ԱՄՆ-ի պատմությունը 1849-1865 թվականներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ն 1850-1860-ական թվականներին

1849-1865 թվականներն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ը, որը կտրուկ ընդարձակել էր իր տարածքները, ապրում էր մի այնպիսի ժամանակաշրջան, երբ երկրի նահանգների միջև սրվել էին հարաբերությունները, ինչն էլ, վերջիվերջո, հարավային նահագներում հանգեցրեց խռովությունների և արյունալի քաղաքացիական պատերազմի։ Այդ շրջանում Միացյալ Նահանգներում տեղի էին ունենում արդյունաբերականացում և տրանսպորտային հեղափոխություն, որոնք փոխեցին Հյուսիսի և Արևմուտքի տնտեսությունը։ Զանգվածային ներգաղթը, որի ուղղությունը հիմնականում դեպի Հյուսիս էր, նույնպես Ամերիկայի մշակույթում լուրջ փոփոխությունների պատճառ հանդիսացավ։ Կալիֆոռնիական ոսկու տենդի սկիզբը և երկրի արևմտյան շրջանների զանգվածային բնակեցումը կրկին օրակարգում կրկին դրեցին Արևմուտքում ստրկության թույլատրման կամ արգելման հին հարցը։

1850 թվականին երկար տևած քաղաքական պայքարի արդյուքնում ընդունվեց կոմպրոմիսային որոշում, որը մասամբ բավարարում էր ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային նահանգների պահանջերը․ Կալիֆոռնիան դարձավ ստրկատիրությունից ազատ նահանգ, իսկ Տեխասում և ամերիկա-մեքսիկական պատերազմի արդյունքում ԱՄՆ-ին միացված տարածքներում ստրկությունը կարելի էր թույլատրել, եթե դրան կողմ քվեարկեին տեղի բնակչության մեծամասնությունը։ Համաձայն բնակչության ինքնիշխանության սկզբունքի՝ 1854 թվականին ընդունվեց Կանզաս-Նեբրասկայի օրենքը, որը փաստացի չեղյալ էր հայտարարում Միսսուրիի կոմպրոմիսով ընդունված որոշումը, որով սահմանափակում էր Արևմուտքում ստրկության տարածումը։ Կանզասում սկսվեցին զինված բախումներ ստրկության կողմնակիցների և հակառակորդների միջև, որը բևեռացրեց ամբողջ երկիրը։ Կանզասում ստրկատիրության վերացման կողմնակիցների հաղթանակը և ակնհայտ աբոլոցիոնիստական ծրագրով ու Հյուսիսի ընտրողների վրա հիմնվող նոր հանրապետական կուսակցության ստեղծումը խաթարեցին քաղաքական ուժերի հավասարակշռությունը և Հարավում իրենց ապագայի համար անհանգստանալու առիթ տվեցին։ 1860 թվականին հանրապետական կուսակցության թեկնածու Աբրահամ Լինքոլնը Հյուսիսային նահանգների ընտրողների աջակցությամբ և հակառակ Հարավային նահագների ընտրողների կամքի, դարձավ ԱՄՆ նախագահ։ Այդ ժամանակ հարավային նահանգները հայտարարեցին դաշնությունից իրենց դուրս գալու և նոր համադաշնային պետություն ստեղծելու մասին։ Իր վերահսկողության տակ վերցնելով Հարավի զինված ուժերը, Համադաշնությունը ուժով բռնագրավեց Հարավում մնացած ռազմաբազաները, որոնք հավատարիմ էին մնացել Վաշինգտոնի իշխանություններին։ Դրանք քաղաքացիական պատերազմի առաջին մարտերն էին, որոնք շարունակվեցին չորս տարի։ Այդ պատերազմում զոհվեցին 600-700 հազար ամերիկացիներ, պատերազմի և նավահանգիստների ռազմական շրջափակման հետևանքով առաջացած սովի պատճառով հարավային նահանգների մեծ մասը ամայացան։ Վերջիվերջո Հյուսիսը հաղթեց, ԱՄՆ տարածքային ամբողջությունը վերականգնվեց, իսկ երկրում ստրկությունը վերացվեց[1]։

