Ալետտա Յակոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալետտա Յակոբս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1854(1854-02-09)[1][2][3]
ԾննդավայրSappemeer[4]
Մահացել էօգոստոսի 10, 1929(1929-08-10)[1][2][3] (75 տարեկան)
Մահվան վայրԲարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԳրոնինգենի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, կանանց իրավունքների պաշտպան, հակապատերազմային ակտիվիստ, խմբագիր և սուֆրաժիստ
ԱմուսինCarel Victor Gerritsen?
ԿուսակցությունFree-thinking Democratic League?
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն և Հարատև խաղաղության կանանց միջազգային կոմիտե
 Aletta Jacobs Վիքիպահեստում

Ալետտա Յակոբս (հոլ.՝ Aletta Henriëtta Jacobs, փետրվարի 9, 1854(1854-02-09)[1][2][3], Sappemeer[4] - օգոստոսի 10, 1929(1929-08-10)[1][2][3], Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4]), հոլանդացի բժիշկ, թարգմանիչ և սուֆրաժիստ։ Հոլանդական համալսարանն ավարտած առաջին կինը և առաջին կին բժիշկը Նիդեռլանդներում։ 1882 թվականին հիմնադրել է աշխարհի առաջին ծննդաբերության հսկողության կլինիկան։ Յակոբսը եղել է ինչպես հոլանդական, այնպես էլ կանանց միջազգային շարժումների առաջատար ակտիվիստ։ Քարոզչություն է իրականացրել` ուղղված մարմնավաճառության կանոնակարգերի հեռացմանը, կանանց աշխատանքային պայմանների բարելավմանը, խաղաղության խթանմանը և կանանց ընտրական իրավունքի ճանաչմանը։ Կարևոր դեր է խաղացել Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության ստեղծման գործում, եղել է խաղաղության շարժման ակտիվ մասնակից։ Նա միջազգային ճանաչում է ստացել կանանց իրավունքների և կարգավիճակի գործում ունեցած ներդրման համար։

Կանայք Հաագայում միջազգային կոնգրես, 1915։ Ձախից աջ՝ 1. Լյուսի Թումայան՝ Հայաստան, 2. Լեոպոլդինա Կուլկա 3. Լաուրա Հյուզ՝ Կանադա, 4. Ռոսիկա Շվիմեր՝ Հունգարիա, 5. Անիկա Ասպուրգ՝ Գերմանիա, 6. Ջեյն Ադամս՝ ԱՄՆ, 7. Էուժեն Համեր 8. Ալետտա Յակոբս՝ Նիդեռլանդներ, 9. Կրիստալ Մակմիլան՝ ՄԹ, 10. Ռոսա Ջենոնի՝ Իտալիա, 11. Աննա Կլեման՝ Շվեդիա, 12. Թորա Դոգաարդ՝ Դաբիա, 13. Լուիզա Կելաու՝ Նորվեգիա

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալետտան ծնվել է 1854 թվականին, հոլանդական փոքրիկ գյուղում։ Նա տասներկու երեխաներից ութերորդն էր։ Հայրը հարգված բժիշկ էր, Ալետտան նրանից էր ընդօրինակել բժշկության հանդեպ սերը։ Հայրը հաճախ էր նրան տանում իր հետ աշխատելու, և Ալետտան հետևում էր, թե ինչպես է նա օգնում հիվանդներին։ Դա էլ նրան ոգեշնչեց գնալ հոր հետքերով։ Բացի այդ, հայրը նրան սովորեցրել է լատիներեն, հունարեն, մաթեմատիկա և քիմիա, գիտություններ, որոնցով այդ ժամանակ Նիդեռլանդներում զբաղվում էին բացառապես տղամարդիկ։ 1867 թվականին Ալետտան հաջողությամբ ավարտել է տարրական դպրոցը, բայց այդ ժամանակ աղջիկներին Սապեմերում (նրա հայրենի քաղաքը) ավագ դպրոց չէին ընդունում։ Դա չկանգնեցրեց Ալետտային, նա շարունակեց ինքնուրույն սովորել և 1870 թվականին հանձնեց քննություն, որը նրան իրավունք տվեց աշխատել որպես քիմիական լաբորատորիայի ասիստենտ։ Դրանից հետո նա նամակ է գրել Նիդեռլանդների նախարար, լիբերալ Յոհան Ռուդոլֆ Տորբեկեին՝ խնդրելով թույլ տալ ընդունվել համալսարան։ Տորբեկեն պատասխան նամակ է գրել Ալետտայի հորը՝ Աբրահամ Յակոբսին, որում նա պաշտոնական թույլտվություն է տալիս հաճախել Գրոնինգենի համալսարան։

