Արցախի գրադարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախը հայ գրավոր մշակույթի ու գրչության հնագույն կենտրոններից է։ Այստեղ ստեղծվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնց մի փոքր մասն է պահպանվել։

Արցախում մինչև վերջերս գործել է 230 հանրային և մանկական գրադարան։

Գրադարաններն Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրչության կենտրոններ Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիչների ու ծաղկողների ստեղծած ձեռագիր մատյանները պահպանվել են վանքերին ու եկեղեցիներին կից գրատուն-գրադարաններում։ 12-16-րդ դարում Արցախում գործել է շուրջ չորս տասնյակ գրչության կենտրոն, որոնցում ստեղծվել են հարյուրից ավելի մատյաններ։

5-րդ դ. Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախում առաջին դպրոցը, որին կից գործել է գրադարան[1]։ Հետագա դարերում օտար նվաճողների ասպատակություններից վնասվել են թե՛ վանքը, թե՛ գրադարանը, սակայն 16-րդ դ. սկսած վանքը նորից վերականգնվել է՝ վերադարձնելով գրչության, կրթության, մշակույթի կենտրոնի իր երբեմնի փառքը։ Արցախի գրչության նշանավոր կենտրոններից մեկը Հայոց Արևելից կողմանց կաթողիկոսանիստ Գանձասարն էր, որը համարվել է միջնադարյան ճարտարապետության հանրագիտարան ու մարգարիտ[2]։

Վիմագրություն Արցախում՝ Խաթրավանքում 13-րդ դարում գործող գրադարան-մատենադարանի մասին, 1204թ.: Լուսանկարի հեղինակ՝ Հակոբ Բերբերյան։

Արցախի տարածքում գրչության խոշոր արհեստանոցներ են գործել նաև Խորանաշատում, Գանձակում, Շուշիում, Շամխորում, Ամարասում, Գտչավանքում, Դադիվանքում, Թաղվերսում և այլուր։ Սրա մասին հիշատակարաններից բացի հետաքրքրական տեղեկություններ են հաղորդում նաև պատմական սկզբնաղբյուրները և վիմական արձանագրությունները, որոնցից մեկն էլ Խաթրավանքում 13-րդ դարում գործող գրադարան-մատենադարանի մասին վկայող 1204թ. հայտնի վիմագրությունն է, որն այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում[3]։  

Արցախում, անառիկ դիրքի, քաղաքական միանգամայն նպաստավոր հանգամանքների բերումով և տևական ժամանակ պահպանված հայկական իշխանությունների շնորհիվ ոչ միայն ստեղծվել, ընդօրինակվել ու նկարազարդվել են ձեռագիր մատյաններ, այլև պահպանվել ու փրկվել են Հայաստանի տարբեր անկյուններում ստեղծված բազմաթիվ մեծարժեք ձեռագրեր։ Հայոց տարբեր նահանգներից, նույնիսկ դրսի երկրներից, այստեղ հավաքվում էին բազմաթիվ ընտիր մատյաններ։ Արցախի իշխանները զանազան վայրերից ամեն գնով ձեռք էին բերում օտարված ու վաճառքի հանված հայոց ձեռագրերը և տեղափոխում հայրենիք։ Կիրակոս Գանձակեցին նկարագրում է, թե ինչպես են մոնղոլները քրիստոնյաներին վաճառում նրանց սուրբ գրքերը, հավելելով, թե հայ իշխանները «խնդութեամբ առեալ, ափռէին յիւրաքանչիւր գալառ, բաշխելով յեկեղեցիս և ի վանօրայս»[4]։ Այս կերպ հարյուրավոր ձեռագրեր են հավաքվել ու փրկվել Արցախում։ Հայ ձեռագրագիտության պատմության մեջ բացառիկ արժեք ունեցող «Վեհամոր», «Վեհափառի», «Հաղպատի», «Թարգմանչաց», «Մեծշենի» Ավետարանները և բազմաթիվ այլ ձեռագիր մատյաններ պահվել են Արցախի եկեղեցիներում ու անհատ մարդկանց մոտ՝ այսպես հասնելով մեր օրեր և հանգրվանելով Մաշտոցի անվան Մատենադարանում, Վենետիկում, Չիկագոյում և այլուր։

