Շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շուկա, փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է ապրանքների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված աշխատանքի հասարակական բնույթը։ Շուկան տնտեսական ազատության վրա հիմնված համակարգ է, որը դրսևորվում է ազատ ձեռներեցությամբ, գնագոյացմամբ, մրցակցությամբ, տեղեկատվությամբ և այլնով։Շուկան մի կողմից հասարակական արտադրության կազմակերպման ձև է, մյուս կողմից մեխանիզմ է, որը թույլ է տալիս որոշել տարբեր ապրանքների ու ծառայությունների առաջարկի և պահանջարկի հարաբերությունները։ Շուկաներում գնորդների ու վաճառողների որոշումները առաջացնում են առաջարկը և պահանջարկը, իսկ այդ որոշումների արդյունքը ձևավորում է ապրանքների և ռեսուրսների գների համակարգը, որը ի մի է բերում բազմաթիվ անհատների կողմից ընդունված որոշումները։ Առավելագույն շահույթ ստանալու նպատակը հանգեցնում է մրցակցային պայքարի, որտեղ հաղթում են արտադրության և վաճառահանման առավել լավագույն պայմաններ ունեցող ապրանք արտադրողները, իսկ թույլերը դուրս են մղվում շուկայից։

Տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Սմիթը շուկան դիտում էր որպես «ինքնակարգավորվող համակարգ», որը պայմանավորված է ազատ մրցակցությամբ։ Նա իր «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» (1776 թ.) աշխատության մեջ նշել է «անտեսանելի ձեռքի» սկզբունքի մասին, ըստ որի՝ ազատ մրցակցության պայմաններում շուկայում գործող ձեռներեցը հաշվի է առնում բացառապես իր շահը, սակայն արդյունքում ավելի մեծ օգուտ է տալիս հասարակությանը, քան, եթե նախապես գործեր հանուն հասարակության շահերի։

Նորդասական դպրոցի հիմնադիր Ալֆրեդ Մարշալը իր «Տնտեսագիտության սկզբունքները» (1890 թ.) աշխատության մեջ շուկան բնորոշում է որպես «մարդկանց ցանկացած խումբ, որը մտնում է գործարար կապերի մեջ և կնքում ապրանքի հետ կապված գործարքներ»։ Մեկ այլ առումով Ալֆրեդ Մարշալը շուկան բնութագրում է որպես «առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության համակարգ», որը կարգավորվում է պահանջարկի և առաջարկի օրենքով։

Ամերիկացի տնտեսագետ, շուկայագետ Ֆիլիպ Կոտլերը շուկայի բնորոշումը կատարում է՝ ելնելով նրա սուբյեկտներից։ Նրա «Մարքեթինգի հիմունքներ» աշխատության մեջ շուկան սահմանված է որպես «ապրանքների առկա և հնարավոր գնորդների ամբողջություն»։

Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ Ռոնալդ Քոուզը շուկան բնորոշում է որպես «բնական կարգ»։ Ըստ նրա՝ շուկան օբյեկտիվորեն սահմանված կարգ է, որը գործում է որոշակի «խաղի կանոններով»։ Այնտեղ, որտեղ խախտվում է այդ կարգը, թուլանում է «սեփականության իրավունքը», որն էլ իր հերթին մեծացնում է «տրանսակցիոն ծախսերը», այսինքն՝ անարդյունավետությունը։ Սեփականության իրավունքի ամրագրումը, ըստ Քոուզի, այն հիմքն է, որը ձևավորում է շուկայական մեխանիզմը՝ իր բոլոր առավելություններով հանդերձ։

Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ կան շուկայի այլ բնորոշումներ.

  • շուկան ապրանքների արտադրության և փողի միջոցով իրացման հարաբերությունների ամբողջություն է
  • շուկան ապրանքների արտադրության և շրջանառության օրենքներով կազմակերպվող փոխանակություն է
  • շուկան գնորդների և վաճառողների փոխհարաբերության մեխանիզմ է, այլ խոսքով՝ պահանջարկի և առաջարկի փոխհարաբերություն
  • շուկան ազատ՝ կամավոր և համարժեք փոխանակության համակարգ է։

Հիմնական տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական մեխանիզմը գործում է որոշակի օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա, որոնք դրսևորվում են որոշակի տարրերի փոխազդեցությամբ։ Շուկան ունի իրեն բնորոշ հիմնական տարրերը, որոնք շուկայական հարաբերությունները դարձնում են ավելի ընդգրկուն և խորը, քան պարզ փոխանակության հարաբերություններն են։ Շուկայի հիմնական տարրերն են՝ պահանջարկը, առաջարկը, մրցակցությունը, գինը և գովազդը։ Շուկայական հարաբերությունները գործողության մեջ են մտնում և դառնում իրական հարաբերություններ՝ նշված տարրերի միջոցով։ Որպես միասնական շուկայական համակարգի տարբեր կողմերի արտահայտություններ՝ նշված տարրերը գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածությունների մեջ։

