Jump to content

Ֆիլիպ Կլոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Կլոդել
ֆր.՝ Philippe Claudel
Ծնվել էփետրվարի 2, 1962(1962-02-02)[1][2][3][…] (62 տարեկան)
ԾննդավայրDombasle-sur-Meurthe
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր, սցենարիստ և վիպասան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՆենսի II-ի անվան համալսարան, Ֆրանսիա (2010)[4]
Ուշագրավ աշխատանքներBrodeck's Report?
ԱնդամակցությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա
ԱշխատավայրUL?
Պարգևներ
 Philippe Claudel Վիքիպահեստում

Ֆիլիպ Կլոդել (փետրվարի 2, 1962(1962-02-02)[1][2][3][…], Dombasle-sur-Meurthe), ֆրանսիացի գրող և կինոռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Կլոդելը ծնվել է Լոթարինգիայում, Դոմբալ-սյուր-Մյորտում, 1962 թվականին։ Սովորել է Լյունևիլի լիցեյում, որն ավարտելուց հետո երկու տարի ապրուստի միջոցներ է հայթայթել պատահած աշխատանքը կատարելով։ 1983 թվականին ընդունվել է Նանսիի համալսարանը, ուսումնասիրել գրականություն, արվեստի և մասնավորապես կինեմատոգրաֆի պատմություն։ Բուհն ավարտելուց հետո ատենախոսություն է պաշտպանել, քննություն հանձնել ագրեժեի կոչում ստանալու համար։ Երկար տարիներ ֆրանսերեն է դասավանդել քոլեջում, լիցեյում, հիվանդանոցներում (հիվանդ երեխաներին)։ 12 տարի դասավանդել է Նանսիի բանտում, 4 տարի՝ հաշմանդամ երեխաների համար նախատեսված հատուկ կրթօջախում:Աշխատանքային այս ոչ դյուրին փորձը ստիպել է նրան վերանայել կյանքի, մարդկության, մարդկայնության մասին իր պատկերացումները, նվիրվել գրական աշխատանքի։ Իր առաջին վեպը հրատարակել է 1990 թվականին, միաժամանակ սկսել է կինոսցենարներ գրել։ Շուրջ 30 գրքերի հեղինակ է, որոնցում զետեղված են վեպեր, նորավեպեր, բանաստեղծություններ։ Արժանացել է գրական բազում մրցանակների, այդ թվում՝ Ռենոդոյի մրցանակի։

2001 թվականից միաժամանակ դասախոսում է Լոթարինգիայի համալսարանում։

2008 թվականին Ֆիլիպ Կլոդելը իր ուժերը փորձում է կինոռեժիսուրայի ասպարեզում։ «Ես այնքան վաղուց եմ քեզ սիրում» կինոնկարը թեև նրա առաջին ֆիլմն էր, բայց միանգամից արժանացավ երկու «Սեզար»-ի, Բեռլինի կինոփառատոնի երկու պարգևների, մի շարք այլ մրցանակների։

2011 թվականից Ֆիլիպ Կլոդելը ընդգրկված է Գոնկուրյան ակադեմիայի կազմում։

Այս ամենի հետ մեկտեղ սիրում է զբաղվել գեղանկարչությամբ, գեղարվեստական լուսանկարչությամբ, ձկնորսությամբ։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն լրացել էր Ֆիլիպ Կլոդելի 37 տարին, երբ նա լույս ընծայեց իր առաջին վեպը՝ Meuse l'oubil-ը, որտեղ պատմում է սիրած կնոջը կորցրած մի տղամարդու ապրումների և այն մասին, թե ինչպես է նա աստիճանաբար սովորում ապրել այդ կորստի զգացողությամբ։ Վեպն արժանացավ երկու մրցանակի։

2002 թվականին տպագրած Le bruit des trousseaux վիպակում արտացոլվել է Կլոդելի բանտային աշխատանքի փորձը։ Մինչ այդ նա հասցրել էր ֆրանսիական հեռուստատեսության և Մորիս Պենյոլի մրցանակների արժանանալ 2000 թվականին հրատարակած իր երկու նոր վեպերի համար։ Բայց առավել մեծ համբավ ձեռք բերեց 2003 թվականին տպագրած «Գորշ հոգիներ» վեպով, որի գործողությունները ծավալվում են առաջին համաշխարհային պատերազմի խորապատկերի վրա, տասնամյա մի աղջնակի սպանության շուրջը։ Դետեկտիվի տարրը այստեղ երկրորդ պլան է մղված, գլխավորը փոքրիկ քաղաքի բնակիչների հոգիների ուսումնասիրումն է։ Նրանց մեջ չկան «սևեր» կամ «սպիտակներ», այլ կան միայն «գորշեր»։ Գրքի վերնագրի իմաստը բացահայտվում է երկրորդական կերպարներից մեկի հետևյալ խոսքերում. «Գարշելիներ, սրբեր...Էդպիսիների ես չեմ տեսել և ոչ մի անգամ։ Ախր ոչինչ չի լինում լրիվ սև կամ լրիվ սպիտակ։ Շահողը միայն գորշն է։ Մարդկանց ու նրանց հոգիների հարցում էլ նույնն է։ Եվ դու էլ ճիշտ ու ճիշտ մեզ նման մի գորշ հոգի ես»։

2005 թվականին լույս տեսած «Պարոն Լինի զավակը» վեպը ժամանակակից բանաստեղծական հեքիաթի նմուշ է։

2007 թվականին տպագրված «Իմ անունը Բրոդեկ է» վեպի համար Ֆիլիպ Կլոդելն արժանացել է Գոնկուրյան մրցանակի։

2010 թվականին հրատարակված l'Enquete վեպը յուրօրինակ առակախոսություն է կաֆկայական, հակամարդկային, գերտեխնոլոգացված հանրույթի մասին։ Ինչպես հենց ինքը՝ Կլոդելն է ասում, գրականության մեջ նրա ուղին աստիճանաբար փակվող մի շրջանակի է նման. պատանության տարիներին՝ լեգենդներ ու հեքիաթներ, հետո՝ անցում վեպերի ու նորավեպերի, այնուհետև՝ առասպել ու առակախոսություն։ Իր ստեղծագործություններում նա արծարծում է բարդ, ծանր թեմաներ. պատերազմ, մահ, սպանություն, բանտարկություն... Սակայն չի սիրում, երբ իրեն համարում են մռայլ հոռետես, հատուկ ընդգծում է, որ իր ստեղծագործություններում հույսի շողերը միշտ կան ու կան։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008: Il y a longtemps que je t’aime («Ես այնքան վաղուց եմ քեզ սիրում»)
  • 2011: Tous les soleils
  • 2013: Avant l’hiver («Ձմռան շեմին»)
  • 2015: Une enfance

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլիպ Կլոդել Internet Movie Database կայքում
  • TERRENCE RAFFERTY (2006 թ․ հուլիսի 2). «One Death Among Many». The New York Times.
  • Boyd Tonkin (2009 թ․ փետրվարի 20). «Double vision: Philippe Claudel is flying high in both fiction and film». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  • «Биография на сайте Гонкуровской академии» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  • «Библиография на сайте Гонкуровской академии» (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  • «Интервью газете «Фигаро»» (ֆրանսերեն). Le Figaro. 2006. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  • «Интервью в журнале «Экспресс»» (ֆրանսերեն). L’Express. 2010. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Կլոդել» հոդվածին։