Տնտեսական զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-ական թվականների սկզբին արդյունաբերական հեղաշրջման արդյունքում երկրի հյուսիս-արևմտյան նահանգները ծածկվեցին երկաթուղային խիտ ցանցով, ճանապարհներով, հիմնվեցին տեքստիլային գործարաններ, ոչ մեծ արդյունաբերական քաղաքներ և արագ աճող ֆինանսական կենտրոններ, ինչպիսիք են Բոստոնը, Նյու Յորքը և Ֆիլադելֆիան[2][3]։ Նրանց տնտեսական շահերը պահանջում էին, որ բարձրացվեին մաքսատուրքերը՝ ներքին շուկան արտասահմանյան (առաջին հերթին՝ բրիտանական) մրցակցությունից պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, առանց այդ էլ ցածր մաքսային տարիֆները Ամերիկայի հարավի բամբակ արտահանողների շահերից ելնելով, ընդհակառակը, իջեցվեցին՝ 1857 թվականին հասնելով վերջին տասնամյակների ընթացքում ամենաստորին շեմին։ Միջին Արևմուտքում զարգանում էր գյուղատնտեսական արդյունաբերությունը, նախևառաջ անասնաբուծությունը, որի հաշվին ինչպես Հյուսիսը, այնպես էլ Հարավը ապահովվում էին անհրաժեշտ սննդամթերքով։ Արտադրանքի նշանակալի մասը արտահանվում էր Եվրոպա[4]։

Բամբակի միջազգային բարձր գները նպաստեցին ամերիկյան Հարավի պլանտացիաների ծաղկմանը, սակայն այստեղ մոնոկուլտուրան հողն արագ որակազարկեց, և պլանտատորները ստիպված էին աստիճանաբար իրենց սեփականությունը տեղափոխել արևմտյան ուղղությամբ՝ դեպի նոր հողեր։ Նրանց համար հերթական հնարավորություն դարձավ 1845 թվականի Տեխասի միացումը ԱՄՆ-ին։ Այն դեպքում, երբ Հյուսիսում և Միջին Արևմուտքում ուրբանիզացիան աճում էր, և նոր քաղաքներ էին առաջանում՝ Չիկագոն, Ցինցինատին, Քլիվլենդը, ապա Հարավը մնում էր ագրարային շրջան։ Հարստությունը այստեղ կենտրոնացած էր խոշոր հողատերերի ձեռքում, որոնք շահույթ ստանալու նպատակով օգտագործում էին ստրուկների աշխատանքը։ Մանր ֆերմերների մեծամասնությունը ստրուկներ չուներ և իր ապրանքը ներկայացնում էր միայն ներքին շուկայում[5][6]։ Նույնիսկ երկաթուղիներն այստեղ շատ չէին, դրանք կարճ էին և գլխավորապես ծառայում էին դեպի մոտակա նավահանգիստներ բամբակի տեղափոխման համար[7]։ Արտադրանքի մեծ մասը տեղափոխվում էր գետերով։

Մինչև 1860 թվականը 2500 բնակչությամբ քաղաքներում ապրում էին ամերիկացիների 16%-ը, ազգային եկամտի մեկ երրորդը արդյունաբերական արտադրանքից էր գոյանում։ Սակայն հարավում բամբակի արտադրությունը դեռևս շարունակուր էր մնալ եկամտի հիմնական աղբյուր։ Բացի դրանից արագ աճում էր բրդյա հագուստի, կոշիկի և մեքենաների արտադրությունը։ Շոգեշարժիչների հետ հավասար նախկինի պես լայն կիրառություն ուներ նաև հիդրոէներգիան։ Երկաթուղիների գնացքաքարշների համար աստիճանաբար փայտի փոխարեն սկսեցին ածուխ օգտագործել, որի արդյունահանման կենտրոն դարձավ Փենսիլվանիան։ Չնայած գործարանները, հանքավայրերը, բանկերը, խանութները և այլ արդյունաբերական և առևտրային ձեռնարկությունները Հյուսիսում և Հարավի խոշոր քաղաքներում լայնորեն տարածում էին գտնում, սակայն դրանք, մեծամասամբ, մանր ձեռնարկություններ էին, որոնց սեփականատերերը և հաճախորդները տեղի բնակիչներն էին[8]։ Գործարաններում առավելապես աշխատում էին ներգաղթյալները, որոնց առաջին զանգվածային ալիքը (մոտ 4200 հազար մարդ) ժամանեց Ամերիկա 1840-1850-ական թվականներին։ Ներգաղթյալների մի խումբը իռլանդացիներ էին, որոնք փախել էին «Իռլանդական մեծ սով»- ից (1845—1849)։ Լինելով աղքատ և կաթոլիկ՝ իռլանդացիները ԱՄՆ-ում այնքան էլ ցանկալի եկվորներ չէին։ Նրանք բնակություն հաստատեցին առավելապես Բոստոնի և Նյու Յորքի մոտակա ծայրամասային ետնախորշերում։ Այլ դրության մեջ հատնվեցին գերմանական ծագմամբ ներգաղթյալները, որոնք սովորաբար միջին խավի լավ կրթված ներկայացուցիչներ էին։ Նրանք հայրենիքից հեռացել էին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատճառներով։ Նրանք իրենց ունեցվածքը վաճառել էին հայրենիքում և Ամերիկա էին ժամանել գրպանում որոշակի գումար ունենալով։ Նրանց հիմնականում գրավում էին Միջին Արևմուտքի քաղաքները, որտեղ, հատկապես Սենթ Լյուիսայում և Ցինցինատիում, ձևավորվեցին մեծ գերմանական համայնքներ։

