Ավիավթար Բերդաշենի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավիավթար Բերդաշենի մոտ
Ми-8 տիպի ուղղաթիռի մնացորդները Բերդաշեն գյուղի մոտ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար և ինքնաթիռի կործանում
Թվական1991 թվականի նոյեմբերի 20
ՊատճառԽոցվել է հայկական զինված ուժերի կողմից(ավելի ուշ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար)[1]
ՎայրԲերդաշեն և Լեռնային Ղարաբաղ, ,
ՉվերթՄարտունի, Լեռնային Ղարաբաղ
Թռիչքի վայրԱղդամ, Ադրբեջան
Վերջնական կետՄարտունի
Մասնակիցներ22
Զոհվածներ22 (բոլորը)
Օդանավ
ՄոդելՄի-8
ԱվիաընկերությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքեր
Կողային համար72
Ուղևորներ19
Անձնակազմ3
Կենդանի մնացած0

Ավիավթար Բերդաշենի մոտ (ադրբ.՝ Qarakənd faciəsi[2]), ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Մի-8 տիպի N 72 ուղղաթիռի կործանումը, որտեղ գտնվելիս են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ և դիտորդներ Ռուսաստանից և Ղազախստանից[3]։ Ավիավթարը տեղի է ունեցել 1991 թվականի նոյեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Բերդաշեն գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ուղղաթիռը խոցվել է հայկական զինված ուժերի կողմից։ Ավելի ուշ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար[1]։

Խոցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի նոյեմբերի 20-ին տեղի ժամանակով ժամը 14։ 42-ին[4] Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա ավիավթարի է ենթարկվել ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի թիվ 72 ուղղաթիռը[4], որի մեջ գտնվել է 22 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները[5]։ Զոհերի թվում եղել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, ինչպես նաև ռուս-ղազախական խաղաղապահ առաքելության անդամներ[6]։ Ուղղաթիռն Աղդամ քաղաքից թռնում էր դեպի Մարտունի քաղաք, որտեղ նախօրեին տեղի էին ունեցել բախումներ Մարտունի քաղաքի հայ և արվարձան համարվող Խոջավենդի ադրբեջանական բնակչության միջև։ Ռուսաստանից և Ղազախստանից ժամանած դիտորդները, որոնք, համաձայն Ժելեզնովոդսկի կոմյունիկեի, աշխատում էին ԼՂԻՄ-ում, Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ մեկնում էին Մարտունի՝ ծանոթանալու շրջանում առկա սրված իրավիճակին[3]։

