Գոթֆրիդ Բեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gottfried-benn.jpg

Գոթֆրիդ Բեն (Gottfried Benn, 1886, մայիսի 2 - 1956, հուլիսի 7), գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, երկու համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ, վեներոլոգ և վարակաբան, հոգեախտաբույժ-կենսաբան։ 20-րդ դարի գերմանական գրականության մեջ նա առանձնահատուկ դեպք է, ում շուրջ մինչև օրս վեճերը չեն մարում։ Հեղինակել է «Ֆենոտիպի վեպը», «Պտղոմեոսականը» արձակ ստեղծագործությունները, «Դիահերձարան», «Մարմին», «Աղբ», «Ճեղքում», «Ստատիկ բանաստեղծություններ», «Դիստիլլյացիա» բանաստեղծական շարքերը և ժողվածուները, հոդվածներ, փաստագրական գրքեր։

Ծնվել է 1886 թ.-ի մայիսի 2-ին, Մանսֆելդում։ Շուտով տեղափոխվում է Բեռլին և ստանում բժշկական կրթություն։ 1912 թ.-ին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Դիահերձարանը»։ Տպաքանակը ձերբակալվում է։ Ասպարեզ է հանվում մի պոետիկա, որը մարմնի և մահվան պոետիկա է։ «Քնարական հերոսը» մեգապոլիսների լաբիրինթոսներում թափառող մարդն է, թեման` նրա ես-ի հատվածավորումը, հերձումը, շերտատումը, ապամոնտաժը, կոտորակումը,- այս ամենը` բողոքի և թախիծի ֆոնին, որը կյանքի է կոչված այլասերված արդյունաբերական աշխարհի հանդեպ նողկանքից, որտեղ ներդաշնակությունը արդեն տեղ չունի։ Բենի յուրահատուկ գրելաոճը, որը միտված է կյանքի և մահվան վանող մանրամասները պատկերելուն, միտված է կեղծ արժեքների կործանման, մշակույթի անհոգևորության, մարդուն ոչ մի թեթևացում չբերող անհոգի քաղաքակրթության վերհանմանը։

Բենի հասուն բանաստեղծությունները ի հայտ են գալիս 20-30-ական թթ.։ Դա մենախոսական արվեստ է մի հիմնական թեմայով. հաստատուն հենարան գտնել տիեզերքում, որտեղ միայն «դատարկությունն է և դատապարտված ես-ը»։ Նման հենարան են «ստեղծագործական կիրքը» և «արտիստականությունը»։ Ոճի առկայությունը գոյության ապացույցներից է։ Այս շրջանում կատարյալ միայնակ կյանք է վարում։ 30-ականները նրան ակտիվություն են ներարկում։

1932-33 թթ. Բենը նացիոնալ-սոցիալիզմի հետ համերաշխության նշաններ է ցույց տալիս։ Նա սպասում է, որ, ինչպես և իր սեփական բանաստեղծական գիտակցության մեջ, բուրժուական քաղքենիական աշխարհի ժխտման հետևում պետք է ավելի բարձր մարդկային արժեքներ կանգած լինեն։ Նա հրապարակայնորեն խոսում է իր հույսերի մասին` դրանք կապելով նացիոնալ-սոցիալիզմի հետ։ Նիցշեի, Ֆիխտեի և Շպենգլերի խորունկ ազդեցությամբ նա իր ստեղծագործություններում բժշկի չոր լեզուն համադրում է քնարական բանաստեղծության սլացքներին։ Հիացած է ֆաշիստական «միստիկական կոլեկտիվականության» գաղափարով, որը, նրա կարծիքով, գերմանական ժողովրդին կազատի արևմտյան քաղաքակրթությունը լափող ռացիոնալիզմից։ Բենը կարծում է, որ անհատական «ես»-ը պետք է իր տեղը զիջի առավել հզոր և կենսական «մենք»-ին։ Նրա իդեալը Գերմանիայի ազգային-մշակութային վերածնունդն է։ Նման կարծիքների հետ է կապված այն սկանդալը, որը 1933 թ.-ին ծագեց մտավորական-հակաֆաշիստների մեջ` Թոմաս Մանի որդու` Կլաուս Մանի` Գոթֆրիդ Բենին ուղղված հայտնի բաց նամակից։ Նամակում Մանը զգուշացնում է Բենին, որ «քաղաքակրթության» դեմ նրա վերաբերմունը հեշտությամբ կարող է վերածվել ուժի պաշտամունքի, իսկ այդտեղից մինչև Ադոլֆ Հիտլեր մի քայլ է։ Բենի պատասխանը իր դեմ է շրջում ողջ գերմանական մտավորականությանը։

Շատ շուտով Բենը հասկանում է, որ նացիոնալ-սոցիալիզմը շատ հեռու է իր գեղագիտական հայացքների մարմնավորումներից։ 1933 թ.-ից նա հեռանում է նրա գաղափարախոսությունից` դառնալով մոլի հակառակորդը։ Համենայն դեպս, չի հեռանում հայրենիքից։

1935 թ.-ին ռեժիմը նրան հայտարարում է <մշակութային բոլշևիկ> և վտարում է Արվեստների պրուսական ակադեմիայից։ Միաժամանակ արգելվում է նրա գրքերի տպագրությունը։ Մեկնում է բանակ և խոր թիկունքում իբրև բժիշկ ծառայում զինվորական մի հոսպիտալում։ 1943 թ.-ին անանուն հրատարակում է «Քսաներկու բանաստեղծություն» գիրքը։

Նրա գեղարվեստական էթիկայի հիմնական հասկացությունը խստությունն է։ Բենի բանաստեղծությունը հետայսու ձգտում է ավելի բարձրին և ավելի հեռավորին, ինչը պայմանականորեն կոչվում է Երկինք։ Աստված Բենի պոետիկայի հիմնական խորհրդանշական մոտիվն է։ Այդ նա է կանգնած ճշմարտության որոնման ուղուն։ Գոթֆրիդ Բենը այժմ պահանջում է, որ բանաստեղծը չպետք է զբաղվի քաղաքականութամբ։ Նրա ստեղծագործության հիմնական միջավայրն են մեկուսացումը և ճգնակեցությունը։ Պատերազմից հետո նրա ստեղծագործությունների տպագրությունը արգելում են այս անգամ դաշնակիցները։ Դրանք հրապարակվում են միայն 1948 թ.-ից։ Գերմանիայի 20-րդ դարի այս մեծագույն բանաստեղծը մահկանացուն կնքում է Բեռլինում, 1956 թ.-ի հուլիսի 7-ին։

Արտաքին հղումներ[խմբագրել]