Այն բանից հետո, երբ 1848 թվականին Կալիֆոռնիայում և 1860 թվականին Դակոտայի տարածքում ոսկի հայտնաբերվեց, սկսվեց այպես կոչված «ոսկու տենդ», որը ուժգնացրեց դեպի արևմուտք վերաբնակիչների հոսքը։ Միսսուրիի նահանգը Կալիֆոռնիայի ոսկու թանկարժեք հանքերին կապում էր «Կալիֆոռնիական ուղին»։ 1840-1860-ական թվականներին այդ ուղին բռնեցին մեկ քառորդ միլիոն ֆերմերներ և ոսկի որոնողներ։ Ոսկի փնտրողների մեծ մասը Կալիֆոռնիա ժամանեց 1849 թվականին, իսկ հետագայում նրանց անվանեցին Forty-Niners (Քառասունիննականներ)։ Ներգաղթյալների շարքերում նաև շատ չինացիներ կային, որոնցով սկսվեց դեպի Ամերիկա չինացի բնակչության զանգվածային ներգաղթը։ Ոսկի որոնողների մեծամասնությունը այդպես էլ ոսկի չգտավ և հաստատվեց Սան Ֆրանցիսկոյում և Սակրամենտոյում։

1849-1859 թվականների քաղաքական պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավում պարեկները, օրինական իրավունք ունեին բանտարկել, խուզարկել, ծեծել և նույնիսկ սպանել ստրուկներին, որոնք խախտել էին Հարավում ստրուկների մասին գործող օրենքները։ Աբոլոցիոնիստները ցիտում էին Հարավի օրենքները՝ որպես հարավի բնակիչների բարբարոսական սովորությունների ապացույցներ։

XIX դարի առաջին կեսին ԱՄՆ-ում, ինչպես Եվրոպայում, տարածված էր աբոլիցիոնիզմը, որը ինչպես եվրոպական Լուսավորականության, այնպես էլ ամերիկյան ուրույն հոգևոր կյանքի զարգացման արդյունք էր։ Աբոլոցիոնիստների գաղափարախոսության վառ արտահայտումներից մեկը 1852 թվականին Հարիեթ Բիչեր Սթոույի «Քեռի Թոմի խրճիթը» գրքի հրատարակումն էր։

Սակայն մեծամասամբ ստրկության շուրջ վեճերն ընթանում էին ոչ թե բարոյականության տեսակետից, այլ դրա իրավաբանական հիմքերից ելնելով։ Մասնավորապես, «ազատ հողի» համար ամերիկյան շարժումը հանդես էր գալիս ստրկության դեմ ոչ թե նրա համար, որ այն սևամորթների համար բեռ էր, այլ այն վտանգի համար, որը իրենից ներկայացնում էր սպիտակամորթ ամերիկացիների համար։

Ստրկությունը խոշոր պլանտատորներ-ստրկատերերի (էլիտա) քաղաքական և ֆինանսական կարողության տնտեսական հիմքն էր։ Վերջիններս վերահսկում էին հարավային նահանգների հողերի, անշարժ գույքի և կապիտալի մեծ մասը։ Հյուսիսի բնակիչների տեսանկյունից հարավի հասարակության էլիտան իրենից վտանգ էր ներկայացնում ժողովրդավարության համար։ Իսկապես, համաձայն 1860 թվականի մարդահամարի ավելի քան 385 հազար ամերիկացիներ (երկրի սպիտակամորթ բնակչության մոտ 1,4 %-ը և Հարավի սպիտակամորթ բնակչության 4,8 %-ը) ունեին գոնե մեկ ստրուկ[9][10]։ Ստրուկների մոտ 95 %-ը ապրում էր հարավային նահանգներում, որտեղ նրանք կազմում էին բնակչության մեկ երրորդ մասը[11]։

