Ֆանտա Ռեգինա Նակրո (անգլ.՝ Fanta Regina Nacro, սեպտեմբերի 4, 1962(1962-09-04), Tenkodogo, Բուրկինա Ֆասո), բուրկինացի ժամանակակից կինոռեժիսոր։ Համարվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանած առաջին կին ռեժիսորը Բուրկինա Ֆասոյում։ Ռեժիսորների ու պրոդյուսերների աֆրիկյան գիլդիայի (Guilde Africaine des Realisateurs et Producteurs) հիմնադիր անդամներից մեկն է[1]։ Նա մի արվեստագետ է, ով իր ստեղծագործություններում արծարծում է հասարակությանը հուզող սուր թեմաներ, ինչպես, օրինակ, ՁԻԱՀ-ի, աղջիկ երեխաների կրթության հետ կապված հիմնախնդիրները[2]։ Ֆանտա Ռեգինա Նակրոն «Աֆրիկյան նոր ալիքի» ներկայացուցիչներից է, որի ստեղծած կինոնկարներում արտացոլված է պայքարն ավանդականի ու արդիականի միջև ժամանակակից աշխարհում։
Ծնվել ու հասակ է առել գյուղական շրջապատում։ Պատանեկան երազանքն էր՝ դառնալ մանկաբարձուհի։ Ֆիլմ նկարահանելու ցանկությունը նրա մեջ ծնունդ է առել Բուրկինա Ֆասոյի պատմության ուշագրավ դրվագների մասին ավանդազրույցների ազդեցության տակ։ Հարևաններից տեղեկանալով Բուրկինա Ֆասոյում կինոդպրոցի գոյության մասին՝ նպատակադրվել է միջնակարգն ավարտելուց հետո ուսումը շարունակել այնտեղ։ Ընդունվել է մայրաքաղաք Ուագադուգուում գործող կինեմատոգրաֆիական կրթության ինստիտուտ (Institut d'Education Cinématographique de Ouagadougou, INAFEC)[3]: Այստեղ ուսանելու տարիներին հանդիպել է բուրկինացի անվանի կինոռեժիսորԻդրիսա Ուեդրաոգոյին, ում հետագայում աշխատակցել է որպես նրա ֆիլմերի խմբագիր[3]։ INAFEC-ն ավարտել է 1986 թվականին՝ ստանալով տեսաձայնային գիտությունների ու տեխնիկայի մասնագետի որակավորում[3]։ Ֆանտա Ռեգինա Նակրոն հետագայում ավարտել է նաև Սորբոնի հեղինակավոր համալսարանը (կինոյի և տեսաձայնային ուսմունքների մագիստրոսի աստիճանով)։
↑ 3,03,13,2Bisschoff, L. (2012). "The emergence of women's film-making in francophone sub-Saharan Africa: From pioneering figures to contemporary directors". Journal of African Cinemas,4(2), 157–173.
↑Ellerson, Beti. Sisters of the Screen: Women of Africa on Film, Video, and Television. Trenton, NJ: Africa World, 2000. Print.