Jump to content

Քաղաքացիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր

Քաղաքացիություն, պետության և անձի միջև կայուն իրավական կապը, որի ուժով պետությունը և անհատը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Քաղաքացիությունը սահմանադրական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է և հիմնականում իր ամրագրումն է գտնում պետության սահմանադրության մեջ, սահմանադրական ակտերում կամ այլ նորմատիվ իրավական ակտերում։ Քաղաքացիությունը հանդես է գալիս որպես պետության և նրան հպատակ անձանց միջև փոխհարաբերություն։ Պետությունը ճանաչում և երաշխավորում է անձանց իրավունքներն ու ազատությունները, իր սահմաններում պաշտպանում է իր քաղաքացիներին։ Քաղաքացիներն էլ, իրենց հերթին, ենթարկվում են օրենքներին ու պետության կարգադրագրերին, կատարում են իրենց պարտականությունները։ Այս իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը կազմում է քաղաքացու քաղաքական-իրավական կարգավիճակը, պետության տարածքում նրա կարգավիճակի տարբերությունը քաղաքացիություն չունեցող անձանց ու օտարերկյա քաղաքացիների կարգավիճակից։

Պետության ինքնությունն արտահայտող առանցքային տարրը դա քաղաքացիության ինստիտուտն է։ Իսկ քաղաքացիությունն առանց բնակչության տարրի առկայության ուղղակի բացառվում է։ Ցանկացած պետության տարածքում բնակվում է մարդկանց ամբողջություն, որը կազմում է պետության բնակչությունը, որի էական մասը կազմում են տվյալ պետության քաղաքացիները։ Քաղաքացիության ինստիտուտի արմատները գնում են դեպի Հին Հունաստան։ Սկսած Արիստոտելից, տեսաբաններն արդեն տարբերություն էին դնում պետության քաղաքացիների և սուբյեկտների միջև։ Արդեն կիրառելի էր «քաղաքացի» հասկացությունը, որը բառացի նշանակում էր «քաղաքի բնակիչ»։ Քաղաքացի էին անվանում այն անձանց, ովքեր ունեին ձայնի իրավունք, ովքեր համարվում էին ազատ մարդիկ։ Հաճախ նման անձնավորություններն իրենց դրսևորում էին քաղաքականության մեջ և զգալի դիրք ունեին հասարակությունում։ Ընտրելու իրավունք ձեռք բերելու համար անձը պետք է ճանաչվեր իր հայրենակիցների կողմից և վայելեր հասարակության հարգանքը։ Կանայք և ստրուկները քվեարկելու իրավունք չունեին, ուստի նրանք չունեին քաղաքացու կարգավիճակ։ Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում գոյություն ուներ հպատակության ինստիտուտը, որի իմաստը` բնակչության ենթակայությունը, պատկանելությունն էր միապետին։ Սահմանադրական միապետություններում քաղաքացությունը, որը փոխարինելու եկավ հպատակությանը, հանդիսացավ հասարակության բոլոր անդամների իրավահավասարության սկզբունքի կարևոր դրսևորումներից մեկը:1 Երկար ժամանակ միապետական կառավարման ձև ունեցող պետություններում անձի և պետության միջև փոխհարաբերությունները բնորոշվում էին հպատակությամբ, այսինքն՝ անձի և միապետի, այլ ոչ թե ողջ պետության միջև կապով։ Ներկայումս միապետական կառավարման ձև ունեցող երկրների մեծամասնությունը հրաժարվել է այս կոնցեպցիայից, և այժմ հպատակության ինստիտուտը փոխարինվել է քաղաքացիության ինստիտուտով[1]։

Քաղաքացիություն ստանալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիությունը զգայուն խնդիր է, և քաղաքացիություն ունենալը երկրի պատկանելության և ինքնորոշման դրսևորում։ Հետևաբար զարմանալի չէ, որ քաղաքացիության հարցի շուրջ տարաձայնությունները կարող են հաճախ հանգեցնել լարվածության և բախումների, ինչպես պետությունների ներսում, այնպես էլ նրանց միջև։ Քսաներորդ դարի ընթացքում աշխարհով մեկ գրանցվել է քաղաքացիություն չունեցող անձանց առաջացման աճ, սակայն նկատվել է նաև մարդու իրավունքների մասին տեղեկացվածության բարձրացում և դրանց պահպանում։

Այսպիսով, միջազգային քաղաքացիական իրավունքը զարգանում է երկու ուղղություններով ՝ քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանություն և աջակցում, կամ քաղաքացիություն չունեցող անձանց իրավիճակի կանխում։

Ո՞վ է որոշում ՝ անձը երկրի քաղաքացի է, թե ոչ։ Ընդհանրապես, քաղաքացիություն ունենալու հարցը դրվում է ցանկացած երկրի ներքի օչենսդրության վրա։ Այնուամենայնիվ, պետության ներքին որոշումները կարող են սահմանափակվել այլ պետությունների գործողություններով կամ միջազգային իրավունքով[2]։ Այս ամենը հաստատվեց 1930 թ.-ի Հագայի կոնվենցիայով։ Այն մշակվել է Ազգերի լիգայի վեհաժողովի հովանու ներքո, դարձավ, որը բոլոր մարդկանց համար քաղաքացիություն ապահովելու առաջին միջազգային փորձը։ Կոնվենցիայի 1-ին հոդվածում ասվում է.

