Ալենուշ Տերյան
| Ալենուշ Տերյան | |
|---|---|
ֆիզիկոս, աստղագետ, պրոֆեսոր |
|
| ԱԱՀ՝ | آلينوش طريان |
| Ծննդյան օր՝ | նոյեմբերի 9, 1920 |
| Ծննդավայր՝ | Թեհրան, Իրան |
| Վախճանի օր՝ | մարտի 4, 2011 |
| Վախճանի վայր՝ | Թեհրան, Իրան |
| Աշխատանք՝ | Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր, Իրանի առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիր |
Ալենուշ Տերյանը (պարսկերեն՝ آلينوش طريان) (ծ. 1920, նոյեմբերի 9, Թեհրան, Իրան – 2011, մարտի 4, Թեհրան, Իրան) Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր, և առաջին արևային աստղադիտակի և աստղադիտարանի հիմնադիրն է Իրանի ասղագիտության պատմության մեջ:
Կենսագրություն [խմբագրել]
Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին թեհրանահայ ընտանիքում: Մայրը ուսանել էր Շվեյցարիայում և ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը Իրանի Ջուղայի հայերից էր և գրող էր, կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն: Ծնողները տիրապետել են հայերենին, պարսկերենին, և ֆրանսերենին: Հայրը նաև Ֆիրդուսու բանաստեղծություններից հայերեն թարգմանությունների հեղինակ է, որոնք հրատարկվել են իր գրքում »Արիզադի Պոեզիայի Հավաքածո» (պարսկերեն՝ ديوان اشعار آريزاد) անվամբ:[1]
1947 թվականի մայիսին Ալենուշը ավարտում է ուսումը Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ:
Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար: Սակայն կին լինելու պատճառով մերժվում է: Չնայած դրան, հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը: 1956 թվականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան և Սորբոնում նրան դասախոսության պաշտոն է առաջարկվում: Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպես դասախոս սկսում է թերմոդինամիկա դասավանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:
1959-ին, Արևմտյան Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետությունը թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին, արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելու համար և Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու: 1961-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան, և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում պրոֆեսորի կոչման, և այդպիսով դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը:
1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ , իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիրանում, որի հիմնադրման մեջ ինքը մեծ դեր էր կատարել:[2]
Տերյանը Իրանում աստղաֆիզիկա դասավանդող առաջին անձն էր: 1979 թվականին պաշտոնաթողման դիմում է ներկայացրել և պաշտոնաթող եղել: Նա կտակում բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն, կյանքի վերջը անց է կացրել Թեհրանի Թոհիդ ծերանոցում:
Գնահատականներ [խմբագրել]
Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագրի կողմից որպես գիտության ոլորտի մնայուն դեմք է ճանաչվել: 2003 թվականին նրա կյանքի մասին վավերական ֆիլմ է ստեղծվել Իրանի հեռուստատեսության պատվերով, «Դեպի արև» (պարսկերեն՝ سوي خورشيد) անվամբ:[3]
2006 թվականի հուլիսին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել:[4]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Հարցազրույց Տիկին Ալենուշ Տերյանի հետ (պարսկերեն)»։ 2010-05-04։ http://www.farheekhtegan.ir/content/view/8930/44/։ Վերցված է 2010-06-29։
- ↑ «Հարցազրույց Ալենուշ Տերյանի հետ (անգլերեն)»։ 2007-12-19։ http://www.payvand.com/news/07/dec/1183.html։ Վերցված է 2012-06-02։
- ↑ 23063 «Իրանի աստղագիտության մայրը մոռացության շեմին (պարսկերեն)»։ 2007-11-10։ http://www.ebtekarnews.com/ebtekar/news.aspx?nid= 23063։ Վերցված է 2010-06-29։
- ↑ «Իրանում մեծարեցին հայ տիկնոջը»։ 2006-08-05։ http://www.armtown.com/news/am/arv/20060805/2006080509/։ Վերցված է 2010-06-29։