Պահանջարկ և առաջարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը տվյալ պայմաններում սպառողները կարող են և ցանկանում են իրենց դրամական եկամուտներով գնել շուկայում ձևավորվող գնով, այսինքն՝ պահանջարկը գնողականությունն է, որ կախված է եկամուտներից և գներից։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է նաև մի շարք այլ գործոններով՝ սպառողական նախասիրություն, մոդա, սպասումներ և այլն։ Առաջարկը՝ որպես շուկայի հիմնական տարրերից մեկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը շուկայում ներկայացվում է վաճառքի տվյալ գնով։ Եթե պահանջարկը ներկայացնում են գնորդները կամ սպառողները, ապա առաջարկը՝ վաճառողները կամ արտադրողները։ Առաջարկը պայմանավորված է արտադրական ծախսերով, հումքի և նյութի գներով, տեխնոլոգիական առաջընթացով, արտադրողականությամբ և ապրանքի շուկայական գնով։ Պահանջարկը և առաջարկը փոխկապակցված են և կազմում են շուկայական համակարգի երկու հիմնական կողմերը։ Առաջարկը՝ որպես շուկայի տարր, գոյություն ունի որոշակի պահանջարկի առկայության պայմաններում, և ընդհակառակը։ Մեկի փոփոխությունը անդրադառնում է մյուսի վրա։

Գին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինը՝ որպես շուկայի տարր, կարգավորիչի դեր է կատարում առաջարկի և պահանջարկի միջև։ Գինը դիտարկվում է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի տեսանկյունից։ Պահանջարկի գինը գնորդի կողմից ներկայացվող գինն է, իսկ առաջարկի գինը՝ վաճառողի։ Դրա բարձրացումը նվազեցնում է պահանջարկը և մեծացնում առաջարկը։ Իր հերթին պահանջարկի և առաջարկի փոփոխությունն ազդում է գնի մակարդակի վրա։ Եթե պահանջարկը մեծանում է, գինը բարձրանում է, և հակառակը։ Եթե առաջարկը մեծանում է, գինը նվազում է, և հակառակը։ Այդ է պատճառը, որ շուկայի սահմանումը ներակայացնելիս կարևորվում է գնային ազդակների (իմպուլսների) կամ ազդանշանների դերը։ Գինը յուրահատուկ տեղեկատվության աղբյուր է տնտեսավարող սուբյեկտների համար։ Շուկայական գինը սահմանվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ, որը պայմանավորված է մրցակցությամբ։

Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցակցությունը տարբեր արտադրողների միջև պայքարն է միավոր արդյունքի ծախսերը կրճատելու, բարիքի քանակական և որակական պարամետրերը բարելավելու, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները արտադրության մեջ ներդնելու ճանապարհով ավելի շատ սպառողներ ներգրավելու և եկամուտներ ապահովելու համար։ Մրցակցությունը արտադրության շարժիչ ուժն է։ Բոլոր արտադրողները ցանկանում են շուկայից դուրս մղել մյուսներին։ Իրենց այդ նպատակին հասնելու համար նրանք ավելի խնայողաբար և արդյունավետ են օգտագործում առկա ռեսուրսները, մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման գործում, ինչը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում է միավոր բարիքի ծախսերը և ապահովում ավելի որակյալ արտադրանք։ Այսպիսով՝ շուկայական տնտեսությունը հիմնված է երեք առանցքների կամ տարրերի վրա, որոնք տնտեսության ինքնակարգավորման ճանապարհով ապահովում են սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործում և հասարակության աճող պահանջմունքների բավարարում։

Շուկայի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան իրենից ներկայացնում է բարդ տնտեսական համակարգ, հետևաբար նրա կառուցվածքը լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է կատարել շուկայի դասակարգում, այսինքն՝ շուկայի տարբեր տարատեսակները հարկ է ներկայացնել որոշակի խմբերով։ Քանի որ շուկան բարդ կառույց է, ուստի դասակարգելիս հիմք են ընդունվում տարբեր հատկանիշներ կամ չափանիշներ.

