Կիսաթուփ է, որն ունի 75-150 սմ բարձրություն և մերկ փայտացող ցողուններ։ Հերթադիր տերևները, որոնք խիտ դասավորված են ուղիղ, վերին մասում ճյուղավոր ցողունի վրա, փետրաձև բաժանված են գծային թելանման մասերի։ Փոքր գնդաձև զամբյուղներում հավաքված են դեղնավուն ծաղիկները, որոնք ճյուղերի վերին հատվածներում առաջացնում են խիտ նեղ հուրանաձև ծաղկաբույլեր։ Զամբյուղներում եզրային ծաղիկները իգական են, մյուսները՝ երկսեռ։ Պտուղը փոքր հարթ սերմիկ է[1]։
Վերգետնյա մասը՝ առանց ստորին փայտացող հատվածների, պարունակում է սուր յուրահատուկ հոտով եթերային յուղ (մինչև 0,6 %), որի կազմի մեջ մտնում են ցինեոլ և այլ տերպեններ, դաբաղանյութեր, քլորոգենային թթու, սրճաթթու, խեժ, ալկալոիդ աբրոտանին և այլն։ Չորացրած տերևներն օգտագործում են որպես համեմունք, իսկ եթերային յուղը կիրառում են օծանելիքի արտադրության մեջ և լիկյորներ պատրաստելիս[1]։