Jump to content

Քառասնից Մանկանց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քառասնից Մանկաց (այլ կիրառումներ)
Քառասնից Մանկանց վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Լոռու մարզ, Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ներկա վիճակԿիսավեր
Կազմված էԱղբյուր նավաքարով, Գավիթ-ժամատուն, Գերեզմանոց, Գերեզմանոց, Եկեղեցի և Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1256
Քարտեզ
Քարտեզ

Քառասնից Մանկանց վանք, 13-րդ դարի հայկական առաքելական վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ Դեբետի կիրճի աջակողմյան զառիթափ լանջի «Տախտեր» կոչվող վայրում։ Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1241-1256 թվականներին։

Քառասնից Մանկանց վանքը կոչվել է ի հիշատակ 4-րդ դարում նահատակված քառասուն հայ պատանիների (Քառասուն մանկունք կապակցության մեջ մանուկ բառն օգտագործված է պատանի, զինվոր իմաստներով), որոնք Լիկիանոս կայսեր օրոք ծառայել են Սեբաստիայի կայսերական գնդում[2]։ Հրաժարվելով ուրանալ իրենց քրիստոնեական հավատը՝ նրանք ձմռանը նետվել են սառած լիճը և նահատակվել՝ չգայթակղվելով մոտակա տաք բաղնիք գնալու մտքով[3][4]։ Հետագայում սրբերի մասունքների վրա Սեբաստիայում կառուցվել է Քառասնից մանկանց վանքը, որը կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը[5], իսկ Սահակ Պարթև կաթողիկոսը հայոց առաջին տոնացույցում՝ «Կանոնք ընթերցվածոց»-ում, ընդգրկել է «Յիշատակ Քառասնիցն» տոնը մարտի 9-ին[6]։ 470-ական թվականների վերջին կամ 480-ական թվականների սկզբներին Հովհան Մանդակունի կաթողիկոսը տոնացույցի խմբագրման ժամանակ Մեծ պասի կիրակիներից առաջ սահմանել է սրբերի հիշատակի օրեր՝ Քառասնից մանկանց տոնը տեղադրելով հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ այն վերածելով շարժականի[2][7]։

Քառասնից Մանկանց անունով մի շարք եկեղեցիներ ու վանքեր են եղել Արևմտյան Հայաստանում, այդ թվում՝ Սեբաստիա քաղաքում, Խարբերդի, Դերսիմի գավառներում, Կարինում և այլն[8], իսկ Արևելյան Հայաստանում, բացի Դսեղ գյուղի հարևանությամբ եղած եկեղեցին, նույն անունը կրող եկեղեցի կա նաև Օշականի մոտ, որն առավել հայտնի է որպես Մանկանոց Սբ. Սիոն[2][9]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, կացարաններից, օժանդակ շինություններից, որոնցից պահպանվել են չնչին մնացորդներ։ Հիմնական կառույցը ուղղանկյուն հատակագծով (11x8 մ) գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին է, որի գմբեթը և կիսագլանաձև թաղածածկի մեծ մասը չեն պահպանվել։ Խարխլված և կիսաքանդ վիճակում են պատերը, թաղերը, գմբեթակիր կամարները։ Վերջիններս խաչաձև հատվում են միմյանց հետ, ինչով եկեղեցին նման է Սանահինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն[10]։ Ավանդատները կրկնահարկ են, երկայնական ձգվածությամբ, և արևելյան կողմում ավարտում են կիսաշրջանաձև խորշերով։ Առաջին հարկի մուտքերը բացվում են աղոթասրահից, իսկ երկրորդ հաարկինը` բեմից։ Որմնամույթերը 1,5 մ դուրս են գալիս երկայնական պատերից և ավարտվում են կիսասյուներով։ Միակ մուտքը եղել է արևմուտքից, ունեցել է հարուստ զարդաքանդակներով եզրակալ։ Պատերը հարուստ են արձանարություններով, խաչապատկերներով։ Հարավային և արևելյան կողմերում ան հետաքրքիր քանդակներով խաչքարեր։ Տարածքում թափված են պատերի շատ բազմաթիվ բեկորներ, քանդակազարդ քարեր։ Հարավային ավանդատան մուտքի արձանագրությունից պարզվում է, որ ավանդատունը կառուցել է ոմն Դավիթ` 1241 թվականին[10] (ինչպես երևում է եկեղեցու առանձին մասեր կառուցվել են առանձին նվիրատվություններով)։ Բայց կեղեցու մուտքի ճակատակալ քարի արձանագրությունն ասում է, որ 1256 թվականին եկեղեցին օրհնել է Հաղպատի վանահայր Համազասպը։

Ունեցել է ժամատուն, որը չի պահպանվել, սակայն պահպանվել է արձանագրություն ժամատան կառուցողի մասին` այն կառուցել է ոմն Խաչատուր «Ողորմութեամբն Ատուծոյ ես Խաչատուր ծառայ Աստուծոյ շինեցի զժամատունս և սալեցի զեկեղեցիս...»[11]:

Արձանագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Եկեղեցու արևմտյա ն մուտքի ճակատակալ քարին առկա է 8 տող արթանագրություն.