Հարավում ստրկությունը բնական երևույթ էր համարվում, իսկ ստրուկների ընվզումները ուժով ճնշում էին։ Հարավի բնակիչները կարծում էին, որ աֆրոամերիկացիները ընդունակ չէին ինքնուրույն հոգ տանել իրենց մասին և դրա համար տիրոջ կարիք ունեին։ Հյուսիսի հասարակությանը այստեղ համարում էին պարզունակ մշակույթով անհոգի ինդուստրիալ աշխարհ, այն դեպքում, երբ Հարավը, ըստ նրանց, կայուն, լավ կազմակերպված, բարձր զարգացվածությամբ քաղաքակրթության օրինակ էր։ XIX դարի առաջին կեսին ԱՄՆ-ի տարածքների վիթխարի ընդարձակումը, մասնավորապես, 1848 թվականին կնքված Գվանդալուպե-Իդալգո պայմանագրի համաձայն նոր տարածքների միավորումը հանգեցրեց երկրի շրջանների միջև հակասությունների սրացմանը, որը քաղաքական կյանքում գլխավորապես կենտրոնացավ ստրկության հիմնախնդրի վրա։ Հյուսիսի բնակիչները հանդես էին գալիս նոր տարածքներում ստրկության տարածման դեմ, այն դեպքում, երբ հարավում հույս ունեին թույլտվություն ձեռք բերել Արևմուտքում ստրկատիրության տարածման համար։ 1840-ական թվականների վերջին Կոնգրեսում տարածվեց այն կարծիքը, որ ստրկատիրության թույլատրման կամ արգելման հարցը պետք է լուծեին ոչ թե կենտրոնական իշխանությունները, այլ այս կամ այն նահագի բնակիչները և նրանց կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմինները։ Մինչև 1850 թվականը քաղաքական ուժերի միջև արձանագրվեց հերթական փոխզիջումը, համաձայն որի Կալիֆոռնիան մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ որպես ստրկատիրությունից ազատ նահանգ, Տեխասում ստրկատիրությունը թույլատրվեց, իսկ մնացած նախկին մեքսիկական տարածքներում ստրկատիրության հարցը պետք է լուծեր տեղի բնակչությունը։

ԱՄՆ-ի քարտեզը 1856 թվականի դասագրքից

1854 թվականին Կանզաս-Նեբրասկա օրենքի համաձայն նահանգը ստրկատիրական կամ ստրկությունից ազատ լինելու որոշման իրավունքը տրվում էր Կանզասի բնակչությանը։ Քանի որ Կանզասի տարածքը Միսսուրիի ավելի վաղ ընդունված կոմպրոմիսով գտնվում էր ստրկատիրության տարածման գծից հյուսիս, այդ օրենքը առաջացրեց քաղաքական ճգնաժամ, բերեց նախկին քաղաքական համակարգի անկմանը և նոր՝ Հանրապետական կուսակցության առաջացմանը, որն արտահայտում էր հյուսիսի բնակիչների և աբոլոցիոնիստների շահերը։ Նորաբնակները Կանզաս էին ժամանել ինչպես Հյուսիսից, այնպես էլ Հարավից։ Շուտով նրանց միջև առաջացան բախումներ, որոնք վերաճեցին քաղաքացիական պատերազմի։ Երբ 1855 թվականին տեղի ունեցան առաջին ընտրությունները, տրվել էր շուրջ 6000 ձայն, չնայած օրինական նորաբնիկները, որոնք ունեին ձայնի իրավունք, հաշվվում էին ոչ ավել, քան 1500 հոգի։ Քանի որ ընտրություններում հաղթեցին ստրկատիրության կողմնակիցները, «ավելորդ» ձայների տրման համար մեղադրեցին հարևան ստրկատիրական Միսսուրի նահանգի բնակիչներին։ Ստրկատիրության վրդովված հակառակորդները հայտարարեցին նահանգի ստվերային իշխանության ստեղծման և կեղծված ընտրությունների արդյունքների չճանաչման մասին։ Կոնգրեսում տեղի ունեցան լսումներ՝ կապված Կանզասի դեպքերի հետ։ Երբ սենատորներից մեկը հանդես եկավ «Հանցագործություն Կանզասի դեմ» խորագրով ճառով, որտեղ ընտրությունների կեղծման մեջ մեղադրեց Հարավային Կարոլինայի ներկայացուցչի բարեկամներից մեկին, վերջինս նրան ծեծեց մահակով հենց Կոնգրեսի դահլիճում։ Այս դրվագը, ինչպես նաև Կանզասում տեղի ունեցած գործողությունները Հյուսիսում զայրույթի ալիք բարձրացրեցին, սակայն Հարավում դրանք լայն աջակցության արժանացան։

