղծել փարիզյան պարուհիների լուսանկարներով, ինչպես «Օղակով պարուհին» քանդակի դեպքում, որը գրեթե նույնությամբ կրկնում է «Փարիզյան մյուզիք-հոլլ» ալբոմի այդ ժամանակ շատ հայտնի լուսանկարները։

Հին Եգիպտոսի և Հին Արևելքի արվեստը փարիզյան նորաձևության մեջ է մտել 1922 թվականին Թութանհամոնի դամբարանի բացումից հետո։ Սա նույնպես իր ազդեցությունն է թողել Չիպարուսի արվեստի վրա։ Նա ստեղծել է մի շարք քանդակներ թագուհի Կլեոպատրայի կերպարանքով, ինչպես նաև «Եգիպտական պարուհիներ» շարքը։

Չիպարուսի աշխատանքներն իր ժամանակի արտացոլանքն են, 1920-1930-ական թվականների ոգու արտացոլանքը։ Հենվելով կիրառական արվեստի փարիզյան հարուստ ավանդույթների վրա` դրանք միավորել են շքեղությունն ու նրբագեղությունը։

Չիպարուսի աշխատանքների հանդեպ գեղարվեստական հետաքրքրություն է առաջացել 1970-ական թվականներին, իսկ 1990-ական թվականներից այն մշտական աճ է դրսևորում։ Ռուսաստանում Չիպարուսի ամենախոշոր հավաքածուն` մոտ 100 աշխատանքով, ներկայացնում է Մոսկվայի Ար-դեկո թանգարանը։

Քանդակագործը իր գրեթե բոլոր աշխատանքները ստորագրել է «DH Chiparus», որ փորագրված է քադակի քարե հիմքին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. https://barnies.fr/dimitri-chiparus/

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմետեր Չիպարուս» հոդվածին։