Գրադարանները Շուշիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պրոֆեսիոնալ գրադարան-ընթերցասրահը հիմնվեց 1838թ. Ղարաբաղի Հայոց հոգևոր թեմական դպրոցում, և շարունակել է իր գործունեությունը մինչև 1921թ.[5]։ Թեմական դպրոցի գրադարանի ֆոնդերում կային ոչ միայն Շուշիի, այլև արտերկրում հրատարակվող գրքեր ու հայկական պարբերականներ։ 1859 թ. հիմնվեց գրադարան-ընթերցարանը։ Նույն թվականին հաստատվեց նաև գրադարան-ընթերցարանի կանոնադրությունը։

1858թ. արձանագրվում է Շուշիի գրադարանի պաշտոնական բացումը։ 1865թ. քաղաքում բացված հասարակական ընթերցարանը տեղի հանրության զարգացման ու առաջընթացի համար կարևոր նշանակություն է ունենում։ Ընթերցարաններ էին գործում նաև Շուշիի Հռիփսիմյան օրիորդաց, ռեալական դպրոցների, հասարակական ակումբին կից գրադարաններում. վերջինից օգտվում էին նաև շրջակա Քարինտակ, Շոշ գյուղերի բնակիչները։

Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը (Թիֆլիս, 1881թ.) ունեցել է մասնաճյուղեր մի քանի քաղաքներում, այդ թվում` Շուշիում։ Բարեգործական ընկերության կրթական-մշակութային գործունեության կարևոր փաստերից մեկն էլ  Գանձակի նահանգապետի թույլտվությամբ  Շուշիում գրատուն-ընթերցասրահի բացումն էր։ Սկզբնական շրջանում ունեցել է մոտ 600  միավոր գիրք` հայերեն և ռուսերեն և 17 անուն պարբերական[6]։ Հավաքածուն ձևավորվել էր շուշեցիների նվիրատվություններով։ Նվիրատուներից աչքի էր ընկնում Հովհաննես Ադամյանը, որը պատմիչների գրքեր ու ժամանակի հայկական պարբերականների հավաքածուներով հարստացրեց գրադարանը։ Այստեղ ստացվում էին նաև Մոսկվայի և Ս. Պետերբուրգի պարբերական հրատարակություններ, հայերեն հանդեսներ։  Գրատուն-ընթերցարանը գործել է ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ից մինչև 2-ը և երեկոյան ժամը 5-ից մինչև 9-ը։ Ժամային գրաֆիկը հնարավորություն է տվել գրադարանից օգտվելու  հասարակության տարբեր խավերին` սովորողներին, աշակերտներին, աշխատավորներին, արհեստավորներին։ Գրադարանը ունեցել է գրացուցակներ` հայերեն և ռուսերեն գրականության համար։ Տասը տարվա կտրվածքով գրադարանի ընթերցողների ազգային պատկանելության վիճակագրական տվյալները հետևյալ պատկերն ունի՝ 80-85% հայեր, 3-10% ռուսներ, 2-8% թուրքեր, 2-5% վրացիներ և այլն։

Իսկ ավելի վաղ` 1888 թ. հունիսի 1-ից, Գանձակի նահանգապետի գրասենյակի թույլտվությամբ և հոգևոր ծխական դպրոցի ուսուցիչ Վահան Դադյանի նախաձեռնությամբ Շուշիում բացվում է մեկ այլ գրադարան-ընթերցարան, որը գտնվում էր Հայոց Հոգևոր Տեսչության տպարանին կից՝ Հասան-Ջալալյանի տանը։ Գրադարանի բաժանորդագինն էր տարեկան 5 ռուբլի, ամսական 50 կոպեկ, իսկ չանդամագրվածներն ամեն մի մուտքի դիմաց պետք է վճարեին 5 կոպեկ[7]։

Գրադարան-ընթերցարանները ավելի լայն կիրառություն են գտնում 19-րդ դ. առաջին կեսից սկսած, երբ ոչ միայն Շուշիում, այլև մի քանի խոշոր գյուղերում՝ Թաղավարդում, Ճարտարում, Սոսում, բացվում են  դպրոցներ։

1820-ական թթ. Շուշին դարձավ արևելահայոց և ամբողջ կովկասյան տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը, որտեղ լայն թափ ստացավ կրթական-մշակութային կյանքը։