1856 թվականի նախագահական ընտրություններին հանրապետականները առաջադրեցին Ջոն Ֆրիմոնտի թեկնածությունը և գրեթե հաղթել էին, չնայած այդ ժամանակ կուսակցությունը միայն երկու տարի էր գործում և ամբողջությամբ զրկված էր Հարավի ընտրողների աջակցությունից, որտեղ նրան համարում էին ծայրահեղական։

Այդ ժամանակվա խոշոր կուսակցություններից մեկը՝ Know Nothing, որը չէր կողմնորոշվել ստրկատիրության խնդրի վերաբերյալ և ուշադրությունը կենտրոնացրել էր ներգաղթյալների խնդրի վրա, կորցրեց ընտրողների աջակցությունը, և նրա անդամները հաջորդ ընտրություններում առավելապես հարեցին Հանրապետական կուսակցությանը։ Նախագահ դարձավ դեմոկրատների թեկնածու Ջեյմս Բյուկենենը, որի համար քվեարկեցին Հարավի, ինչպես նաև Փենսիլվանիայի և Իլինոյսի ընտրողները։ Ընտրությունները էլ ավելի բևեռացրին երկիրը․ հանրապետականները դարձան գրեթե ամբողջ Հյուսիսի, իսկ դեմոկրատները՝ Հարավի կուսակցությունը։ Շուտով ընտրություններից հետո 1857 թվականին բռնկվեց տնտեսական ճգնաժամ, որը խաթարեց դեմոկրատների քաղաքական ազդեցությունը։ Պատերազմը Յուտայում (1857—1858), որի ժամանակ կառավարական զորքերը ճնշում էին տեղացի բնակիչների՝ մորմոնների ելույթները, նույնպես չնպաստեց Բյուկենենի վարչակարգի համբավի մեծացմանը։

1857 թվականին ստրկատիրության կողմնակիցների և հակառակորդների միջև պայքարը ավելի սրվեց Սենդֆորդի դեմ Դրեդ Սքոթի հարուցած աղմկահարույց դատական պրոցեսի պատճառով, որի ընթացքում ԱՄՆ-ի Գերագույն դատարանը բացահայտ ընդունեց ռասիստական որոշում այն մասին, որ սևամորթները չեն կարող ճանաչվել ԱՄՆ-ի քաղաքացիներ։ Դատարանը նահանգներին արգելեց այնպիսի օրենքներ ընդունել, որոնք կարգելեին ստրկատիրությունը։

Գերագույն դատավոր Ռոջեր Բրուկ Թոնին վճռեց, որ այն հակասում է սահմանդրությանը, ինչն արգելում էր զրկել քաղաքացիներին իրենց ունեցվածքից (այսինքն՝ ստրուկներից)։ Հյուսիսում այդ որոշումն ընկալեցին որպես ստրկատերերի դավադրություն, որոնք մանիպուլյացիայի էին ենթարկում դաշնային կառավարությանը։

Արմատական աբոլոցիոնիստները, որոնց թվում էր նաև Կանզասում ապստամբության առաջնորդ Ջոն Բրաունը, հիասթափվեցին ստրկատիրության դեմ պայքարի օրինական մեթոդներից և անցան պարտիզանական պատերազմի մարտավարությանը։ Փորձելով Վիրջինիայում կազմակերպել ստրուկների ապստամբություն՝ Բրաունը 1859 թվականի հոկտեմբերի 17-ին մի խումբ կողմնակիցների հետ գրավեց դաշնային բանակի զինանոցներից մեկը։ Սակայն ստրուկների ապստամբություն բարձրացնել նրան չհաջողվեց։ Զինանոցը գրոհով հետ գրավվեց, իսկ Բրաունը իր ողջ մնացած համախոհների հետ կալանավորվեց և դատապարտվեց մահապատժի, որն ի կատար ածվեց նույն թվականի դեկտեմբերի 2-ին[12]։ Հարավում Բրաունի ելույթը որակեցին որպես վտանգավոր նախադեպ, իսկ Հյուսիսում նրան համարեցին հերոս և նահատակ։