Ալետտան պատասխանատվությամբ և լավատեսությամբ էր վերաբերվում կրթությանը։ 1879 թվականի մարտի 8-ին նա դարձավ առաջին հոլանդացի կինը, ով ստացավ բարձրագույն բժշկական կրթություն և մեկ տարի անց ստացավ բժշկի կոչում։

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկի կոչում ստանալուց հետո Ալետտան ոգևորությամբ սկսեց զբաղվել բժշկական գործունեությամբ։ Հիվանդների հետ շփվելիս նա տեղեկացավ խտրականության մասին, որի հետ առնչվում էր ամեն օր։ Շուտով նա իմացավ կանանց անարգել առևտրի և կավատության մասին։ Իր հիվանդներին պաշտպանելու նպատակով, նրանց տալիս էր հակաբեղմնավորիչ միջոցներ, որպեսզի նրանք խուսափեն հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից։ 14 տարի շարունակ, շաբաթը մի քանի անգամ, Ալետտան անվճար խորհրդատվություն էր տրամադրում մարմնավաճառ կանանց, աղքատներին և երեխաներին։ Նա մարդկանց սովորեցնում էր հիգիենայի և երեխաների խնամքի հիմունքները։ Նա նաև աշխատում էր դիաֆրագմայի (կանանց հակաբեղմնավորիչ միջոց) բարելավման ուղղությամբ։ Այս գաղափարը ցնցեց հանրությանը և նրան մեղադրեցին, որ դեմ է գնում մարդկային կյանքին։ Ալետտան գրել է, որ «քննադատության ամենադժվար մասը կապված էր, հատկապես նրա հետ, ինչը լսեցի իմ եղբայր Սեմի բերանից»։ Խոսելով կանանց վերարտադրողական և սեռական իրավունքների մասին, Յակոբսն ուշադրություն չդարձնելով քննադատությանը` անվճար կլինիկա բացեց խոցելի վիճակում գտնվող կանանց համար։ Նա ստեղծեց ընտանեկան պլանավորման առաջին կենտրոնը Նիդեռլանդներում։ Ի թիվս այլ բաների, Ալետտան պայքարում էր կանանց աշխատանքի պայմանների բարելավման համար։ Այդ ժամանակ Նիդեռլանդներում խանութի աշխատակցուհիները ստիպված էին 10 ժամ ոտքի վրա կանգնել, ինչը հանգեցնում էր առողջական խնդիրների, այդ թվում գինեկոլոգիական։ Ալետտան պնդում էր, որ կանանց տրամադրեն նստարաններ, որոնց վրա նրանք պետք է հանգստանան ընդմիջումների ժամանակ։ Տասնամյակներ անց, հարցը կարգավորվում էր օրենքով։

Յակոբսի գործունեությունը թույլ տվեց ընկերներ ձեռք բերռլ համաժողովրդական արհմիության անդամների մեջ, որոնց առաջնորդն առաջարկեց հատկացնել տարածքներ, որտեղ հնարավոր կլինի հանրային դասախոսություններ անցկացնել հիգիենայի, երեխաների խնամքի և մայրության վերաբերյալ։ Աշխատելով հիվանդների հետ՝ Ալետտան ականատես եղավ հսկայական անարդարության, ինչը նրան դրդեց սոցիալական ակտիվության և սուֆրաժիզմի։

Սուֆրաժիստական շարժում և ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտորական աստիճան ստանալուց հետո Յակոբսը տեղափոխվում է Լոնդոն և սկսում է հաճախել ֆեմինիստների և վերարտադրողական իրավունքների ու համընդհանուր ընտրական իրավունքի համար պայքարող ակտիվիստների հանդիպումներին։

1887 թվականին նա ակտիվորեն ընդգրկվում է սուֆրաժիստական շարժման մեջ, միանալով Կանանց միջազգային դաշինքին, որտեղ հետագայում ծանոթանում է Քերի Չափման Քաթին։ Քաթի հետ միասին Ալետտան շրջագայում է տարբեր երկրներում՝ կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության պայքարում նրանց աջակցելու համար։ Ալետտան դաշինք է կազմում այլ երկրների սուֆրաժիստների հետ և տարածում է հավասարության գաղափարը համաշխարհային մակարդակով։ Նրա ջանքերը փոխհատուցվեցին, երբ 1919 թվականին հոլանդացի կանայք վերջապես ստացան քվեարկելու իրավունք։ Քեթթին ուղղված նամակներից մեկում նա գրել է. «Հարգելի Քերի, ես վստահ եմ, որ իմ կյանքն ապարդյուն չեմ ապրել։ Մենք կատարել ենք մեր առաջադրանքը և այժմ կարող ենք թողնել այս աշխարհն այն վստահությամբ, որ մենք թողնում ենք այն ավելի լավ վիճակում, քան մինչ այդ էր»։ Լոնդոնում անցկացվող Կանանց միջազգային խորհրդի նիստին (1899) մասնակցելուց հետո Յակոբսը որոշեց հեռանալ բժշկությունից և ամբողջովին կենտրոնանալ ընտրական իրավունքի վրա։