Ավիավթարի պատճառի առաջին տարբերակը հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ԼՂԻՄ հատուկ շրջանի կոմենդատուրայի վրա։ Ըստ առաջին վարկածի՝ ուղղաթիռը մառախուղի մեջ բախվել է ժայռին[3]։ Սակայն հետաքննությունը ինքնաթիռի ֆյուզելյաժում հայտնաբերել է ճեղքվածք, որը բնորոշ է հրթիռի պայթյունին[7]։ Օդաչուի սխալի և եղանակային վատ պայմանների տարբերակը մղվել է երկրորդ պլան։ Ի հայտ են եկել բազմաթիվ փաստեր, որ ուղղաթիռը գնդակոծվել է[4]։ Ուղղաթիռի ֆյուզելյաժում և թիաբերանում հայտնաբերվել են ճեղքվածքներ։ Քննչական խմբի մի շարք ներկայացուցիչներ հակված էին ճշմարտացի համարել այն տարբերակը, որ ուղղաթիռը գնդակոծվել է «ПКТ» տիպի խոշոր տրամաչափ ունեցող տանկային կամ ПКТВ տիպի 14,5 մմ տրամաչափ ունեցող գնդացրից[4]։ Բացի այդ, չճշտված տվյալների համաձայն, գնդակների հետքերը եղել են նաև դիակների վրա։ Որոշ վկաների պատմածների համաձայն՝ ավիավթարից անմիջապես հետո, N72 ուղղաթիռի կործանման վայրում թռել է չճանաչված ուղղաթիռ, իսկ դրանից հետո դեպքի վայրին է մոտեցել կանաչ գույնի ГАЗ-56 ավտոմեքենա[4]։ Մինչև զինվորականների ժամանելն ավիավթարի վայրն ամբողջությամբ թալանվել է․ անհետացել են 12 ատրճանակներ, ադրբեջանցի լրագրող-թղթակիցների սարքավորումները, զոհերի թանկարժեք իրերը, ուղղաթիռի մասեր։ Կային վկայություններ, որ կորել են ավիավթարի որոշ զոհերի մարմիններ։ Այդուհանդերձ, ուղղաթիռի սև արկղը պահպանվել է և ուղարկվել Բաքու ուսումնասիրության[4]։ Մառախուղի պատճառով ուղղաթիռի կործանման վարկածին ի հակառակ նշվում էր նաև այն, որ այդ օրը եղանակն ուղղաթիռների համար եղել էր նորմալ։ Տեսանելիությունը եղել է 6-8 կիլոմետր[4]։ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վասիլի Սավինը նշել է, որ ներքին զորքերի ստորաբաժանումները դեպքի վայր են հասել արդեն մթնշաղից հետո և իրոք հայտնաբերել անհայտ այցելուների հետքեր։ Սավինը նաև կասկած է հայտնել այն մասին, որ ուղղաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ վատ եղանակային պայմանները։ Անհրաժեշտ է նաև նշել, որ այդ ուղղաթիռը նախկինում երեք անգամ ընկել է գնդակոծման տակ[4]։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին վթարի պատճառների ուսումնասիրման կոմիտեի ղեկավար Ադիլ Աղաևը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ուղղաթիռը գնդակոծվել է գետնից՝ խոշոր տրամաչափի զենքից։ Ըստ Աղաևի՝ տեսանկարահանող սարքերը և զենքերը գողացվել են դեպքի վայրից[3]։ Ի պատասխան այդ հայտարարության Հայաստանից և ԼՂԻՄ-ից ԽՍՀՄ ազգային դեպուտատներ Զորի Բալայանը, Վիկտոր Համբարձումյանը, Հենրիկ Իգիթյանը և Սոս Սարգսյանը մեղադրել են պետական կենտրոնական հեռուստատեսությանը կողմնակալության մեջ և նշել, որ Արցախի ազգային-ազատագրական բանակը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ։ Նրանց խոսքերով «պատահական չէ, որ ավիավթարից հետո դեպքի վայրում հայտնվել են Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն, որը երկու տարի շարունակ Ղարաբաղում զբաղվել է սադրիչ գործողություններով»[3]։

Նոյեմբերի 21-ի գիշերը Աղդամ է մեկնել ԽՍՀՄ ՆԳՆ կոմիտեն, որը գլխավորում էր ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի առաջին տեղեկալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Կոմիտեի ժամանման նպատակը եղել է դեպքի պատճառների բացահայտումը։ Սակայն պարզ է դարձել, որ կոմիտեի ժամանումից առաջ դեպքի վայրը թալանվել է[8]։ ԽՍՀՄ գլխավոր դատախազ Նիկոլայ Տրուբինի խոսքերով՝ դեպքի վայր են մեկնել նաև Միության դատախազության վարչության ղեկավար Բուտուրլինը և ավիացիոն տեխնիկայի գծով մասնագետ Կոզլովը։ Նրանց ժամանումը համաձայնեցված է եղել Ադրբեջանի նախագահի հետ։ ԼՂԻՄ են ժամանել նաև Գլխավոր ռազմական դատախազության մասնագետները։ Ադրբեջան է ժամանել նաև Միության ներքին գործերի նախարարի տեղակալ Վ․ Տրուբինը[4]։ Շուտով ուղղաթիռի կործանման վայրն անցել է հայկական զինված ուժերի վերահսկման ներքո, որի արդյունքում հետաքննությունը դադարեցվել է[9]։

Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և հանրապետության վարչապետի պաշտոնակատար Հրանտ Բագրատյանը Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանն ուղարկել են ցավակցական հեռագրեր՝ ավիավթարի ժամանակ այդ հանրապետությունների ներկայացուցիչների մահվան կապակցությամբ[4]։ Ժելեզնովոդսկի կոմյունիկեի պահանջով ստեղծված Հայաստանի հատուկ հանձնարարականներով պատվիրակության ղեկավար Բաբկեն Արարքցյանը նմանատիպ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի հատուկ հանձնարարականներով պատվիրակությանը։ Զոհվածների հարազատներին և բարեկամներին իրենց ցավակցություններն են հայտնել նաև Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները, որոնք այդ օրերին բանակցություններ էին վարում Մոսկվայում[4]։

Թաղման արարարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, Բաքվում[3]։

Ադրբեջանական կողմի տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն ուղղաթիռի կործանումը որակել է որպես ահաբեկչություն[10][11]։ Ադրբեջանցիները, լսելով տեղի ունեցած ավիավթարի մասին, այն որակել են որպես «հայ ազգայնականների հերթական արարք», որից հետո Բաքվում սկսվել են բազմահազարանոց ցույցեր[4], որի մասնակիցները Ադրբեջանի ԽՍՀ Բարձրագույն խորհրդից և նախագահ Այազ Մութալիբովից պահանջել են Ղարաբաղում հաստատել կարգ ու կանոն կամ հրաժարական տալ[3]։

2016 թվականին հրապարակվել է լրագրողական հետաքննություն, համաձայն որի սև արկղերի ամբողջականությունը խախտվել է մինչև հայտնաբերումը և Մոսկվա ուղարկումը[12]։

Հայկական կողմի տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ми-8 ուղղաթիռի կործանումը բնորոշել է որպես ավիավթար[13]։

Արցախի իշխանությունների տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարի խորհրդական Արսեն Մելիք Շահնազարովի կարծիքով՝ հետաքննությունն այդպես էլ իր ավարտին չի հասել, իսկ ուղղաթիռի կործանման պատճառը մնացել է անհայտ։

Զոհերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական կողմի տվյալներով ավիավթարի ժամանակ զոհվել է 22 մարդ[14]։

  • Մահոմեդ Ասադով — Պաշտպանության հարցերով պետխորհրդական (Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար),
  • Զուլֆի Հաջիև — փոխվարչապետ,
  • Իսմեթ Գաիբով — Ադրբեջանի գլխավոր դատախազ,
  • Վագիֆ Ջաֆարով — պատգամավոր,
  • Արիֆ Հուսեյնզադե — Az TV-ի հիմնադիր,
  • Գենադի Դոմով — ուղղաթիռի անձնակազմի անդամ,
  • Նիկոլայ Ժինկին — Անդրկովկասյան շրջանի ներքին զորքերի հրամանատարի տեղակալ և ԼՂԻՄ ռազմական կոմենդանտ, գեներալ-մայոր,
  • Սերգեյ Իվանով — ԼՂԻՄ ՊԱԿ վարչության պետ,
  • Թոֆիգ Իսմայիլով — Ադրբեջանի պետքարտուղար,
  • Վյաչեսլավ Կոտով — ուղղաթիռի անձնակազմի հրամանատար, մայոր,
  • Վլադիմիր Կովալյով — ԼՂԻՄ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր,
  • Օլեգ Կոչերև — փոխգնդապետ,
  • Միխայիլ Լուկաշով — ոստիկանության գեներալ-մայոր,
  • Վելի Մամեդով — պատգամավոր,
  • Ռաֆիգ Մամեդով — Ադրբեջանի պետքարտուղարի օգնական,
  • Օսման Միրզոև — Ադրբեջանի նախագահի վարչակազմի բաժնի ղեկավար,
  • Ալը Մուստաֆաև — հեռուստալրագրող,
  • Գուրբան Նամազալիև — Ադրբեջանի մելյորացիայի և ջրային տնտեսության նախարարի առաջին տեղակալ,
  • Իգոր Պլավսկի — ԼՂԻՄ դատախազ,
  • Սայլաու Սերիկով — Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար, ոստիկանության գնդապետ,
  • Ֆահրադին Շահբազով —տեսաօպերատոր,
  • Դմիտրի Յալովենկո — ուղղաթիռի անձնակազմի անդամ։