1860 թվականի ընտրությունները և պատերազմը Հյուսիսի և Հարավի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականի դիագրամ, որը ներկայացնում է ԱՄՆ իշխանության կատարյալ կառուցվածքը։ Դրանում պատկերված են բոլոր, ներառյալ խռովահույզ նահանգները, որոնք այդ ժամանակ պետք է իրենց ներկայացուցիչներն ուղարկեին Կոնգրես և մասնակցեին իշխանության դաշնային մարմինների ձևավորմանը։

1860 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատները չկարողացան առաջադրել միասնական թեկնածու։ Դեմոկրատական կուսակցությունը պառակտվեց, դեմոկրատների մի մասը պնդեց Սթիվեն Դուգլասի թեկնածությունը, մի մասը ՝ Ջոն Բրեկինրիջի, իսկ մնացածները իրենց կուսակցության կողմից առաջադրված ոչ մի թեկնածուի չաջակցեցին։ Հանրապետականները առաջադրեցին Աբրահամ Լինքոլնի թեկնածությունը, որն էլ, չնայած Հարավի բոլոր նահանգներում տապալմանը, դարձավ ԱՄՆ-ի 16-րդ նախագահը։

Աբարահամ Լինքոլն,ԱՄՆ-ի 16-րդ նախագահ (1861-1865)

Հարավային Կարոլինայի իշխանությունները Հյուսիսի թեկնածուի հաղթանակին ի պատասխան 1860 թվականի դեկտեմբերի 20-ին հայատարարեցին դաշնային պետության կազմից նահանգի դուրս գալու և իր անկախության մասին։ Վերջինիս օրինակին հետևեցին Հարավի մյուս նահանգները և 1861 թվականի մարտին նախագահ Լինքոլնի պաշտոնն ստանձնելուց առաջ իրենց անկախության մասին հայտարարեցին Միսիսիպին (հունվարի 9-ին), Ֆլորիդան (հունվարի 10-ին), Ալաբաման (հունվարի 11-ին), Ջորջիան (հունվարի 19-ին), Լուիզիանան (հունվարի 26-ին) և Տեխասը (փետրվարի 1-ին)։ Փետրվարին հարավային նահանգների ներկայացուցիչները Ալաբամայի մայրաքաղաք Մոնտգոմերիում գումարեցին կոնգրեսի հատուկ նիստ, որտեղ ընդունեցին նոր համադաշնային պետության ժամանակավոր սահմանադրությունը և փետրվարի 8-ին Համադաշնության նախագահ ընտրեցին Ջեֆերսոն Դևիսին։

Դևիսի վարչակարգը դաշնային կառավարությանն առաջարկեց հետ գնել նրան պատկանող տարածքները, այդ թվում՝ ռազմական բազաները, որոնք գտնվում էին Համադաշնության կազմում, սակայն Լինքոլնը մերժեց։ Դրանից հետո՝ 1861 թվականի ապրիլի 12-ին, Դևիսը գեներալ Բորեգարին հրամայեց կրակ բացել դաշնային իշխանություններին հավատարիմ հատվածների վրա, որոնք պաշտպանում էին Սամտեր ամրոցը Հարավային Կարոլինայում։ Այդ մարտերից էլ սկսվեց քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ի պառակտումը քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Ստրկատիրությունից ազատ նահանգները ներկայացված են կապույտ գույնով, ստրկատիրական նահանգները՝ դեղին, Հարավի խռովահույզ նահանգները, որոնք ձևավորել էին Համադաշնություն՝ մոխրագույն գույնով։