  1. ըստ տարածքային կամ տերիտորիալ հատկանիշների շուկաները հանդես են գալիս ներքին կամ ազգային և արտաքին կամ համաշխարհային շուկայի ձևերով։ Գոյություն ունեն նաև ռեգիոնալ կամ տարածաշրջային շուկաներ, որոնք գործում են երկրի որևէ տարածաշրջանում կամ էլ աշխարհի որևէ տարածքում
  2. ըստ օրինականության հատկանիշի շուկան լինում է լեգալ կամ օրինական և անլեգալ կամ ոչ օրինական. վերջինս հանդես է գալիս ընդհատակյա շուկայի, ստվերային, սև շուկայի տեսքով։
  3. ըստ մրցակցության հատկանիշի տարբերվում են ազատ կամ կատարյալ մրցակցության շուկան և ոչ կատարյալ մրցակցության շուկան
  4. ըստ հագեցվածության հատկանիշի շուկաները կարող են լինել գերհագեցած, եթե առաջարկը գերազանցում է պահանջարկին, թերհագեցած կամ դեֆիցիտային, եթե պահանջարկն է գերազանցում առաջարկին և հավասարակշռված շուկայի ձևով, եթե պահանջարկն ու առաջարկը հավասար են միմյանց
  5. ըստ շուկայական հարաբերությունների սուբյեկտների շուկաները լինում են գնորդների շուկայի ձևով, որտեղ գերակայությունը գնորդների կողմն է, վաճառողների շուկայի ձևով, որտեղ գերակայությունը վաճառողների կողմն է և միջնորդային շուկայի ձևով, որտեղ գերակայունությունը միջնորդների կամ բորսաների կողմն է
  6. ըստ շուկայի օբյեկտների առանձնացվում են շուկայի հետևյալ տեսակները

Շուկայի վերը նշված դասակարգումներից առավել բնութագրական է համարվում ըստ օբյեկտների նրա դասակարգումը, այսինքն հիմք ընդունելով այն, թե գնման ու վաճառքի օբյեկտը ինչն է հանդիսանում՝ ապրանքների և ծառայությունների շուկա։

Շուկայի ենթակառուցվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական էկոնոմիկայի ձևավորման և զարգացման կարևոր նախադրյալներից է համարվում շուկայական ենթակառուցվածքների առկայությունը։ Շուկայական ենթակառուցվածքները այն տնտեսական կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների ամբողջությունն է, որոնք նպաստավոր պայմաններ են ապահովում շուկայական հարաբերությունների բնականոն գործունեության և զարգացման համար։

Շուկայական ենթակառուցվածքները օժանդակ, սպասարկող դեր են կատարում շուկայի հիմնական կառուցվածքային օղակների համար։

Շուկայական ենթակառուցվածքների մեջ մտնում են հետևյալ օղակները.

  1. առևտրային ցանցը, որը ներառում է առևտրային բազաները, պահեստները, խանութները և վաճառքի այլ օբյեկտները
  2. տոնավաճառները, ցուցահանդես վաճառքները, մրցույթային վաճառքները, աճուրդները
  3. տրանսպորտային մայրուղիների, երկաթուղիների, նավահանգիստների, կայարանների և դրանց համապատասխան պահեստային տնտեսությունների առկայությունը
  4. առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների առկայությունը, որը հնարավորություն է տալիս, որպեսզի շուկայի սուբյեկտները անհրաժեշտության դեպքում վարկեր վերցնեն, ինչպես նաև բանկերի միջոցով կատարեն իրենց ֆինանսական գործառնությունները այլ կազմակերպությունների հետ։
  5. բորսաների առկայությունը, որոնք հանդես են գալիս ապրանքահումքային, ֆոնդային, աշխատանքների բորսաների ձևով, հատկապես կարևորվում է ֆոնդային բորսան, որի մեջ մտնում է ոլորտային շուկան և արժեթղթերի շուկան։
  6. ապահովագրության ծառայությունների առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել տնտեսական ռիսկը՝ նպաստելով գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանը։
  7. գովազդային ծառայությունը, որը նպաստում է ապրանքների արագ իրացմանը և ներդրված կապիտալի շրջանառության արագացմանը։
  8. տեղեկատվական ծառայությունների առկայությունը։

Այսպիսով շուկայական ենթակառուցվածքները իրենցից ներկայացնում են շուկայական կոմունիկացիայի ամբողջությունը այնպես, ինչպես որևէ քաղաք, բնակավայր առանց կոմունիկացիաների, այսինքն՝ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման, տրանսպորտի, դպրոցների, սպասարկող օբյեկտների չի կարող նորմալ գործել, շուկան նույնպես առանց ենթակառուցվածքների չի կրող բնականոն գործել։