Ադրբեջանի ԽՍՀ Բարձրագույն դատարանի նախագահ Հուսեյն Թալիբովը նույնպես պետք է նստեր ուղղաթիռը, սակայն թռիչքից մեկ օր առաջ որոշել է մնալ երկրում՝ պետական անվտանգության ապահովման համար։ Բացի նրանից փրկվել են ևս երկու անձինք։ Նրանցից մեկը եղել է Սադայ Ասադ օղլը Գուլիևը, իսկ մյուսը՝ Աքիֆ Ֆարման օղլը Գաջիևը, որն զբաղեցրել է գյուղատնտեսության և առևտրի փոխնախարարի պաշտոնը։ Երկուսն էլ ուշացել են թռիչքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 G. Reza Sabri-Tabrizi. Azerbaijan and Armenian Conflict and Coexistence(անգլ.) // From the Gulf to Central Asia: Players in the New Great Game / Edited by Anoushiravan Ehteshami. — University of Exeter Press, Մեծ Բրիտանիա, 1994. — С. 150. — ISBN 0859894304.

    All this collapsed on 20 November when a Russian helicopter, carrying a Russian-Kazakh mediation team and a number of Azerbaijan officials, was shot down (accidentally, it was later claimed by Armenia) by Armenian fighters.

  2. Qarakənd faciəsindən 22 il ötür Արխիվացված 2014-01-18 Wayback Machine // ANS. 20.11.2013.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Издательский дом «Коммерсантъ». Журнал «Власть», № 45 (89) от 25.11.1991. В Азербайджане сбит вертолет с VIP на борту
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 В. Белых. Авиакатастрофа в Нагорном Карабахе: Новые версии // Известия : газета. — 22 ноября 1991. — № 278. — С. 1.
  5. Croissant, Michael P. The Armenia-Azerbaijan conflict: causes and implications. — Westport, CT: Praeger Publishers, 1998. — С. 45. — ISBN 0-275-96241-5
  6. http://www.nato.int/acad/fellow/99-01/mekhtiev.pdf - Elkhan Mekhtiev, NATO -EAPC Research Fellowship, 1999—2001 Project: «Security Policy in Azerbaijan»: The helicopter carrying half of the Azerbaijani government was shot down near Garakend in Martuni district and all people on board
  7. Croissant, Michael P. The Armenia-Azerbaijan conflict: causes and implications. — Westport, CT: Praeger Publishers, 1998. — С. 55. — ISBN 0-275-96241-5

    It was believed initially that the helicopter had crashed into a mountain and exploded as a result of foggy flying conditions. However, an investigation found holes in the fuselage consistent with the explosion of a rocket.

  8. Газета «Известия» 23.XI.1991

    Как оказалось, место катастрофы до приезда военных было полностью разграблено. Исчезло 12 пистолетов, аппаратура корреспондентов азербайджанского телевидения, ценные вещи погибших, приборы вертолёта. Есть утверждения, что пропали тела некоторых жертв трагедии. Правда, «чёрный ящик» уцелел и отправлен в Баку на обследование.

  9. «Investigation into Crash of Helicopter with Azerbaijani Senior Officials Suspended». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  10. Террористические акты, совершённые на воздушных судах в Азербайджане Արխիվացված 2010-05-02 Wayback Machine
  11. Террористическо–диверсионные акты в Азербайджане. Официальный сайт Государственной комиссии Азербайджана по делам военнопленных, заложников и без вести пропавших

    20 ноября 1991 года. В результате обстрела армянскими террористами вертолёта «МИ-8» вблизи села Гаракенд Ходжавендского района погибло 19 человек, экипаж вертолёта и пассажиры - выдающиеся деятели государства и правительства Азербайджана, наблюдатели из России и Казахстана.

  12. «Haqqin.az раскрывает тайну расстрела команды Муталибова - наше расследование. Часть 1». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. Министерство обороны Республики Армения
  14. «18-я годовщина гибели "Ми-8" с известными азербайджанскими политиками и журналистами на борту». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]