«Յուրաքանչյուր պետություն, իր օրենսդրությանը համապատասխան, որոշում է, թե ովքեր են իր քաղաքացիները։ Այս որոշումը պետք է ճանաչեն

այլ պետություններն այնքանով, որքանով այն համապատասխանում է միջազգային կոնվենցիաներին, սովորույթներին և միջազգային իրավունքի սկզբունքներին»։

Այլ կերպ ասած, այն ձևը, պետությունը քաղաքացիություն տալու իր որոշման իրավունքը, պետք է համապատասխանեցնի միջազգային իրավունքի դրույթներին։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածում ասվում է.

«Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք։ Ոչ մեկ չպետք է կամայականորեն զրկվի իր քաղաքացիությունը կամ փոխի այն»[2]։

Ո՞վ է քաղաքացի։ Ո՞վ է քաղաքացիություն չունեցող մարդ։

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի համաձայն, երկրի քաղաքացի լինելը նշանակում է, որ անձը պատկանում է քաղաքացու սահմանմանը `սահմանված պայմաններին համապատասխան

պետության քաղաքացիական օրենսդրության մեջ, կամ, որ նա քաղաքացիություն է ստացել իրավասու մարմինների որոշմամբ։ Մարդկանց մեծամասնությունը համարվում է քաղաքացիներ `համաձայն մեկ պետության օրենքների, մի պետության, որտեղ նրանք գտնվում են ծնվել են, կամ որոնց ծնողները այդ ժամանակ տվյալ երկրի քաղաքացի են:Այն անձինք, ովքեր, օրենքին համապատասխան, իրավունք ունեն ներկայացնելու քաղաքացիության դիմումները, սակայն, որոնց դիմումները մերժվել են, չեն կարող դառնալ տվյալ պետության քաղաքացիներ[2]։

Քաղաքացիություն կարելի է ստանալ տարբեր եղանակներով․

  • Ֆիլիացիա, քաղաքացիություն ստանալը ըստ ծննդի, ծննդյան փաստով։ Տարբերում են ֆիլիացիայի երեք ձև․
  1. Արյան իրավունք կամ քաղաքացիություն ստանալը ծնողների ամուսնությամբ․ երեխան համարվում է տվյալ պետության քաղաքացի, եթե նրա ծնողներն այդ պետության քաղաքացի են՝ անկախ նրանից, թե որտեղ է ծնվել,
  2. Հողի իրավունք․ երեխան ստանում է պետության քաղաքացիություն, եթե ծնվում է այդ երկրի տարածքում։ Ծննդյան փաստը հավաստող փաստաթղթերը հավաստում են նաև քաղաքացիությունը։ Քաղաքացիության սահմանափակումն ու քաղաքացիությունից հրաժարվելն անթույլատրելի են։
  3. Ժառանգությամբ․ սա հազվադեպ հանդիպող տեսակ է, ամրագրվել է եվրոպական մի քանի երկրների օրենսդրության մեջ։ Այսպես, մինչև 1940 թվականի հուլիսի 17-ը Լատվիայի քաղաքացի եղած անձինք քաղաքացիության իրենց իրավունքը տվեցին ժառանգներին։ Եթե երեխայի՝ Լատվիայի հանրապետութան քաղաքացի հանդիսացող ծնողները իրավաբանորեն մահացել են մինչև նրա ծնվելը։ Նորածնի քաղաքացիությունն այդ դեօքում կախված է 1940 թվականի հուլիսի 17-ին նրա նախնիների կարգավիճակից։ Այսպիսի պրակտիկա կա նաև Ռումինիայում։
  • Նատուրալիզացիա, հազվադեպ հանդիպող եղանակ, երբ անձը քաղաքացիություն է ձեռք բերում իր ցանկությամբ։ Քաղաքացիություն ստանալու համար այսպիսի դեպքերում անձ պետք է բավարարի որոշակի պահանջների, օրինակ՝ լեզվի իմացություն։ Նատուրալիզացիայի շրջանակներում երբեմն առանցնացնում են․
  1. գրանցում․ անձին քաղաքացիություն տալը զուտ դիմումի հիման վրա՝ առանց լրացուցիչ պահանջների,
  2. քաղաքացիության նվիրում․ երբ անձին պետության ղեկավարը քաղաքացիություն է շնորհում նրա մատուցած ինչ-որ ծառայությունների դիմաց,
  3. ընտրություն․ պետությունների սահմանների փոփոխության ժամանակ անձին հնարավորություն է տրվում ընտրելու իր քաղաքացիությունը։ Այս հարցը կարգավորվում է միջազգային պայմանագրերով,
  4. փոփոխում․ երբ մի պետության բնակչությանը տեղափոխում են այլ պետության տարածք։ Անձը ստանում է այն պետության քաղաքացիությունը, որի տարածքում ապրում է։