Տեղեկանալով հարավի բնակիչների ռազմական գործողությունների սկսման մասին՝ հյուսիսի բնակիչներն իրենց հերթին իշխանություններից պահանջեցին կիրառել ռազմական ուժ։ Նախագահ Լինքոլն հայտարարեց կամավորների հավաքագրման մասին։ Ի պատասխան դրա՝ ԱՄՆ-ի կազմից դուրս գալու և Համադաշնությանը միանալու մասին հայտարարեցին ևս չորս նահանգներ՝ Վիրջինիան (ապրիլի 17-ին), Արկանզասը (մայիսի 6-ին), Թենեսին (մայիսի 7-ին) և Հյուսիսային Կարոլինան (մայիսի 20-ին)։ Եվս չորս ստրկատիրական նահանգ՝ Մերիլենդը, Դելավերը, Միսսուրին և Կենտուկին դաշնային կառավարության ճնշման ներքո մնացին վերջինիս վերահսկողության տակ, չնայած Կենտուկիի իշխանությունները սկսված պատերազմում չեզոքություն պահպանելու անհաջող փորձեր էին անում։ Հենց սկզբից պատերազմը Համադաշնության համար կրում էր պաշտպանողական բնույթ։ Հյուսիսին զիջելով թե՛ ռազմական, թե՛ մարդկային ռեսուրսներով, Հարավը միայն կարող էր հուսալ, որ, ձգելով պատերազմի ընթացքը, հյուսիսի բնակիչներին կստիպեին համակերպվել նրա անկախության փաստի հետ։

Վաշինգտոնից հյուսիսի բնակիչների առաջին հարձակումը Վիրջինիայի ուղղությամբ պսակվեց անհաջողությամբ։ Նրանց 35-հազարանոց վատ վարժեցված բանակը ջախջախվեց 1861 թվականի հուլիսին։ Դրանից հետո արևմուտքում բանակի հրամանատարությունը հանձնվեց գեներալ Մաքլելանին, որն անմիջապես բացառեց կայծակնային հաղթանակը և զբաղվեց մարտունակ բանակի ձևավորմամբ։ Այն արշավի դուրս եկավ միայն հաջորդ տարվա մարտ ամսին՝ 1862 թվականին։ Առաջին հաջողություններից հետո Մակլելանի բանակը հանդիպեց գեներալ Լիի ուժերին, որոնք պաշտպանում էին Համադաշնության մայրաքաղաք Ռիչմոնդի մատույցները։ Յոթնօրյա մարտերից հետո Մակլելանը ստիպված էր նահանջել։

1862 թվականի օգոստոսին Լին հաղթանակ տարավ Հյուսիսի ևս մեկ բանակի դեմ վճռորոշ մարտում, և հարավի բնակիչները ներխուժեցին Մերիլենդի տարածք, հուսալով, որ ռազմական հաղթանակները նրանց կբերեն եթե ոչ խաղաղություն, ապա գոնե Եվրոպայի կողմից ճանաչում և այլ երկրների կողմից օգնություն։ Սակայն սեպտեմբերի 17-ին հարավի բնակիչները պարտություն կրեցին, և նախագահ Լինքոլնը տարածեց հայտարարություն ստրուկների ազատագրման վերաբերյալ։ Չնայած դա Հարավում վերջ չդրեց ստրկությանը, սակայն պատերազմին տվեց գաղափարական ուղղվածություն և Համադաշնությանը լուսավորյալ եվրոպացիներին աչքերում ներկայացրեց պարսավելի լույսի ներքո։

Երկու կողմերի հետագա հարձակողական գործողությունները արևելքում ոչ մի բանի չհանգեցրին։ Ինչպես հարավի, այնպես էլ հյուսիսի բնակիչները հաջողությամբ պաշտպանում էին իրենց դիրքերը, սակայն ընդունակ չէին գրավել հակառակորդի տարածքները։ Հյուսիսի համար զգալիորեն հաջող էր պատերազմը արևմուտքում։ Չնայած 1861 թվականի սեպտեմբերին Համադաշնության զորքերը գրավեցին Միսիսիպի գետի վրա գտնվող և կարևոր նշանակություն ունեցող Կոլումբուս (Կենտուկի) նավահանգիստը, սակայն 1862 թվականի վերջերին դաշնային զորքերը շարունակում էին վերահսկել Կենտուկիի ամբողջ շրջանը։ Վիկսբուրգի մատույցներում կրած պարտությունից հետո հարավի բնակիչները ամբողջությամբ կորցրեցին Միսիսիպի գետի և Տեխասի ու Համադաշնության արևելյան նահանգների միջև հաղորդակցության նկատամամբ վերահսկողությունը։ Հաջորդիվ դաշնային զորքերը հաջողությամբ իրականացրեցին հարձակում Չաթանուգայի և Ատլանտայի վրա, ինչից հետո Հաադաշնությունը գործնականում այլևս զորքեր չուներ Ջորջիայի և Հարավային Կարոլինայի պաշտպանության համար։