Շուկայական տնտեսակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան հանդիսանում է տնտեսագիտության այն հասկացություններից մեկը, որը ամենամասսայական և առօրեական բնույթ է կրում։ Շուկան որպես տնտեսական հասկացություն կիրառվում է նեղ և լայն իմաստներով։ Նեղ իմաստով շուկան պարզապես համարվում է մի վայր, որտեղ իրականացվում են արտադրանքներ գնելու և վաճառելու գործառությունները։ Սակայն սա շուկայի պարզունակ կենցաղային բնորոշումն է հանդիսանում։ Շուկան որպես տնտեսական կատեգորիա ավելի խորը բովանդակություն ունի։ Լայն իմաստով շուկան իրենից ներկայացնում է տնտեսական հարաբերությունների համակարգ, որն առաջանում է ապրանքների արտադրության և դրանց փոխանակության կամ իրացման պրոցեսների հետ կապված։

Շուկան որպես տնտեսական կատեգորիա տնտեսական հարաբերություններ է արտահայտում ապրանք արտադրողների միջև, արտադրողների և սպառողների միջև, վաճառողների և գնորդների միջև, ինչպես նաև վաճառողների միջև և գնորդների միջև։ Ինչպես տեսնում ենք շուկան համապատասխան տնտեսական հարաբերությունների ամբողջություն է ներկայացնում և արտահայտում է երկրի տնտեսության բոլոր բնագավառներում տեղի ունեցող պրոցեսները։ Շուկայական տնտեսական հարաբերությունները վերաբերում են ոչ միայն ապրանքների արտադրության պրոցեսին, այլև հոգևոր բարիքների և ծառայությունների արտադրությանը կամ իրացմանը։ Շուկայական հարաբերությունները ներթափանցել են հասարակության կյանքի գրեթե բոլոր բնագավառները։

Հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան առաջացել է դեռևս վաղնջական ժամանակներում, երբ ապրանքափոխանակությունը ծավալուն բնույթ էր ստացել։ Ստրկատիրական հասարակարգերում շուկան, ապրանքափոխանակությունը կամ առևտուրը երկրորդական բնույթ էին կրում, որովհետև տնտեսության վարման հիմնական ձևը համարվում էր բնատնտեսությունը։ Ժամանակակից հասարակության մեջ շուկայական հարաբերությունները համընդհանուր բնույթ են կրում, այսինքն՝ դրանք տնտեսության կազմակերպման տիրապետող ձևն են հանդիսանում։ Շուկան իրենից ներկայացնում է տնտեսական համակարգ, հետևաբար վերջինիս էությունը լավ հասկանալու համար անհրաժեշտ է համառոտակի անդրադառնալ տնտեսական համակարգ հասկացությանը։ Տնտեսական համակարգն իրենից ներկայացնում է տնտեսական հարաբերությունների ամբողջությունն ու տնտեսության կազմավորման ձևերի ու եղանակների միասնությունը։ Տնտեսական համակարգի բնույթը առաջին հերթին որոշվում է նրանով, թե դրա հիմքում սեփականության ինչպիսի հարաբերություններ են ընկած, այսինքն ինչպիսին է սեփականության բնույթը, տիրապետող ձևերն ու տեսակները։ Տնտեսական համակարգը բնութագրվում է նաև նրանով, թե տնտեսավարողների միջև տնտեսական կապերն ու փոխհարաբերությունները ինչպես են համակարգվում կամ փոխհամաձայնեցվում, այլ կերպ ասած՝ տնտեսական համակարգերը միմյանցից տարբերվում են սեփականության հարաբերությունների բնույթով և տնտեսական համակարգման եղանակով։ Տնտեսական համակարգումը կարող են լինել աստիճանակարգված և ազատ։

Աստիճանակարգվածը դա հիերարխիկ ձևն է, երբ վերադաս մարմինների որոշումները, կարգադրությունները պարտադիր պետք է կատարվեն ստորադաս օղակների կողմից։

Ազատը կամ տարերային եղանակը ենթադրում է, որ տնտեսավարողների միջև փոխհարաբերությունները ձևավորվում են ազատորեն առանց կարգադրողների, տարերային եղանակով։ Տնտեսական համակարգերը բազմաթիվ են, որոնք կարելի է ներկայացնել որոշակի խմբերով։ Տնտեսագիտության մեջ ընդունված է տնտեսական համակարգերը ներկայացնել երկու խմբերով`

  • Ոչ շուկայական տնտեսական համակարգեր, որի մեջ մտնում են մինչկապիտալիստական կամ ավանդական տնտեսական համակարգերը, որոնք գոյություն են ունեցել նախնադարյան, ստրկատիրական, ֆեոդալական հասարակարգերում։
  • Շուկայական տնտեսական համակարգեր, որի մեջ մտնում են կապիտալիստական հասարակարգը, անցումային և խառը տնտեսությունները։ Ոչ շուկայական տնտեսական համակարգերի շարունակությունն է նաև սոցիալիստական հասարակարգը, որն ուներ սպառողական բնույթ և որտեղ գործում էր տնտեսության կարգավորման վարչահրամայական համակարգը։