  1. Ի ԹՎԻՍ ՉԵ (1256)։
  2. ՈՂՈՐՄՈՒԹ[ԵԱՄ]ԲՆ ԱՅ ԵՍ ՏՐ ՀԱՄԱ
  3. ՁԱՄՊ, ԱՈԱՋՆՈՐԴ ՍԲ ՈՒԽՏԻՆ ՀԱՂԲԱՏԱ,
  4. ԱՒՐՀՆԵՑԻ ԶԷԿԵՂԷՑԻՍ ԵՒ ՏՎԻ ԶԴՍԵՂ ԺՈՂՈՎՈՒ
  5. ՐԴ ԿԱՄԱԿՑՈՒԹ[ԵԱՄ]Բ ՀԱՂԲԱՏԱ ՄԻԱԲԱՆՑՆ, ԱՈԱՋՆՈՐԴ
  6. ՈՒԹ[ԵԱՄ]Բ Գէ[Ո]Ր[Գ] Վ[ԱՐ]ԴԱ[ՊԵՏԱՅ] :ԱՐԴ, ԵԹԷ ՈՔ ՅԱՈԱՋՆՈՐԴԱՑ ԿԱՄ ՅԻՇԽ
  7. ԱՆԱՑ ՀԱԿԱՈԱԿԻ ԵՒ ՀԱՆԷ ՅԷԿԵՂԷՑՈՅՍ՜ ԵՂԻՑԻ ՆԶՈՎ
  8. ԵԱԼ ՅԻՆԵՆ ՅԺԸ (318) ՀԱՅՐԱՊԵՏԱՑՆ. ԵՂԻՑԻ. ԵՂԻՑԻ։ ԱՄԷՆ։

Համաձայն արձանագրության Հաղպատի վանքի միաբանության առաջնորդ Գևորգ վարդապետի ցանկությամբ 1256 թվականին Տեր Համազասպը օրհնեց եկեղեցին և տվեց Դսեղի ժողովրդին։

2. Եկեղեցու հարավային պատին, երկու քարի վրա, պատի տարբեր հատվածներում առկա է 5 տող արձանագրություն.

  1. ԿԱՄԱՒՔՆ ԱՅ ԵՄ ԴԱՒԻԹ ԽԱՐԱԶ, ՄԻԱԲԱ[ՆԵՑԱ ԵՒ ԻՄ ՀՈԳՈ]
  2. ՊԱՇԱՐՆ ԵՏՈՒ ՅԵԿԵՂԵՑՈՅՍ ՇԻՆՈՒԹԻ[ՒՆ]Ս Ե[Ւ ՄԻԱԲՆ]
  3. ԱՆՔՍ ԸՆԿԱԼԱՔ ԵՒ ՀԱՍՏԱՏԵՑԱՔ ԱՄԱ ԶԴ[ԱՒԹ]
  4. Ա ՏԱՒՆ[Ի]Ն ԶԱՄԷՆ ԵԿԵՂԵ[Ց]ԻՔՍ։ ՈՎ ԽԱՓԱՆԷ' ԻՄ [ՄԵՂԱՑՍ ՏՐ]
  5. է ԱՈԱՋԻ ԱՅ , ՅԺԸ (318) ՀԱ[Յ]ՐԱՊԵՏԱՑ ՆԶՈՎՍ ԱՌ[Ցէ]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Հասմիկ Աբրահամյան, Միջինքի և Սեբաստիայի Քառասնից Մանկանց տոները հայոց եկեղեցական և ժողովրդական տոնացույցերում
  3. Մ. Աւգերեան. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, հ. Բ, Վենետիկ, 1811, էջ 482–510։
  4. Հ. Յովհաննիսեան. Սեբաստիոյ Քառասուն մանկանաց կտակը.– «Բազմավէպ» (Վենետիկ), 1928, թիւ 4, էջ 99–108:
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, կազմեցին՝ Թ. Հակոբյան և ուրիշներ, Երևան, 2001, էջ 305։
  6. Ռ. Վարդանյան. Հայոց տոնացույցը (4–18-րդ դդ.), Երևան, 1999, էջ 41։
  7. Ռ. Վարդանյան. Հայոց տոնացույցը (4–18-րդ դդ.), Երևան, 1999, էջ 104–106:
  8. Ղևոնդ Ալիշան. Նշմարք հայկականք, պր. Ա, Վենետիկ, 1910, էջ 11, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 305–306:
  9. Դիվան հայ վիմագրության, պր. IX, էջ 360, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 305։
  10. 10,0 10,1 Գուգարքի վանքերը / Գրեց Հ. Հ. Ոսկեան. - Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1960։
  11. Շախկյան, Գառնիկ (Երևան Հայաստան). Լոռի, պատմության քարակերտ էջերը. 1986.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 7.35/40