Ալետտա Յակոբսի հուշարձանը Սապեմերում

Բացի կանանց իրավունքների համար պայքարելուց՝ Ալետտան նաև խաղաղության կողմնակից էր և խաղաղասեր էր։ Ալետտայի ամուսինը պացիֆիստական շարժման անդամ էր։ Առաջին աշխարհամարտի սկզբում Յակոբսը փորձեց օգտագործել ամբողջ աշխարհով մեկ իր ծանոթությունների ցանցը պատերազմը դադարեցնելու համար։ 1915 թվականին Հաագայում նա կազմակերպեց Կանանց միջազգային խորհրդի նիստ։ Այս ֆորումին մասնակցում էին տարբեր երկրների 1136 կանայք[5] և քննարկում էին պատերազմը դադարեցնելու ուղիները։ Ընդունվեցին մի շարք բանաձևեր և ստեղծվեց կանանց խաղաղության և ազատության միջազգային լիգան։ Հաագայի հանդիպումից հետո Ալետտան կանանց նախաձեռնող խմբի հետ միասին սկսեց շրջագայել Եվրոպայում՝ հանդիպել պատերազմող երկրների առաջնորդների հետ և փորձել նպաստել հաշտեցմանը։ 1915 թվականին նա մեկնում է Միացյալ Նահանգներ՝ անհաջող փորձ կատարելով համոզելու նախագահ Վիլսոնին՝ օգնելու լուծել միջազգային հակամարտությունը։ Ալետտան շարունակեց պայքարել հանուն հավասարության և խաղաղության մինչև իր կյանքի վերջը` 1929 թվականի օգոստոսը։

Ընտրյալ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jacobs, Aletta H. (1879). Over localisatie van physiologische en pathologische verschijnselen in de groote hersenen (PDF) (doctorate) (Dutch). Groningen, The Netherlands: University of Groningen.{{cite thesis}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Jacobs, Aletta (1898). «De strijd tegen de facultatieve steriliteit» [The fight against optional sterility] (PDF). Nederlands Tijdschrift voor Geneeskunde (Dutch). Amsterdam, the Netherlands: Vereniging NTvG. 1 (17): 656–663. OCLC 63803086.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  • Jacobs, Aletta H. (1899). Vrouwenbelangen Drie Vraagstukken van Actueelen Aard [Women's interests: Three current issues] (Dutch). Amsterdam, The Netherlands: L. J. Veen. OCLC 958739444.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Jacobs, Aletta H. (1904). De strijdwijze der doctoren Pinkhof en Mendes de Leon tegen het nieuw-malthusianisme [The fight against Neo-Malthusianism by the doctors Pinkhof and Mendes de Leon] (PDF) (Dutch). Amsterdam, The Netherlands: F. van Rossen. OCLC 63803356.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Jacobs, Aletta H. (1905). Uit het leven van merkwaardige vrouwen [From living remarkable women] (Dutch). Amsterdam, The Netherlands: F. van Rossen. OCLC 57436799.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gerritsen, C. V.; Jacobs, Aletta H. (1906). Brieven Uit En Over Amerika [Letters from and about America] (Dutch). Amsterdam, The Netherlands: F. van Rossen. OCLC 633889659.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Jacobs, Aletta H. (1910). De vrouw: Haar bouw en haar inwendige organen [The Woman: Her construction and her internal organs] (Dutch) (4th ed.). Deventer, The Netherlands: Kluwer. OCLC 320823330.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Jacobs, Aletta H. (1915). Reisbrieven uit Afrika en Azië, benevens eenige brieven uit Zweden en Noorwegen [Travel Letters from Africa and Asia (volume 1), in addition to some letters from Sweden and Norway (volume 2)] (Dutch) (2nd ed.). Almelo, The Netherlands: W. Hilarius Wzn. OCLC 25955739.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Jacobs, Aletta H. (1924). Herinneringen (Dutch). Amsterdam, The Netherlands: Van Holkema & Warendorf.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) English version: Memories;  My Life as an International Leader in Health, Suffrage, and Peace translated by Annie Wright Translations & edited by Harriet Feinberg. The Feminist Press at CUNY, 1996.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Aletta Henriëtte Jacobs — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Base biographique (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 WeChangEd
  5. «Hirschmann, Susanna Theodora Cornelia (1871-1957)». 2017 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալետտա Յակոբս» հոդվածին։