Շուկայական տնտեսական համակարգը անցել է զարգացման երկու աստիճաններով և դրսևորվել է երկու տարատեսակներով`

  1. Ազատ մրցակցության շուկայական տնտեսական համակարգ, որն այլ կերպ կոչվում է կատարյալ մրցակցության շուկայական համակարգ։
  2. Ոչ կատարյալ մրցակցության շուկայական համակարգ։

Ազատ մրցակցության շուկան տիրապետող է եղել մինչև 20-րդ դարի սկիզբը, դրանից հետո տիրապետող է դարձել ոչ կատարյալ մրցակցության շուկան։ Ոչ կատարյալ մրցակցության շուկան արտահայտվել է նրանով, որ տնտեսության որևէ բնագավառում վերահսկողություն են հաստատել առանձին խոշոր ֆիրմաներ կամ դրանց միավորումները, որոնք կոչվում են մոնոպոլիստական ընկերություններ, այլ կերպ ասած ոչ կատարյալ մրցակցության շուկայում կարող են վերահսկել ու թելադրել մոնոպոլիստական ընկերությունները։

Շուկայական տնտեսական համակարգը տարբեր երկրներում ունի իր առանձնահատկությունները, այդ պատճառով էլ ձևավորվել են շուկայական տնտեսության որոշակի ազգային մոդելներ կամ տարատեսակներ, ինչպիսիք են ամերիկյան մոդելը, շվեդական, գերմանական, ֆրանսիական, ճապոնական, հարավ- կորեական, ճապոնակա մոդելները և այլն։

Օբյեկտներ և սուբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի հասարակական բաժանման խորացմանը զուգընթաց, յուրաքանչյուր ոք իր տնօրինության տակ գտնվող ռեսուրսին համապատասխան առաջարկում է որոշակի ծառայություն՝ ակնկալելով ստանալ անհրաժեշտ փոխհատուցում։ Ըստ այդ ռեսուրսների օգտագործման առանձնահատկության և ստեղծված բարիքների բնույթի՝ շուկան բաժանվում է համապատասխան մասերի։ Որպես այդպիսի ռեսուրսներ առաջարկվում են՝ աշխատանքը, կապիտալը և բնական ռեսուրսները։ Շուկան տարանջատվում է ըստ՝

  • սպառողական նշանակության բարիքների (պարենային և ոչ պարենային արդյունքների),
  • տարբեր տեսակի ծառայությունների (կենցաղ-սպասարկման, տրանսպորտային, կրթական, մշակութային, առողջապահական),
  • սպասարկման (ռեստորաններ, հյուրանոցներ, սրճարաններ և այլն)
  • բնակարանի շուկաների։

Ըստ արտադրության գործոնների՝ գոյություն ունեն կապիտալի (ֆիզիկական, փոխատվական, արժեթղթերի, վալյուտայի, գիտատեխնիկական մտքի արդյունքների կամ մշակումների, որոնք հանդես են գալիս արտոնագրերի և լիցենզիաների վաճառքի ձևով, տեղեկատվության), աշխատանքի, բնական ռեսուրսների (հող, բնական պաշարներ, ընդերքի հարստություն, ջրային ռեսուրսներ և այլն) շուկաներ։ Բարիքները և արտադրության գործոնները համարվում են շուկայի օբյեկտներ։

Սուբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային տնտեսության ներկայացուցիչները մի կողմից՝ ռեսուրսների սեփականատերերն են, իսկ մյուս կողմից՝ բարիքների (նյութական և հոգևոր, պարենային և ոչ պարենային, տարբեր տեսակի ծառայություններ և այլն) վերջնական սպառողները։ Տնային տնտեսությունը շուկայում առաջարկում է արտադրության գործոններ։ Այդ գործոնների մատուցած ծառայության համաձայն՝ տնային տնտեսության ներկայացուցիչները ստանում են իրենց փոխհատուցումը աշխատավարձի, տոկոսի և ռենտայի ձևով։ Տնային տնտեսության ներկայացուցիչները ստացված աշխատավարձով, տոկոսով և ռենտայով ձեռք են բերում իրենց անհրաժեշտ բարիքներ։ Տեղի է ունենում գործունեության փոխանակություն, որն իրականացվում է փողի՝ որպես միասնական չափման միավորի (էտալոնի) միջոցով։