Հայոց բարեգործական ընկերության Շուշիի մասնաճյուղի գրադարանը բացվել է 1889 թ. մարտի 10-ին և գործել է ինքնուրույն կանոնադրությամբ։ Գրադարանից օգտվելը վճարովի էր, այն ուներ մշտական ընթերցողներ։ Ունեցել է ընդարձակ ընթերցասրահ, ստանում էր գրականություն և մամուլ հայերեն ու ռուսերեն։ Հարուստ գրադարան է ունեցել թեմական դպրոցը։ Գրադարանը ստեղծվել է 1859 թ. Բաղդասար Մետրոպոլիտի ջանքերով ու միջոցներով (համալրվել նաև Վենետիկի Մխիթարյանների հրատարակություններով)։ Հարուստ գրականություն է ունեցել քաղաքի ձմեռային ակումբի գրադարանը, որից օգտվել են Շուշիի բոլոր քաղաքացիները։ Հոգևոր թեմական և ռեալական դպրոցներն էլ ունեցել են հարուստ գրադարան։ 1887 թ. Դադյան եղբայրները բացել են կազմատուն, որին կից գործել են գրատուն ու գրադարան։ Գործել են նաև մի քանի գրախանութներ։

Գրադարանները ԼՂԻՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանների թիվը կտրուկ ավելացել է 1920-ական թթ. սկզբներին` խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1940 թ. մարզում կար 66, 1973թ.՝ 186 մասսայական գրադարան 1,3 մլն գրքային ֆոնդով, իսկ 1985 թ.՝ 231 գրադարան 1,6 մլն գրքային ֆոնդով։ 1924 թ. բացվել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան մարզային գրադարանը, որը հետագայում կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ Սկզբնական շրջանում ունեցել է 2.097 միավոր գրականություն, որը գրադարանին նվիրել էին Մոսկվայում ուսանող ղարաբաղցի և տեղացի ընթերցողները (2017թ. տվյալներով՝ գրքային ֆոնդ՝ 175.903 միավոր, ընթ. թիվ՝ 3253 ): Այստեղ 1957թ. գործում է երկրագիտական բաժինը, որտեղ նյութեր են հավաքվում ոչ միայն Արցախի, այլև պատմական Հայաստանի մյուս արևելյան նահանգների պատմության վերաբերյալ, կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ։ Այստեղ գործում են շրջիկ գրադարանի, միջգրադարանային բաժնույթի և այլ ծառայություններ։

1970-ական թթ. ԽՍՀՄ-ում գրադարանային-մատենագիտական գործի հեռանկարային զարգացման նպատակով հիմք է դրվում գրադարանների կենտրոնացված համակարգին՝ ԳԿՀ-ներին։ 1973թ. ԼՂԻՄ տարածքում գործում էր 186 մասսայական գրադարան, 1,3 մլն ֆոնդով։ 1977-1978թթ. ստեղծվում է 6 ԳԿՀ, որից 5-ը Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում, Հադրութում, Շուշիում և մեկը՝ Ստեփանակերտում՝ 200 մասնաճյուղերով։

Վնասված և կործանված գրադարաններն Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2009-2012 թթ. կատարված ուումնասիրությունների` անցյալ դարի 1980-ական թթ. վերջերին և 1990-ական թթ. Արցախյան ազատագրական պատերազմի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով կործանվել են հարյուրավոր գրադարաններ, իսկ գրքային ֆոնդերը ենթարկվել են թալանի կամ հրդեհվել են։ Այսպես, Հադրութի շրջանը ունեցել է 44 գրադարան՝ 245.863 միավոր ֆոնդով, դրանցից 18-ը ավերվել է։ Մարտակերտի շրջանում 60 գրադարանից՝ 1 մլն գրքային ֆոնդով,  ավերվել է 53 գրադարան։ Մինչև պատերազմը Ասկերանի շրջանում գոյություն է ունեցել 47 գրադարան՝ 275.933 ֆոնդով, այդ թվում՝ 8 ադրբեջանական, պատերազմի շրջանում ավերվել է 15-ը։ Մարտունու գրադարանը չափազանց խիստ է տուժել պատերազմի հետևանքով. 1992թ. 65,000 միավոր գրականություն ունեցող գրադարանը ենթարկվել է ուղիղ ռմբահարման, որի հետևանքով փրկվել է ընդամենը 1000 միավոր գիրք։ Նույն շրջանի Գիշի, Մուշկապատ համայնքների գրադարանները հրդեհվել են, իսկ Մսմնա համայնքի գրադարանը ամբողջովին ավերվել է, գոյություն չունի։ Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանը մինչ պատերազմը ունեցել է 110.000 միավոր գրականություն, որի մեծ մասը ոչնչացվել է հրետակոծությունից, իսկ 1992թ. Շուշիից «Գրադ կայանքից ռմբակոծվել Հովհ. Թումանյանի անվան մանկական հանրապետական գրադարանը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնական զբոսայգում։ Գրադարանի ֆոնդի 70 տոկոսը ոչնչացվել է;