Քաղաքացիությունը վերականգնելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեինտեգրացիան միջազգային տերմին է, որը նշանակում է նախկինում քաղաքացիություն ունեցած, բայց այն կորցրած անձի քաղաքացիության վերականգնումը։ Ռեինտեգրացիայի իմաստն ավելի շատ դրսևորվում է դրա ընթացակարգում։ Այն երբեմն ամրագրվում է հատուկ օրենքներում, երբեմն էլ պետության ընդհանուր օրենսդրության մեջ։ Ռեպատրիացիան հայրենիք վերադառնալն է։ Տերմինը հաճախ վերաբերում է ռազմագերիներին, արտագաղթյալներին, փախստականներին, որ հայրենիք են վերադարձել վտանգավոր կամ սպառնալից իրավիճակում ապրելուց հետո։

Քաղաքացիության դադարեցումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների մեծամասնության օրենսդրությունը ընձեռում է քաղաքացիությունը դադարեցնելու հնարավորություն։

  • քաղաքացիությունից հրաժարվելը անձի կողմից ինքնակամ հրաժարումն է քաղաքացիությունից։
  • քաղաքացիությունից զրկելը պետության ցանկությամբ անձին զրկելն է քաղաքացիությունից,
  • քաղաքացիությունը փոխելը անցումն է մի պետության քաղաքացիությունից մեկ այլ պետության քաղաքացիությանը։ Օրինակ՝ ռուսական ժամանակակից օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն միայն երկքաղաքացիները, ինչպես նաև այն անձինք, որոնց բնակվելու տարածքը մի պետությունից անցնում է մյուսին։

Ապատրիդներ և բիպատրիդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական իրավունքում առանձնացվում են այնպիսի իրավիճակներ, երբ անձը կարող է ունենալ մի քանի երկրի քաղաքացիություն կամ չունենա ոչ մի երկրի քաղաքացիություն։

  • Ապատրիդ․ այն անձն է, որ օրենքով սահմանված կարգով չունի ոչ մի երկրի քաղաքացիություն։
  • Բիպատրիդ․ այն անձն է, որն օրենքով սահմանված կարգով ունի երկու երկրի քաղաքացիություն, այլ կերպ ասած՝ երկքաղաքացին։ Բիպատրիդ են կոչվում նաև մեկից ավելի երկրի քաղաքացիություն ունեցող ունեցող անձը։

Քաղաքացիությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-16, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում`

ա) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը.

բ) հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն։»։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «տարին լրանալը» բառերից հետո լրացնել «նաև» բառով։

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում «2006 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2009 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

3) որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ.

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները։»։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մշակած Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը։»։

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 131-րդ հոդվածով.

Հոդված 13. Երկքաղքացիություն

Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն։

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն։

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին։

Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։»[3]։

Պետական մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիության մասին օրենքը հստակ սահմանում է այն պետական մարմինների ցանկը, որոնք զբաղվում են քաղաքացիության վերաբերյալ գործերով, ամրագրում վերջիններիս լիազորությունները։ Այս մարմինների շարքում ամենաշատ լիազորություններն ունի ՀՀ Նախագահը։ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ Նախագահն օրենքով սահմանված կարգով լուծում է ՀՀ քաղաքացիության հետ կապված հարցերը։ Մնացած մարմինները, այդ թվում՝ ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը, Կառավարությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, կատարում են միայն նախապատրաստական գործողություններ։ Քաղաքացիությանը վերաբերող դիմումներն ու միջնորդությունները ներկայացվում են գրավոր՝ անձի բնակության վայրի ոստիկանական ծառայության պետին։ Դրանք քննարկվում են վեցամսյա ժամկետում։ Քաղաքացիությունը համարվում է ձեռքբերված Նախագահի կողմից համապատասխան հրամանագրի հրապարակման պահից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սարգսյան, Լիլիթ. ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՏԱՐՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ.
  2. 2,0 2,1 2,2 Гражданство и безгражданство.
  3. «ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքացիություն» հոդվածին։