Ֆիրմա կամ ձեռնարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրմայի կամ ձեռնարկության միջոցով տեղի է ունենում արտադրության գործոնների (կապիտալ, աշխատանք, բնական ռեսուրս, ձեռնարկատիրություն) միացման գործընթացը, որի շնորհիվ ստեղծվում է այս կամ այն բարիքը։ Տնտեսության զարգացմանը զուգընթաց տեղի է ունեցել արտադրության գործոնների սեփականատիրոջ և ձեռնարկատիրության տարանջատում, ինչը նույն աշխատանքի բաժանման գործընթացի շարունակությունն է։ Շուկայի սուբյեկտներին դիտարկելիս կարևոր է տարանջատել ռեսուրսի սեփականատիրոջը այն օգտագործողից կամ արտադրությունը կազմակերպողից։ Ձեռնարկատիրությունը (արտադրության կազմակերպումը) պահանջում է համապատասխան իմացություն, գիտելիքներ, ունակություն և այլն։ Այդ է պատճառը, որ ձեռնարկատիրությունը համարվում է արտադրության գործոն։ Շուկայում ձեռներեցը առաջարկում է ռեսուրսի սեփականատիրոջը իր ծառայությունը։ Ռեսուրսի սեփականատերը իր միջոցները տրամադրում է ձեռներեցին, որը, կազմակերպելով արտադրությունը, կատարած գործունեության դիմաց ստանում է փոխհատուցում կամ վճար, որն արտադրության այդ գործոնի (ձեռնարկատիրության) եկամուտն է։ Այդ փոխհատուցումը կամ եկամուտը կոչվում է շահույթ։ Հենց ռեսուրսների սեփականատերը (տնային տնտեսության ներկայացուցիչը) հանդես է գալիս որպես ձեռներեց։ Միևնույն անձը մի կողմից՝ տնային տնտեսության ներկայացուցիչ է, իսկ մյուս կողմից՝ ձեռներեց։ Այդ դեպքում իր ռեսուրսների (կապիտալի, աշխատանքի, հողի) օգտագործման դիմաց ստանում է աշխատավարձ, տոկոս և ռենտա, իսկ որպես ձեռներեց՝ շահույթ։ Տնտեսական գործընթացները ավելի հստակ պատկերացնելու նպատակով ուսումնասիրությունների ժամանակ տնային տնտեսության ներկայացուցիչը պայմանականորեն տարանջատվում է ձեռներեցից։ Միևնույն անձը մի կողմից՝ դիտարկվում է որպես տնային տնտեսության ներկայացուցիչ, իսկ մյուս կողմից՝ որպես ձեռներեց։

Պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական տնտեսությունն ունի մի շարք թերություններ, որոնք բացասաբար են անդրադառնում ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա։ Գոյություն ունեն բազմաթիվ հիմնախնդիրներ (ազգային անվտանգություն, հասարակական կարգուկանոնի պահպանություն և այլն), որոնք հնարավոր չէ լուծել շուկայական տնտեսության սկզբունքներով։ Պետությունը ստանձնում է մի շարք կարևոր տնտեսական, քաղաքական, սոցիալական գործառույթներ, որոնց միջոցով ապահովում է հասարակության նորմալ կենսագործունեությունը։ Այնպես էլ պետական գործառնություններն ունեն իրենց օգտակարությունը, որոնց համար պետք է վճարել։ Այսինքն՝ դրանք նույնպես ունեն իրենց արժեքը (գինը)։ Պետությունը մատուցում է իր ծառայությունները, որի դիմաց հասարակության անդամները վճարում են տարբեր ձևերով, որոնցից հիմնականը հարկերն են։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական տնտեսության բնույթը բացահայտվում է որոշակի գործառույթների միջոցով։

Գնագոյացման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիքի իրական արժեքը (կամ գինը) ձևավորվում է շուկայում արտադրողի (առաջարկի) և սպառողի (պահանջարկի) փոխհարաբերության միջոցով։ Ձևավորված գնի միջոցով կարևորվում է ռեսուրսների բաշխվածությունը տարբեր ոլորտների միջև։

Խթանման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական մրցակցությունը ստիպում է արտադրողներին ռեսուրսներն օգտագործել առավել խնայողաբար և արդյունավետ, ինչն իր հերթին խթանում է գիտատեխնիկական առաջադիմության ներդրումները արտադրության մեջ։ Առավել մեծ եկամուտ ստանալու ակնկալիքով արտադրողները ձգտում են բարելավել արտադրվող բարիքների տեսականին և որակը։ Շուկայի մասնակիցներն անընդհատ կատարելագործում են իրենց մասնագիտական ունակությունները, որովհետև մրցակցության պայմաններում կարող են դուրս մղվել արտադրությունից և հայտնվել գործազուրկի կարգավիճակում։ Հատկապես էական է ձեռներեցների դերը, որոնք մրցակցության ճնշման տակ անընդհատ փորձում են կիրառել նորույթներ, հայտնաբերել բարիքների իրացման նոր շուկաներ, արտադրության կազմակերպման նոր ձևեր և այլն։ Այս ճանապարհով ապահովվում են արտադրության զարգացման բարձր տեմպեր՝ տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման հիմքի վրա։