(Բոլոր տվյալները վերցված են «Կրթությունը, մշակույթը և սպորտը Արցախում», 2006, էջ 208-214):

Հայկական նյութական և հոգևոր մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացումը Արցախով չի սահմանափակվել։ 1990թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր կրոնական գործերի խորհրդի նախագահ Յու. Խրիստորադնովին ուղղած հեռագրում գրում է. «...Իմ պարտքն եմ համարում Ձեզ հայտնելու, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել հայկական պատմական հուշարձանների ավերումներն ու պղծումները Ադր.ՍՍՀ-ում։ Սրտի ցավով հայտնում եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին ադրբեջանական ծայրահեղականները հրկիզել են Բաքու քաղաքի հայկական եկեղեցին, որի հետևանքով ոչնչացվել են հայկական արժեքավոր գրքերը, սրբապատկերները, ամբողջ կրոնական գույքը...»[8]։

2011թ. տվյալներով՝ Արցախի Հանրապետությունում գործող գրադարանների թիվը 238 է, որից 12-ը՝ Ստեփանակերտում, 38-ը՝ Ասկերանում, 44-ը՝ Մարտակերտում, 43-ը՝ Մարտունիում, 27-ը՝ Հադրութում, 9-ը՝ Շուշիում, 48-ը՝ Քաշաթաղում, 17-ը՝ Շահումյանում։

2020 թ. սեպտեմբերի 27-ին բռնկված արցախյան երկրորդ պատերազմի՝ գրադարաններին պատճառված վնասները հաշվառվում են։

Գանձասարի Մատենադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոն

Գանձասարի Մատենադարանի բացումը 2015թ. նոյեմբերին կարևոր մշակութային, պատմական նշանակություն ունեցավ։ Մատենադարանի գործունեությունը ուղղված է ոչ միայն հանրությանը հայկական գրավոր մշակութային հուշարձանները՝ ձեռագիր ու տպագիր հրատարակությունները  ներկայացնելուն, այլև գիտական հետազոտությունների արդյունավետ միջավայր ստեղծելուն։ Կենտրոնն ունի գիտական ուսումնասիրությունների բաժին և թանգարանային համալիր, որտեղ ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր և այլ արժեքավոր նյութեր։

Գրքային ֆոնդերի շարունակական համալրումն Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր ժամանակներում գրադարանների ու մատենադարանների՝ հաղորդակցության ու հասարակական գիտակցության ձևավորման այդ կարևոր համակարգերի, գործունեության հիմքն են կազմում գրքային ֆոնդերի  ստեղծման, պահպանման, շարունակական, թիրախային համալրման ու սպասարկման աշխատանքները, ինչը հաջողությամբ իրականացվում է Արցախի Հանրապետությունում[9]։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ մշակույթի պատմության ընթացքում Արցախը՝ Ղարաբաղը, դարեր շարունակ եղել է նրա Մատենադարանը, այսինքն՝ գրապահոցը, և հայ ժողովրդի համար պահպանել է արժեքավորագույնը՝ սուրբ գիրքը, ձեռագիր մատյանը; Արցախը եղել է գանձարանը մշակույթի այն անտեսանելի կենարար հունդերի, որ այսօր պահանջված են համայն աշխարհում և հույժ անհրաժեշտ են մարդկանց»։
- Կիմ Բակշի, «Արցախի հոգևոր գանձերը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Մ. Արցախի դպրոցն ու մանկավարժական միտքը 5-19-րդ դդ. և 20-րդ դ. սկզբին, Ստեփանակերտ, 2002, 296 էջ։
  2. Յակոբսոն Ա. Գանձասար-Гандзасар, Ե., 1987, էջ 14։
  3. Կիմ Բակշի, Արցախի հոգևոր գանձերը, Ե., 2015, էջ 50
  4. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց, Ե, 1961, էջ 280
  5. Ավագյան Ս. Արցախը հայ մշակույթի կարևորագույն օջախ, Ե., 1991, էջ 64-65։
  6. ՀԱԱ, ֆ. 319, ց. 1, գ. 169, թ. 1:
  7. ՀԱԱ, ֆ. 319, ց. 1, գ. 167, թ. 29:
  8. Երեկոյան Երևան, 1990, թ. 7, էջ 1։
  9. Սուքիասյան Գ., Գիրքը և գրադարանային տեղեկատվական մշակույթը Արցախում, Ե., 2020, էջ 34։