Ջոն Ուիլկս Բութը պատրաստվում է կրակել նախագահ Աբրահամ Լինքոլնին, 14 ապրիլ 1865 թվական

1864 թվականին գեներալ Գրանտը նշանակվեց արևելքում Հյուսիսի զորքերի գլխավոր հրամանատար։ Հասկանալով, որ իրականացնելով սահմանափակ ռազմական գործողություններ, Հյուսիսը չի կարող հաղթել, իսկ նրա գլխավոր առավելությունը ռեսուրսների գերակշռությունն է, Գրանտն անցավ համընդհանուր պատերազմական գործողությունների ընդդեմ Հարավի։ Կամավոր ստորաբաժանումների փոխարեն նրա զորքերը կազմավորվեցին բոլոր հյուսիսային նահանգներից զորակոչված զինվորներից։ Նրանք հետ մղեցին գեներալ Լիի զորքերը մինչև Փեթերսբերգ (Վիրջինիա) քաղաք, որտեղ հյուսիսի բնակիչների գերակշռող ուժերը պաշարեցին նրանց։ Փեթերսբերգի պաշարումը շարունակվեց 1864 թվականի հունիսից մինչև 1865 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում գեներալ Շերմանի զորքերը գրավեցին Ատլանտան, ինչն ապահովեց նախագահ Լինքոլնի ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական հաղթանակը 1864 թվականի ընտրություններում, որտեղ նրա հակառակորդն էր գլխավոր պաշտոնից հեռացված դեմոկրատների թեկնածու գեներալ Մակլելանը։ Ատլանտայից առաջ շարժվելով, դեպի ծով Շերմանի հայտի երթի ընթացքում Հյուսիսի զորքերն ամայացրին Ջորջիան և գրավեցին նահանգի մայրաքաղաք Սավաննան։ 1865 թվականի ապրիլին հանձնվեց գեներալ Լիի հրամաատարության ներքո գտնվող հարավայինների վերջին բանակը, և երկար արյունահեղ պատերազմն ավարտվեց։ Համադաշնությունը ցրվեց, վերականգնվեց ԱՄՆ-ի միասնությունը։

Պատերազմի ավարտին նվիրված տոնակատարություններից մեկի ժամանակ նախագահ Ա․ Լինքոլնը սպանվեց։ Նա ամերիկացիների հիշողության մեջ մնաց որպես ազատության և ժողովրդավարության նվիրյալ։

Քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ում կատարվեցին արմատական վերափոխումներ։

ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ կատարվեցին 13-րդ և 14-րդ փոփոխությունները, որոնցով ԱՄՆ-ում արգելվում էին ստրկությունը և հարկադիր աշխատանքի բոլոր ձևերը։ Նախկին սևամորթ ստրուկները ճանաչվեցին ԱՄՆ-ի քաղաքացիներ և իրավունքներով հավասարվեցին սպիտակամորթ բնակչությանը։ Նրանք կարող էին ընտրել և ընտրվել պետական պաշտոններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lambert, Craig (May–June 2001). «The Deadliest War». Harvard Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. John F. Stover, American Railroads (1997) pp 35-95
  3. Walter Licht, Industrializing America: The Nineteenth Century (1995) pp 21-45
  4. George Rogers Taylor, The Transportation Revolution 1815—1860 (1962)
  5. Avery O. Craven, The Growth of Southern Nationalism, 1848—1861
  6. James M. Volo and Dorothy Denneen Volo, Encyclopedia of the Antebellum South (2000)
  7. Aaron W. Marrs, Railroads in the Old South: Pursuing Progress in a Slave Society (2009)
  8. John Steele Gordon, An Empire of Wealth: The Epic History of American Economic Power (2004)
  9. Grooms, R.M.«Dixie’s censored subject — Black slaveholders», The Barnes Review via americancivilwar.com, 1997. Retrieved October 24, 2007.
  10. Olsen, O.H. « Historians and the extent of slave ownership in the Southern United States.» Արխիվացված 2007-07-20 Wayback Machine, Civil War History via southernhistory.net, December 2004. Retrieved October 24, 2007.
  11. James McPherson, Drawn with the Sword, page 15
  12. «John Brown Biography Page». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.