Միջնորդական գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական տնտեսությունը՝ իբրև հորիզոնական կոորդինացիա, յուրատեսակ համակարգ (կառույց) է՝ տարբեր արտադրողների և սպառողների միջև փոխհարաբերություններ հաստատելու համար։ Շուկայական համակարգի միջոցով կարգավորվում է բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների միջև ինքնաբերական (սպոնտան) համագործակցությունը պահանջարկի և առաջարկի հարաբերակցության, ինչպես նաև գնի փոփոխության հիմքի վրա։ Դրա միջոցով ապահովվում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և բաշխումը արտադրության տարբեր ոլորտների միջև։

Տեղեկատվական (ինֆորմացիոն) գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայում գների, պահանջարկի ու առաջարկի, գործազրկության մակարդակի, աշխատավարձի, տոկոսադրույքի փոփոխությունները այն հիմնական տեղեկություններն են, որոնք հնարավորություն են տալիս բոլոր սուբյեկտներին (տնային տնտեսության ներկայացուցիչներ, գործարարներ, պետական կառույցներ և այլն) ճիշտ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու գործում։ Այդ որոշումները վերաբերում են սպառողներին՝ թե ինչ խմբաքանակի բարիք պետք է գնեն, արտադրողներին՝ ինչ պետք է արտադրեն և, դրան համապատասխան, ինչ ռեսուրսներ պետք է ձեռք բերեն, պետական կառույցներին՝ թե ինչ տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնեն։ Այս տեսանկյունից շուկան կարևոր տեղեկատվական գործառույթ է իրականացնում։

Կարգավորման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերը նշված գործառույթների միջոցով շուկայական տնտեսությունը ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, խթանում է գիտատեխնիկական առաջադիմությունը, նպաստում է պահանջմունքների բավարարման շրջանակների մեծացմանը ինչպես քանակապես, այնպես էլ որակապես։ Այդ ամենով հանդերձ՝ շուկան կարգավորում է տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունները, որի հիմքը գործունեության փոխանակությունն է՝ կառուցված արժեքային ազդակների վրա։

Շուկայի գործունեության սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան որպես տնտեսական համակարգ գործում է որոշակի սկզբունքների հիման վրա։ Շուկայի գործունեության սկզբունքները այն դրույթները և պահանջներն են, որոնց կատարման պայմաններում պետք է տեղի ունենա շուկայի գործունեությունը, այսինքն՝ ձևավորվեն շուկայի սուբյեկտների միջև փոխհարաբերությունները։ Շուկայի սուբյեկտներն են հանդիսանում տնային տնտեսությունները, ֆիրմաները, պետությունը կամ կառավարությունը։ Շուկայի սուբյեկտները հանդես են գալիս վաճառողների և գնորդների, արտադրողների և սպառողների կարգավիճակով։

Շուկայի գործունեության սկզբունքները հնարավորություն են տալիս համակարգել շուկայի սուբյեկտների միջև փոխհարաբերությունները։ Շուկայի գործունեության հիմնական սկզբունքներն են`

  1. շուկայի սուբյեկտների իրավահավասարությունը,
  2. տնտեսական գործունեության ինքնակարգավորումը,
  3. ազատ գնագոյացումը,
  4. պայմանագրային հարաբերությունների ազատությունը,
  5. տնտեսական կամ նյութական պատասխանատվությունը,
  6. սպառողի գերակայությունը վաճառողի կամ արտադրողի նկատմամբ,
  7. ինքնաֆինանսավորումը,
  8. ձեռնարկատիրական գործունեության ազատությունը և այլն։

Շուկայի սուբյեկտների իրավահավասարության սկզբունքն այն է, որ շուկայական գործարքներին մասնակցող բոլոր սուբյեկտները պետք է հավասար իրավունքներ ունենան սահմանված օրենքների և կանոնների նկատմամբ։ Բոլորը պետք է իրավահավասար լինեն, այսինքն՝ օրենքի առջև միևնույն պատասխանատվությունը ունենան անկախ դրանց դիրքից, սեփականության ձևից։ Եթե որևէ մեկը հովանավորվի կամ արտոնյալ վիճակում գտնվի, ապա իրավահավասարության սկզբունքը կխախտվի։

Տնտեսական գործունեության ինքնակարգավորման սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր տնտեսավարող ինքնուրույն կերպով է կազմակերպում, կարգավորում և կառավարում իր ֆիրմայի, ձեռնարկության, տնտեսության գործունեությունը։

Ինքնակարգավորումը նշանակում է, որ յուրաքանչյուրը ինքնուրույն է որոշում «ի՞նչ արտադրել, ինչպե՞ս արտադրել և ու՞մ համար արտադրել»։ Տնտեսության ինքնակարգավորումը իրականացվում է շուկայական տնտեսության օրենքներից ելնելով։

Շուկայի գործունեության կարևոր սկզբունքներից է ազատ գնագոյացումը կամ գների լիբերալացումը։ Սա նշանակում է, որ շուկայում ոչ ոք չպետք է թելադրի կամ որոշի ապրանքների գները։ Գները պետք է ձևավորվեն տարերայնորեն` ելնելով ապրանքների նկատմամբ պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունից, տնտեսական մրցակցությունից և ընդհանրապես տվյալ պահի շուկայական իրավիճակից։

Պայմանագրային հարաբերությունների ազատության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ ազատորեն կարող է պայմանագրային հարաբերություններ ունենալ մյուս տնտեսավարողների հետ։ Յուրաքանչյուրը կարող է ազատորեն ընտրել իր տնտեսական գործընկերոջը կամ կոնտրագենտին, այսինքն՝ ումից ձեռք բերել հումք, նյութեր, անհրաժեշտ միջոցներ, ում վաճառել իր ապրանքները և այլն։ Տնտեսական կամ նյութական պատասխանատվությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր տնտեսավարող պետք է նյութական պատասխանատվություն կրի իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում։ Եթե ֆիրման խախտում է պայմանագրերը այլ ֆիրմաների նկատմամբ, չի կատարում իր պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ, ապա որոշակի պատժամիջոցներ են կիրառվում նրա նկատմամբ։

Շուկայի կարևորագույն սկզբունքն է հանդիսանում սպառողի գերակայությունը արտադրողի կամ վաճառողի նկատմամբ։ Սա նշանակում է, որ շուկայում սպառողը, գնորդը պետք է որոշակի արտոնություն ունենան արտադրողի նկատմամբ, որովհետև արտադրության նպատակը ի վերջո հանդիսանում է սպառողի պահանջմունքների բավարարումը։ Շուկայում գործում է «Սպառողը միշտ ճիշտ է» սկզբունքը։

Ինքնաֆինանսավորման սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր տնտեսավարող իր գործունեությունը պետք է կազմակերպի այնպես, որպեսզի այնքան եկամուտներ ստանա, որը բավարար լինի իր հետագա գործունեությունը ընդլայնելու և կատարելագործելու համար։

Ձեռնարկատիրական գործունեության ազատության սկզբունքը նշանակում է, որ յուրաքանչյուր տնտեսավարող բիզնեսմեն ազատորեն պետք է կարողանա ընտրել գործունեության այն բնագավառները, որտեղ որ նա ցանկանում է ներդնել իր կապիտալը։ Ազատ ձեռներեցությունը հարաբերական նշանակություն ունի, որովհետև պետությունը սահմանում է որոշակի օրենքներ, որոնց միջոցով կարգավորում է ձեռնարկատիրական գործունեությունը։ Եթե շուկան մոնոպոլացված է, ապա ազատ ձեռներեցության սկզբունքը խախտվում է։

Շուկայի գործունեության վերը ներկայացված սկզբունքները շատ հաճախ խախտվում են, հետևաբար պետության խնդիրն այն է, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծի ազատ տնտեսական մրցակցության պայմանները պահպանելու և մոնոպոլիաների գործունեությունը կարգավորելու համար։

Շուկայի կոնյուկտուրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրմայի կարևորագույն խնդիրներից մեկը հանդիսանում է շուկայի կոնյուկտուրայի գնահատումը։ Կոնյուկտուրա բառը նշանակում է միավորում, միացում։ Ոչ մի ֆիրմա չի կարող լուծել իր առջև ծառացած խնդիրներըառանց իրավիճակի գնահատման։ Կոնյուկտուրա ասելով հասկացվում է կոնկրետ շուկայում կոնկրետ ձևավորված իրավիճակ կոնկրետ ժամանակահատվածում։ Կոնյուկտուրան իրենից ներկայացնում է հետևյալ հասկացությունների ամբողջությունը՝

  1. շուկայի բալանսավորվածության աստիճանը, այսինքն առաջարկի և պահանջարկի ամբողջությունը,
  2. շուկայում ձևավորվող կամ նահանջվող տենդենցները,
  3. նրա հիմնական պարամետրերի կամ չափանիշների կայունության կամ տատանողության մակարդակը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
  • Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
  • Թամարա Տոնոյան, Տնտեսագիտության հիմունքներ․ - Երևան, 2003 թ, 142 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուկա» հոդվածին։